«Արևմուտքը ցանկանում է փոխել ԼՂ ստատուս-քվոն՝ ՌԴ-ի ազդեցությունը նվազեցնելու նպատակով». Լիլիթ Գևորգյան
168.am-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
– Տիկին Գևորգյան, վերջին շրջանում ԱՄՆ–ը ակտիվ քայլեր սկսեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն ինտենսիվացնելու ուղղությամբ, քանի որ, ինչպես որոշ փորձագետներ էին կանխատեսում, ՌԴ–ի նկատմամբ միջազգային օղակի սեղմման հետևանքով բարձր էր հավանականությունը, որ ՌԴ–ն կփորձի ապակայունացնել ղարաբաղյան և վրացական ճակատները. ԱՄՆ բարձրաստիճան այրերն անդրադարձան ԼՂ հակամարտությանը, Ջեյմս Ուորլիքը եղավ Մոսկվայում, Մոսկվայում հանդիպեցին Լավրովն ու Մամեդյարովը, Լավրովը հեռախոսազրույց ունեցավ Նալբանդյանի հետ, համանախագահներն այցելեցին տարածաշրջան և հայտարարեցին, որ կկայանա Ալիև–Սարգսյան հանդիպումը մինչև տարեվերջ: Բանակցային այս նոր փուլի հաջողությունն ինչի՞ց է կախված: Եթե ՌԴ–ի նկատմամբ ճնշումները շարունակվեն, ի՞նչ պետք է սպասել ՌԴ–ից Հարավային Կովկասում:
– Նախ՝ չեմ կիսում այն կարծիքը, թե ՌԴ-ի նկատմամբ միջազգային օղակի սեղմման հետևանքով Ռուսաստանը կապակայունացներ ղարաբաղյան և վրացական ճակատները: Ռուսաստանի շահերն արդեն ամրագրված են Հարավային Կովկասում, ուստի ապակայունացումն այս տարածաշրջանում անիմաստ կլիներ Ռուսաստանի համար: Մոսկվային պետք չէ փոխել ներկայիս ստատուս-քվոն: Սառած կոնֆլիկտներով Հարավային Կովկաս ունենալը բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ այս կոնֆլիկտները բոլոր երեք հարավկովկասյան երկրներին կախվածության մեջ են պահումՌուսաստանից:
Այլ խնդիր է, որ Արևմուտքը ցանկանում է փոխել այս ստատուս-քվոն, լուծել տասնամյակներ տևող կոնֆլիկտները: Սա կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա և կոնկրետ Հայաստանին հնարավորություն կտա անկախ արտաքին քաղաքական որոշումներ կայացնել:
Ուկրաինական դեպքերը, մասնավորապես՝ Ղրիմի միացումը Ռուսաստանին, ևս մեկ անգամ հիշեցրեցին Արևմուտքին, որ հետխորհրդային տարածքային չլուծված խնդիրներն արդյունավետ գործիք են Ռուսաստանի համար՝ այս երկրների ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիան խափանելու համար: Հիմա նույն Ուկրաինան և Վրաստանը, չնայած Ասոցացման համաձայնագրի կնքմանը, դեռ շատ հեռու են ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի հետ լուրջ ինտեգրացումից, քանի որ վիճարկելի սահմաններ ունեն` Ղրիմի, Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի կարգավիճակի պատճառով:
Լուրջ արդյունքներ չեմ ակնկալում ԼՂ բանակցային գործընթացից, քանի որ նախ՝ Ռուսաստանը շահագրգռված չէ խնդրի վերջնական կարգավորմամբ: Բացի այդ, կոնֆլիկտի ուղղակի մասնակիցները ևս պատրաստ չեն փոխզիջումային լուծմանը: Ավելին, հայկական և ադրբեջանական պահանջները լիովին իրար հակասում են, իսկ Ադրբեջանի պատերազմի սպառնալիքները և սահմանները լարված պահելը գրեթե փոշիացրել են Մինսկի բանակցային պրոցեսի արդյունքները:
Ավելին, Ադրեբեջանի նախագահը, ցանկության դեպքում անգամ, լուրջ ներքաղաքական խնդիրներ կունենա, եթե հանկարծ որոշի համաձայնել խաղաղ և փոխզիջումային ճանապարհով ԼՂ խնդրի լուծմանը: Ադրբեջանական հասարակությունը տարիների ընթացքում հոգեբանորեն պատրաստվել է նոր պատերազմի՝ իր ցանկացած տարբերակով խնդիրը լուծելու համար, ուստի այն կարող է չընդունել փոխզիջումային լուծումը, եթե անգամ դա գա նախագահ Հ. Ալիևից: Հետևաբար՝ համանախագահներից աներևակայելի ջանքեր կպահանջվեն, որ Էական արդյունքներ լինեն այս նոր բանակցությունների արդյունքում:
Իմ կարծիքով՝ այս հանդիպումները կարևոր են, որպեսզի ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան միասնական ճակատ ցույց տան կոնֆլիկտի մասնակից կողմերին: Նրանք պիտի ազդանշանեն, որ չնայած Ուկրաինայի ճգնաժամին, եռանախագահների դիրքը ԼՂ հարցում չի փոխվել, որ իրենք միասնաբար պիտի շարունակեն խաղաղ բանակցություններով խնդիրը լուծելու ուղին: Իսկ գլխավոր պատգամը պիտի լինի այն, որ, ինչպես նախկինում, երեք համանախագահներն էլ խիստ դեմ են նոր պատերազմին:
– Ըստ Ձեզ` կհաջողվի՞ Արևմուտքին և Ռուսաստանին շարունակել համագործակցության Մինսկի խմբի հարթակը լարվածության պայմաններում:
– Այո, կհաջողվի, քանի որ ԼՂ հարցն Ուկրաինայի հետ կապ չունի: Ռուսաստանը, հակառակ Հայաստանի և ԼՂ-ի ակնկալիքների, չփոխեց իր դիրքորոշումը ԼՂ հարցում, Ղրիմը վերցնելուց հետո: Ավելին, Մոսկվան ամեն ճիգ գործադրեց հավաստիացնելու Ադրբեջանին, որ իր հավասարակշռված քաղաքականությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կշարունակի, քանի որ երկու երկրներն էլ Մոսկվայի համար կարևոր գործընկերներ են: Այսինքն, Ղրիմի ազատ ինքնորոշման սկզբունքը սատարելը տեղայնացված է, և Ռուսաստանը չի պատրաստվում սատարել ԼՂ-ի նմանատիպ իրավունքը: Սա կարևոր է Մինսկի խմբի մյուս անդամների համար, որպեսզի շարունակեն համագործակցությունը ԼՂ հարցում Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Իրանի հետ վերջին բանակցություններում Ռուսաստանի կառուցողական դերը ցույց տվեց, որ Արևմուտքը և Ռուսաստանը կարող են շատ լավ համագործակցել: Մոսկվան ցանկանում է դուրս գալ մեկուսացումից, ուստի, անկասկած կաշխատի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ Մինսկի խումբի շրջանակներում: Բացի այդ, ինչպես նշեցի, ապակայունացումը ԼՂ-ի շուրջ Մոսկվայի համար ավելորդ գլխացավանք կլինի հիմա: Ռուսաստանն արդեն իսկ բավականին լուրջ տնտեսական և արտաքին քաղաքական խնդիրներ ունի: Գոնե հիմա, Մինսկի խմբի միջոցով ԼՂ-ի շուրջ իրավիճակը հսկողության տակ պահելը Մոսկվայի շահերից է բխում: Այս հանգամանքն էլ է նպաստում, որ Ռուսաստանը համագործակցի Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, չնայած լարված պայմաններին:
– Տարածաշրջանը մտել է ինտենսիվ փոփոխությունների փուլ, խոսքը Թուրքիայի պայքարի մասին է «Իսլամական պետության» դեմ, Իրան-«Վեցյակ» համաձայնությանը, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում տիրող իրավիճակի, Արևմուտք–Ռուսաստան հարաբերությունների: Այս ամենից Հայաստանի համար հատկապես կարևոր է Իրանի ապաշրջափակումը, որը մի շարք հնարավորություններ է ընձեռում Հայաստանին: Համաձայնությունից հետո ՀՀ–ում ԻԻՀ դեսպանը հայտարարեց, որ Հայաստանը շատ լավ հարթակ է Պարսից Ծոցը Սև Ծովին կապելու համար, դրա տակ նկատի ունենալով Իրան–Հայաստան երկաթուղին, ասաց, որ քննարկվել է նաև հայ–վրացական ուղին՝ որպես իրանական գազը Եվրոպա տարանցելու ուղի, բայց հայկական կողմն այս հայտարարություններին չի արձագանքում: Այս բոլոր պրոյեկտների դեպքում Հայաստանը և տնտեսապես, և անվտանգության տեսանկյունից՝ կդառնա անկախ: Ի վերջո, Իրանի ապաշրջափակումը հրամայական չի՞ դարձնում նման պրոյեկտների իրականացումը, ՌԴ–ն կարո՞ղ է դրանք շրջափակել ամբողջությամբ:
– Իրանի ապաշրջափակումը Հայաստանի մասնակի ապաշրջափակման հնարավորություն է տալիս: Տնտեսական, էներգետիկ առումով Իրանի հետ համագործակցության ծավալները հսկայական կարող են լինել: Սա Հայաստանին հնարավորություն կտա նվազեցնել իր ներկայիս վտանգավոր տնտեսական և էներգետիկ կախումը Ռուսաստանից: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները, թերևս, չեն կարողանա օգտվել Իրանի առաջարկած բացառիկ տնտեսական և էներգետիկ դիվերսիֆիկացիայի, այսինքն՝ ռուսական մոնոպոլիաներին վերջ տալու հնարավորությունից: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վաղուց հավասար չեն: Հայաստանի իշխությունների հետևողական որոշումների արդյունքում՝ Ռուսաստանը Հայաստանի կարևոր ստրատեգիական կառույցներն է տնօրինում, հատկապես՝ էներգետիկ առումով: Եթե նույնիսկ Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղը կառուցվի, որ խիստ անհավանական եմ համարում մոտ ապագայում, ապա Հայաստանի էներգետիկ շուկան, չեմ կարծում, ավելի մրցակցային կդառնա: ՀՀ իշխանությունները որևէ ցանկություն չեն ցույց տվել՝ ռուսական մոնոպոլիան էներգետիկ դաշտում վերացնելու առումով: Անվտանգության առումով, առավել ևս, չեմ կարծում, թե ՀՀ ներկայիս իշխանությունները որևէ քայլ ձեռնարկեն՝ առանց Մոսկվայի օրհնանքի:
– ՀՀ իշխանությունները սահմանադրական բարեփոխումներ են նախաձեռնել, որոնց նպատակը, որոշ քաղաքական ուժերի և փորձագետների պնդմամբ, իշխանության պահպանումն է, ինչում, ինչպես և նախկին Ձեր հարցազրույցներում էիք նշել Դուք, հետաքրքրված է Մոսկվան: Փաստորեն, այս բարեփոխումներն ունեն Մոսկվայի համաձայնությո՞ւնը:
– Նախ՝ ասեմ, որ այս նախագահականից խորհրդարանական համակարգին անցնելը վատ չէր լինի Հայաստանի համար: Բայց հետխորհրդային այն երկրներում, ուր նման փոփոխություններ են արվել, ճնշումը եկել է ընդդիմությունից, փողոցի բազմահազարանոց ցուցարարներից, և, ամենակարևորը, այս փոփոխությունները գրեթե միշտ համընկել են հեղափոխության միջոցով իշխանությունը փոխելու հետ: Նման օրինակներ են Ղրղըզստանի, Մոլդավայի, Ուկրաինայի վերջին տասնամյակի փորձը: Այսինքն՝ ճնշումը և նախաձեռնությունն այս երկրներում եկել է ընդդիմությունից և ոչ թե՝ վերևից: Միայն Վրաստանում փորձ արվեց այն ժամանակ գործող նախագահ Սահակաշվիլիի կողմից սահմանադրական նմանատիպ փոփոխություներ անել վերևից: Նրա նախաձեռնության թույլ քողարկված նպատակն իր իշխանությունը երկարացնելն էր: Ի վերջո, նախագահ Սահակաշվիլին ոչ միայն կորցրեց ընտրությունները, այլ հիմա նաև կորցնում է իր վրացական քաղաքացիությունը:
Այսինքն, հետխորհրդային մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունները հաջողվում են, երբ հեղափոխությունների կամ լուրջ քաղաքական վերելքի դեպքում են արվում, և անպայման այս պրոցեսի ընթացքում հին իշխանություններից ազատվում են, քանի որ հասարակությունը չի հավատում, որ կոռումպացված իշխանությունները թույլ կտան արդար ընտրություններ, որի արդյունքում կկազմվի նոր խորհրդարան, ինչն իր հերթին՝ կկարողանա ընտրել ժողովրդի թեկնածուի՝ իբրև վարչապետ, և ոչ թե՝ իշխանության դրածոյին:
Առանց արդար և թափանցիկ ընտրությունների՝ սահմանադրական փոփոխություններն անիմաստ են: Ավելին, դրանք վտանգավոր են, քանի որ մշտապես իշխանությունը մեկ կուսակցության ձեռքում պահելու իրական վտանգ կա: Ի տարբերություն նախագահական համակարգի, այս դեպքում իշխանության ղեկավար դեմքերը կարող են փոխվել, բայց դրանք կլինեն ներկայիս նեղ քաղաքական շրջանակի անդամները:
Մոսկվան մտահոգված կարող է լինել այս սահմանադրական փոփոխություններով: Եթե այս փոփոխությունները կատարվեն, հաստատվեն հանրաքվեով, և թափանցիկ ընտրություններ անցկացվեն, ապա արդյունքում Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը կարող են կորցնել իշխանությունը՝ հաշվի առնելով, թե որքան մեծ է Հայաստանում կառավարության նկատմամբ բողոքը:
Իրականում, պարզ է, որ Ս. Սարգսյանը կամ Հանրապետական կուսակցությունը որևէ նպատակ չունեն քաղաքական ինքնասպանություն գործելու:
Սահմանադրական փոփոխությունները հաշվարկված քայլեր են անսահմանափակ ժամկետով իշխող քաղաքական և բիզնես վերնախավի ձեռքում երկրի կառավարման լծակները պահելու համար:
Ուստի, Մոսկվան կարիք չունի իր համաձայնությունը տալու Հայաստանի սահմանադրական փոփոխություններին, քանի որ Կրեմլը վստահ է, որ ՀՀ ներկայիս նախագահը որևէ քայլ չի նախաձեռնի, որ կարող է իր և իշխող վերնախավի շահերը վնասել: Հաճախ նշվում է Սինգապուրի օրինակը, բայց լուրջ բարեփոխումների և, նախ և առաջ, ՀՀ առաջնորդների քաղաքական ինքնամաքրման մասին խոսք անգամ չի կարող լինել: Մոսկվան անհանգստանալու կարիք չունի, ավելին, Ռուսաստանը կսատարի Ս. Սարգսյանին՝ իշխանությունն իր ձեռքում, լինի ուղղակի կամ անուղղակի կերպով, պահելու բոլոր ջանքերը:
– Այս օրերին լարված է իրավիճակը Թուրքիայի թե ներքին, թե արտաքին ճակատում՝ պայմանավորված Թուրքիա-«Իսլամական պետություն» փոփոխվող հարաբերություններով, որոնց ֆոնին, ըստ էության, փոխվում է իրավիճակը ողջ տարածաշրջանում: Ըստ Ձեզ` Հայաստանի համար ի՞նչ վտանգներով է լի «Իսլամական պետությանը» Թուրքիայի հայտարարած պատերազմը: «Իսլամական պետությունը» կարո՞ղ է ներթափանցել Հայաստան:
– Չեմ կարծում, թե Հայաստանն ԻՊ-ի անմիջական թիրախ դառնա: Տարածաշրջանում շատ այլ երկրներ կան, որոնք ԻՊ-ի թշնամիներն են և անմիջական թիրախ: Բայց այս արյունոտ և վտանգավոր կոնֆլիկտին Հայաստանի մոտ լինելն արդեն իսկ ստիպում է ավելու զգուշորեն քննել ԻՊ-ի կողմից Հայաստանին ներկայացվող վտանգը: Պետք է նշեմ, որ, թերևս, ԻՊ-ի պարագլուխները Հայաստանին վերաբերող ծրագրեր չունեն, բայց ԻՊ-ի շարքերում կռվում են՝ տարբեր երկրներից, ենթադրվում է՝ նաև Ադրբեջանից գնացած մարտիկներ: Դեռ հստակ փաստեր չկան ադրեբեջանական մասնակցության մասին, բայց վերջերս Ադրբեջանում կատարված ԻՊ-ի ենթադրյալ մարտիկների և զորակոչողների ձերբակալությունները միայն վկայում են, որ Հարավային Կովկասում ահաբեկչական հարձակման վտանգը մեծացել է: ԻՊ-ի շարքերում կռվող և հետ վերադարձող մարտիկների ներկայությունը տարածաշրջանում վտանգավոր է թե Հայաստանի, և թե մյուս երկրների համար: