«Նաիրիտ 2»-ը սկսել է նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերի գումարների փոխանցումը
«Նաիրիտ 2»-ը արդեն սկսել է նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերի գումարների փոխանցումը: Ենթադրվում է, որ մինչև հուլիսի 30-ը գործընթացը պետք է ավարտվի: Այժմ արդեն նաիրիտցիների պահանջները փոխվում են՝ գործարանի վերագործարկման խնդիրն է դրվում օրակարգում: Նաիրիտցիները որոշել են հուլիսի 28-ին հավաքվել Ազգային ժողովի մոտ, որտեղ այդ օրը «Նաիրիտի» հարցով լսումներ են լինելու:
Իսկ ի՞նչ պարտավորություն է ստանձնում «Նաիրիտ գործարանը» «Նաիրիտ 2»-ի հանդեպ: Ինչպես մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր վերջինի գլխավոր տնօրեն Գագիկ Հակոբյանը, աշխատավարձի պարտքի գումարը փոխանցել է ՀՀ կառավարությունը: Սակայն տեղեկություն էր շրջանառվում, որ «Նաիրիտ 2»-ը վաճառելու է «Նաիրիտ» գործարանի գույքը: 168.am-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանից հետաքրրքվեց, թե արդյոք դա հնարավո՞ր է:
«Գույքի մասին խոսք չկա: Կառավարության որոշմամբ «Նաիրիտ գործարանի» վարկը ԱՊՀ Միջպետական բանկում զիջվում է «Նաիրիտ 2-ին»»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ վերջինս գույքը չի կարող տիրապետել, վաճառել և այլն, պահանջը միայն վարկի վերաբերյալ է, որը «Նաիրիտը» վերցրել էր Միջպետական բանկում:
Ըստ Ի.Իսայանի՝ Բանկն ինքն է զիջում բաժնետոմսերը 100 դոլարով: Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ 100 դոլարով են զիջում, տարօրինակ չէ՞, փոխնախարարը պատասխանեց. «Տարօրինակ չէ, եթե կարողանային իրենք դա ստանալ, ավելի թանկ կարժենար: Ամբողջ գործընթացն իրենք անց են կացրել արդեն»:
«Գործընթաց է, ձևակերպումները մինչև ամսվա վերջ կավարտենք, հետո պարզ կլինի ինչ ենք անում, ոնց ենք անում: Հիմա մենք լուծում ենք մի խնդիր, որ «Նաիրիտը» ՄԲ-ի նկատմամբ չունենա որևէ պարտավորություն, որ այսօր ձևավորված է»,- ասաց Ի.Իսայանը:
Հիշեցնենք, որ կառավարության հուլիսի 2-ի որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է առաջարկել Միջպետական բանկին՝
ա) պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Հայգազարդ» ՓԲ ընկերությանը 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը և բ) պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Նաիրիտ 2» ՓԲ ընկերությանը 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Նաիրիտ գործարան» ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը: