Ռուսաստանն ընդունել է Ղարաբաղի վերաբերյալ ամերիկյան առաջարկը, բայց… Դավիթ Շահնազարյան

«ԼՂ հակամարտության գոտում հետագա դեպքերի զարգացումներն ուղղակիորեն կախված են լինելու ՌԴ-ի նկատմամբ գործադրվող միջազգային ճնշումներից, հակառակ դեպքում ՌԴ-ն կառուցողական չի լինի Հարավային Կովկասում և հակամարտության հարցում»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը` ներկայացնելով իր՝ «Վերջին զարգացումները ղարաբաղյան բանակցային գործընթացում» զեկույցը:

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ ԼՂ հակամարտության գոտում բանակցային նոր փուլ է սկսվում, սակայն մինչ դա և մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցը, տեղի ունեցան մի քանի իրադարձություններ: Բանախոսը հիշեցրեց, որ հուլիսի յոթին պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Ֆրանսիայի և ՌԴ-ի հետ ԼՂ բանակցային գործընթացում, ինչը կարծես բանակցային գործընթացում նոր փուլ նախանշեց, բայց ի՞նչ էր մինչ այդ տեղի ունենում:

«Բազմաթիվ վերլուծաբաններ, պետական այրեր, քաղաքական գործիչներ լուրջ մտահոգություն էին արտահայտել, որ ամռանը սպասվում են նոր բախումներ ԼՂ հակամարտության շփման գծի երկայնքով, ՀՀ պաշտոնյաներն էլ էին խոսել այդ մասին: Անցյալ տարի լարվածության աննախադեպ աճն էր այս մտքերի հիմքը, իսկ լարվածությունը դրդողը ՌԴ-ն էր, որի նպատակները մի քանիսն էին. ցույց տալ, որ կառավարումը և վերահսկողությունը հակամարտության զինադադարի նկատմամբ Մոսկվան է իրականացնում, դրա արդյունքում տեղի ունեցավ անցյալ տարվա Սոչիի հանդիպումը, ՌԴ-ն ցույց տվեց, որ տիրապետում է կառավարման լծակներին: Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահը խոսում էին ՌԴ բացառիկ դերի մասին ԼՂ հակամարտությունում, իսկ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ պնդեց ԵԱՀԿ ՄԽ դերի մասին:

Վերջին ամիսների ընթացքում, երբ ՌԴ-ի շուրջ միջազգային ճնշումների օղակն անընդհատ սեղմվում էր, մտավախությունը մեծ էր, որ ՌԴ-ն կփորձի Բաքվի Եվրոպական խաղերից հետո հերթական անգամ ապակայունացնել շփման գիծը՝ կարևորելով իր դերը, որովհետև գաղտնիք չէ, որ Պուտինի նպատակը ԼՂ կարգավորման գոտում ռուսական խաղաղապահներ տեղակայելն է: Սա չէր կարող չանհանգստացնել միջազգային հանրությանը, քաղաքական համակարգին: Հուլիսի յոթին ԱՄՆ-ում Վաշինգտոնի պաշտոնական հայտարարությունը լուրջ ուղերձ էր Մոսկվային, որ՝ «եկեք այստեղ համագործակցենք»:

Այդ հայտարարությունից երեք օր անց ՌԴ-ն նախաձեռնեց հերթական սողացող ագրեսիան Վրաստանի նկատմամբ, Վրաստանի սահմանը Ցխինվալի շրջանի հետ առաջ տանելով, հասնելով Բաքու-Սուփսա նավթամուղին, իր վերահսկողության տակ վերցնելով նավթամուղի մեկուկես կմ հատվածը, որով հերթական անգամ ցույց տվեց Հարավային Կովկասն ապակայունացնելու իր ծրագրերը: Համոզված եմ, որ Ուորլիքի այցը Մոսկվա այս դեպքից երկու օր անց կապված էր նրա հետ, որ ԱՄՆ-ը որոշեց էլ ավելի ակտիվացնել իր քաղաքականությունը՝ թույլ չտալով ԼՂ հակամարտության շփման գոտում նոր լարվածություն: Հարցազրույցը, որը Մոսկվայում տվեց Ուորլիքը «Վեդոմոստիին» և «Դոժդին», ծրագրային էր, դրանում որևէ նոր բան չկար, սակայն կար շատ ու շատ նոր բան: Նորն այն էր, որ հարցազրույցը Մոսկվայում էր: Իմ գնահատմամբ` դա շատ լուրջ և շատ խիստ ուղերձ էր հենց Կրեմլին: Առաջարկությունը հետևյալն էր, եթե բացենք փակագծերը, որ ՌԴ-ի հետ Արևմուտքն ու ԱՄՆ-ը գրեթե բոլոր կետերում հակադրությունների մեջ են, ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, բայց այս հարթակում համագործակցության առաջարկություն է արվում՝ լարվածությունը մեղմելու նպատակով:

Դիվանագիտորեն Ուորլիքն ասաց, որ ՌԴ-ն միլիտարիզացրել է հակամարտության կողմերին՝ խախտելով ռազմական հավասարակշռությունը՝ հօգուտ Ադրբեջանի: Խոսվեց նաև խաղաղապահների մասին՝ անընդհատ օգտագործելով «միջազգային խաղաղապահ ուժեր»-ը, ինչն ընդունված է ՄԽ-ում, բանակցային գործընթացում, նման հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Եթե կողմերից մեկը ցանկանում է ցույց տալ իր լրջությունը, պետք է խոսի խաղաղապահներից, եթե այդ հարցը շոշափվում է, ապա իրավիճակը և վերաբերմունքը լուրջ է:

Դրանից հետո ստորագրվում է Վիեննայում պատմական փաստաթուղթը, ապա Օբաման զանգահարում է Պուտինին: Կարծես թե այդ օրերի ընթացքում ՌԴ-ի կողմից որևէ արձագանք չկար այդ նախաձեռնությանը, չի ասվում՝ ինչի մասին են խոսել Օբաման ու Պուտինը: Եթե չեմ սխալվում, դրա հաջորդ օրը` հուլիսի տասնվեցին, Վաշինգտոնի Բրուքինսի հետազոտական ինստիտուտում ներկայացվում են Հարավային Կովկասի վերաբերյալ հետազոտության արդյունքները, հանդես է գալիս Էրիկ Ռուբինը և մի քանի ուշագրավ հայտարարություններ անում, որոնք արտացոլում են Վաշինգտոնի պաշտոնական տեսակետը: Ռուբինը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը, հստակ արտահայտեց, որ առանց ՀՀ-ի՝ որևէ հաղորդակցական ծրագրի սատարում ԱՄՆ-ի կողմից անհնար է:

Երկրորդ շատ կարևոր ուղերձը, որն ասվեց Վաշինգտոնի կողմից, այն էր, որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն հիմա արդեն լրիվ համաձայնեցված քաղաքականություն են վարում Հարավային Կովկասում, և դա նշվել էր՝ որպես ձեռքբերում: Այստեղից բխում է այն, որ մինչ դա համաձայնեցված չէր: Մի պահ Գերմանիան ձգտում էր մեծ դերակատարություն ունենալ, ապա հայտարարվեց, որ չի լինելու նման բան: Սա լուրջ ձեռքբերում է, եթե միասին են գործելու: Ոչ պակաս ուշագրավ էր հայտարարությունը Բրուքինսի համալսարանի գիտաշխատող Ֆիոնա Հիլլի կողմից, ով ասել էր, որ տարածաշրջանների ժողովուրդները, ի տարբերություն իշխանությունների, պատրաստ են համագործակցել:

Ըստ նրա՝ բոլոր երեք երկրներում ժողովուրդները ցանկանում են ընտրության տարբերակներ ունենալ, չեն ցանկանում զարգացման մեկ տարբերակի գերին դառնալ, ցանկանում են օգտագործել աշխարհի բոլոր հնարավորությունները: Ընդգծում է, որ հասարակություններն ավելի պատրաստ են իրար հետ համագործակցության, քան իշխանությունները: Սա ուղղակի ուղերձ է Ադրբեջանին: Դրա հաջորդ օրը` տասնյոթին, աննախադեպ իրադարձություն է տեղի ունենում. Պուտինն ԱԽ նիստ է հրավիրում և այս իրավիճակում նշում է ԱՄՆ-ի առաջատար և կառուցողական դերակատարման մասին: Անմիջապես Մամեդյարովն է Մոսկվա հրավիրվում, Լավրովը խոսում է բանակցություններն ինտենսիվացնելու մասին, այնուհետև նույն օրը՝ հեռախոսազրույց Նալբանդյանի հետ, այնուհետև՝ համանախագահների այցը և հայտարարություն՝ այցի արդյունքներով, որտեղ հիմնական կետը զինադադարի պահպանումն էր, նոր բռնկումներ թույլ չտալը:

Դա ԱՄՆ-ի ծրագրի մինիմումն էր. ՌԴ-ի հետ այս հարթակում համագործակցությամբ՝ թույլ չտալ նոր բռնկումներ, և, եթե հաջողվի՝ ինտենսիվացնել բանակցային գործընթացը, որը ՌԴ-ն ընդունել է, քանի որ հրաժարվելու տեղ չունի: Բայց ՌԴ-ն այլ քայլեր է սկսում կատարել»,- մանրամասնեց Դավիթ Շահնազարյանը` շարունակելով, որ ՌԴ-ն ամեն կերպ փորձելու է ցույց տալ, որ հասարակություններում կա լուրջ դիմադրություն բանակցությունները շարունակելու ուղղությամբ: Բայց, ըստ նրա, այդ փորձն արդեն մեկ անգամ եղել է, և համանախագահները ծանոթ են այդ մոտեցումներին: Շահնազարյանի վստահեցմամբ` հետագա դեպքերի զարգացումներն ուղղակիորեն կախված են լինելու ՌԴ-ի նկատմամբ միջազգային ճնշումներից, հակառակ դեպքում ՌԴ-ն կառուցողական չի լինի Հարավային Կովկասում և հակամարտության հարցում:

 

Տեսանյութեր

Լրահոս