«Մի շատ կարևոր նպատակ ունեմ իրականացնելու». Էրիկ Անթառանյան
Ամռան առաջին իսկ օրերից գրեթե բոլորը երազում են վաստակած հանգիստն ըստ արժանվույն կազմակերպելու մասին: Յուրաքանչյուրն իր երևակայության, նախասիրությունների և, իհարկե, հնարավորությունների սահմաններում ցանկանում է ամառը հիշարժան դարձնել:
168.am-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, պրոդյուսեր, արդեն երկու որդիների հայր Էրիկ Անթառանյանն ասաց, որ հանգիստն իր ընտանիքի հետ անցկացնելու է Ֆրանսիայում:
«Այս տարի կնոջս և ավագ որդուս՝ Սերգեյի հետ պատրաստվում ենք հանգստանալ Ֆրանսիայի Պրովանս գավառում: Հիմնականում կլինենք Մարսել քաղաքում, ինչպես նաև կայցելենք Նիցցա և Կանն քաղաքներ, որտեղ անցյալ տարի կայացավ մեր հարսանիքը»,- ասաց նա:
Մեր հարցին, թե ի՞նչ ասել է՝ իդեալական հանգիստ, Էրիկը պատասխանեց. «Ինձ համար հանգստի միակ իդեալական տարբերակն այն է, որն անցնում է ընտանիքիդ գրկում: Հանգիստ՝ նշանակում է՝ աշխատանքային առօրյա եռուզեռից տարբերվող իրականություն, որը վայելել է պետք: Այսինքն՝ հնարավորություն ունենալ շփվելու քո հարազատների հետ: Վերջապես հնարավորություն կունենամ որդուս հետ երկար ժամանակ անցկացնել: Մի շատ կարևոր նպատակ ունեմ իրականացնելու՝ որդուս տանել Իֆ ամրոց և Փարիզի Դիսնեյլենդ»:
Մեր հարցին, թե ֆինանսապես որքա՞ն գումար է անհրաժեշտ լիարժեք հանգիստ կազմակերպելու համար, Էրիկը պատասխանեց. «Միգուցե և չհավատաք, բայց Ֆրանսիայի հանգիստը կարժենա այնքան, որքան կարժենար հարևան Վրաստանի լավ հյուրանոցներից մեկում հանգստանալը: Պարզապես ավիատոմսը և հյուրանոցի ամրագրումը պետք է անել ինքնուրույն և շատ վաղուց»: