Թարգմանիչի էթիկետ
Օտարերկրյա գործընկերների հետ բազմաթիվ շփումները սովորական են դարձել մեր առօրյայում: Երբեմն, հատկապես, երբ խոսքը սովորական զրույցի մասին է, և այն տեղի է ունենում միջազգային տարածված լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, մասնակիցները կարող են «յոլա գնալ» առանց թարգմանչի: Սակայն եթե սովորական շփումից պետք է անցնել կնքվող պայմանագրի յուրաքանչյուր կետի մանրամասն ուսումնասիրությանն ու քննարկմանը, բավականին հաճախ գործնական հանդիպումների ժամանակ հարկ է լինում դիմել թարգմանիչների օգնությանը: Ոչ ճիշտ թարգմանված բառը, նախադասությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի վնասների այս կամ այն կողմի համար, զանազան տհաճ իրավիճակներ ստեղծել:
Որպես կանոն` կողմերից յուրաքանչյուրն իր խմբի կազմում ունենում է սեփական թարգմանիչը (թարգմանիչները): Գործնական հանդիպումների ժամանակ թարգմանիչը յուրօրինակ իրավիճակում է հայտնվում: Մի կողմից` նրա ծառայություններն անհրաժեշտ են, հետեւաբար` նա բանակցությունների պարտադիր մասնակից է: Մյուս կողմից` նրա ներկայությունը պետք է աննկատ լինի, քանի որ նա բանակցությունների անմիջական մասնակիցը չէ, այլ միայն «գործիք», որի օգնությամբ միջազգային գործնական բանակցություններն ավելի արդյունավետ են ընթանում:
Թարգմանիչն իրավունք չունի գործնական հանդիպման ժամանակ սեփական մտքերն արտահայտելու, սակայն նա պարտավոր է բացարձակ ճիշտ փոխանցել ոչ միայն ասվածի իմաստը, այլեւ, ըստ հնարավորի, փոխանցել նաեւ խոսողի հուզական երանգը, խոսողի ոճը, նույնիսկ նրա խոսքի տեմպը:
Գործնական հանդիպումների մասնակից գործարարները պետք է հաշվի առնեն թարգմանչի աշխատանքի բարդությունը: Էթիկայի կանոնները պահանջում են, որ խոսողներն օգտագործեն կարճ արտահայտություններ, որոնք հնարավորինս պարզ պետք է ձեւակերպվեն: Անհրաժեշտ է խուսափել դարձվածքներ, առած-ասացվածքներ օգտագործելուց, քանի որ միայն չափազանց գիտակ թարգմանիչը կարող է հանպատրաստից թարգմանել տվյալ դարձվածային միավորը ճիշտ համարժեքով:
Երբեմն թարգմանիչը կարող է չհասկանալ ասվածի իմաստը և այն սխալ կամ թերի թարգմանել: Լինում են դեպքեր, երբ նա փորձում է իր համար ճշտել ասվածը: Երկու դեպքում էլ խոսողը չպետք է դժգոհություն արտահայտի, թարգմանչին նկատողություն անի, քանի որ դա կարող է նյարդայնացնել թարգմանչին, ինչն էլ կանդրադառնա նրա աշխատանքի վրա:
Գործնական հանդիպումների ժամանակ թարգմանիչը գտնվում է այն մարդու ձախ կողմում, որի խոսքը թարգմանելու է: Եթե նրա ծառայությունները պետք չեն սեղանի շուրջ զրույցի ժամանակ, նա կարող է նստել մի քիչ հեռու և սպասել, մինչև իր կարիքը նորից զգան:
Էթիկան թույլ չի տալիս թարգմանչին վերաձևակերպել, փոփոխել խոսողի ասածները, սակայն թարգմանությունը չպետք է բառացի լինի. հարկ է պահպանել այն լեզվի նորմերը, որով կատարվում է թարգմանությունը:
Թեև արդեն ասացինք, որ թարգմանչի դերը գործնական հանդիպման ժամանակ պետք է աննկատ լինի, սակայն կիրթ ղեկավարը պետք է ուշադիր լինի նրա հանդեպ, նրան հարգանքով վերաբերվի, հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնի կատարված աշխատանքի համար: Իսկ թարգմանիչը պետք է լավ գիտակցի իր գործի կարեւորությունը, որը, թեև արտաքուստ աննկատ է, բայց, վերջին հաշվով, դրանից շատ բան է կախված:
Պատրաստեց՝ 168.am-ը