Մի քանի օրից 37-ամյա այրի կինը՝ 4 անչափահասների հետ, դրսում կհայտնվի

Asparez.am-ըգրում է.  Օգոստոսի վերջին Գյումրու Ղանդիլյան փողոցի 159/158 տանը բնակվող 37-ամյա Ալվարդ Գասպարյանն իր 4 անչափահաս երեխաների հետ դրսում կհայտնվի: Բնակության այլ տեղ ընտանիքը չունի: Տիկին Ալվարդի խոսքով` տան սեփականատերը վաճառելու է այն եւ, հավանաբար, մեկնելու է Ռուսաստան:

Ղանդիլյան փողոցի 159/158 հասցեում Ալվարդն իր երեխաների հետ ապրում է վարձով: Այստեղ է տեղափոխվել ամուսնու մահից անմիջապես հետո` մոտ 11 ամիս առաջ: Ամուսնու եւ երեխաների հետ կինն ապրել է նույն փողոցում ու կրկին վարձու տանը: Իրենց տունը գտնվում է Հնոցավան փողոցի 1-ին շարքում: Կինն ասում է` այն համարյա փլված է, ապրել հնարավոր չէ եւ այս պատճառով են ստիպված բնակվում վարձով տներում:

Այս տանը, որտեղ իր գոյությունն հազիվ են պահում 37-ամյա Ալվարդն ու իր 4 երեխաները, զուրկ է կոմունալ տարրական պայմաններից: Ջուրը կրում են մոտակա տարածքից, երեխաների համար որպես բաղնիք օգտագործվում է տնակի սենյակներից մեկը:

Օրավուր հացն ու անհրաժեշտ սննդամթերքը կինը գնում է պետության տրամադրած ընտանեկան նպաստով եւ կենսաթոշակով: Երբեմն օգնության ձեռք են մեկնում տեղի կառույցները, սակայն ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցնում, կենսապայմաններում դրական փոփոխություններ չեն նկատվում, ավելին` վատթարանում է իրավիճակը, քանի որ մեծացող երեխաների ծախսերն ավելանում են: Երեխաներից 3-ը ապագա զինվորներ են, նրանցից միայն մեկն է դպրոցահասակ, մյուս երկուսը ավելի փոքր են` 2 ու կես տարեկան ու 11 ամսական:

Դպրոց գնալու համար դպրոցահասակներն անգամ կոշիկ ու շոր չունեն, նաեւ գրենական պիտույքների, պայուսակների կարիք ունեն:

anapahov-2-1

Տիկին Ալվարդի միակ դուստրը 9 տարեկան է. մայրը պատմում է, երեխան էլ հաստատում` գլխացավեր հաճախ է ունենում: Այս գանգատները 11-ամյա աղջիկն ունեցել է դեռ փոքրուց, իսկ հիմա ավելի հաճախ են կրկնվում: Երեխային բժշկական զննում եւ ստուգումներ են անհրաժեշտ, իսկ ընտանիքը չի կարող անհրաժեշտ գումար ձեռք բերել:

2 ու կես տարեկան որդին մանկապարտեզ չի հաճախում. հարակից գործող մանկապարտեզի ղեկավարն ասել է, թե տեղ չունեն, հավանաբար, սեպտեմբերին կկարողանա երեխային մանկապարտեզում տեղավորել. կնոջն առաջարկել են վարձավճարի կեսը մուծել, ինչը կրկին դժվար է մոր համար:

-Հազիվ ծայրը ծայրին կհասցնենք,-նշում է մայրն ու պատմում, թե ինչպես են որոշ պաշտոնյաներ իրեն առաջարկում, երբեմն էլ համոզում, որ երեխաներին հանձնի մանկատուն կամ գիշերօթիկ:

-Երբ կդիմեմ տարբեր մարդկանց, վիճակներիս մասին կպատմեմ, մարդիկ մե բանըմ կըսեն` էրեխեքին մանկատուն տուր,-ասում է տիկին Ալվարդը:

anapahov-5-1

Այս խոսքերն արտասանելիս` կինը շվարած նայում է ու պատասխանում.

-Ես ըդպես բան չեմ էնե, ինչ մանկատուն, էրեխեքը նախ՝ իմ փեշիս կպած ման գուկան… հետո էլ… Կխնդրեմ, ընձի թողնին՝ մտնիմ Բալասանյանի մոտ, մե դոմիկմ տան, տանիմ դնեմ իմ տանս քովը, ես իմ էրեխեքին ծվարեմ մեջը, հետո ժամանակին մե բարի մեկըմ կգտնվի, գոնե բանովըմ կօգնե, կամ տունս կվերանորոգե… էլ չգան ամեն անգամ դուռս զարկեն, ըսեն` ելի, ելի,-եզրափակում է կինը:

Կնոջ, նաեւ 9-ամյա որդու, 11-ամյա դստեր խնդրանքը իրենց գոնե մեկ ժամանակավոր տնակով ապահովելն է, որպեսզի ապրեն հանգիստ, տարբեր տեղեր չգնան ու վարձու տներ չփնտրեն:

Տեսանյութեր

Լրահոս