Բաժիններ՝

Դասագրքային արտագրություններ

Խոսքը վերաբերում է մի անպատվաբեր երևույթի` գրագողության, որ կատարել է «Անտարես» հրատարակչության «Քիմիա 7» դասագրքի լրամշակող և խմբագիր Կ. Ավետիսյանը (Եր. Անտարես, Քիմիա 7, 2013 թ.): 2012թ. ԿԳՆ դասագրքերի շրջանառու հիմնադրամը հայտարարել էր հանրակրթական դպրոցի Քիմիա առարկայի 7, 8 և 9 դասարանների դասագրքերի մրցույթ, որին մասնակցել են հետևյալ երեք հրատարակչությունները: 1. «Տիգրան Մեծ» (հեղինակ Լ. Սահակյան և այլք):

Նշենք, որ նշված հեղինակի Քիմիա 7, 8 և 9 դասագրքերը գործածության մեջ եղել են դեռևս նախորդ մրցույթից՝ 2007-ից սկսած: 2. «Անտարես» հրատարակչությունը ներկայացրել էր ռուս հեղինակների (Գ. Ռուձիտիս, Ֆ. Ֆելդման) նշված դասարանների դասագրքերի թարգմանությունը` Կ. Ավետիսյանի լրամշակմամբ: 3. «Զանգակ», հրատարակչության (հեղինակ Ա. Խաչատրյան) միջին դպրոցի Քիմիա 7, 8, 9 դասագրքերը գործածության մեջ են եղել նախորդ մրցույթից՝ 2007-ից: 2012 թ. մրցույթում հաղթող են ճանաչվել 1 և 2 կետերում նշված հրատարակչությունները («Տիգրան Մեծ» և «Անտարես»): Մրցույթից դուրս է մնացել «Զանգակի» դասագրքերի փաթեթը, այնինչ, մեր խորին համոզմամբ, եղած դասագրքերի մեջ լավագույնը պետք է համարել մրցույթին ներկայացված և շուրջ հինգ տարի հայաստանյան հանրակրթական դպրոցներում քննություն բռնած ու դրական արձագանքի արժանացած «Զանգակի» Քիմիա 7, 8 , 9 դասագրքերը:

Ինչևէ, ինչպես բացահայտվեց հետագայում, Անտարեսի «Քիմիա 7» դասագրքի ռուս հեղինակները որևէ մասնակցություն չեն ունեցել հայաստանյան հրատարակության աշխատանքներին: Դասագրքի լրամշակումը, հարմարեցումը ՀՀ ԿԳՆ ծրագրային պահանջներին իրականացրել է Կ. Ավետիսյանը (այսուհետև` թարգմանականի հեղինակ): Այստեղ մատնացույց չենք անի այն բազմաթիվ մասնագիտական սխալները, հնացած մեթոդաբանական մեկնաբանությունները, որոնք տեղ են գտել «Անտարեսի» թարգմանական դասագրքերում: Դրանց կարելի է ծանոթանալ մեր կողմից ներկայացված «Որքա՞ն կարելի է հանդուրժել անգրագիտությունը» հոդվածում («168 Ժամ» պարբերական, 16-17 հունիս, էլ. տարբերակ, 2015թ.), ինչպես նաև «Քիմիայի դասագիրք, առաջընթա՞ց, թե՞ հետընթաց» ակնարկում (հայկական քիմիական բլոգ): Այս հաղորդման մեջ կխոսվի միայն գրագողության մասին:

Խնդիրն այն է, որ նշված «Քիմիա 7» թարգմանական դասագրքում կատարվել են բազմաթիվ արտագրություններ «Զանգակ» հրատարակչության Քիմիա-7 դասագրքից (Եր., «Զանգակ», 2007): Ընդ որում, արտագրությունները նույնական են՝ նախադասություն առ նախադասություն, բառ առ բառ, ստորակետ առ ստորակետ: Բերենք որոշ օրինակներ: 1. Թարգմանական դասագրքի Հավելվածում ներկայացված «Քիմիական եզրույթներ» բաժնում (էջ 139-147) ներկայացված բոլոր բառ-հոդվածները վերցված են «Զանգակի» Հավելվածներ բաժնի «Քիմիական բառարան» բաժնից: Այստեղ բերված 57 անուն հոդվածներից (էջ 179-189) արտագրված է 47-ը: Ինքնուրույնության տպավորություն ստեղծելու նպատակով նշված շուրջ հինգ տասնյակ հոդվածներից մի քանիսում հեղինակն ավելացրել է մեկ-երկու բառ, իբր հստակեցնելու կամ հարստացնելու ասելիքը, որը, սակայն, հանգեցրել է քիմիական անգիտության դրսևորման:

Օրինակ, «Զանգակի» հեղինակն ալոտրոպիան ներկայացրել է՝ որպես «Քիմիական տարրի՝ մի քանի պարզ նյութի ձևով հանդես գալու երևույթ»: Թարգմանականի հեղինակն այստեղ ավելացրել է ընդամենը երկու բառ՝ «Բնության մեջ քիմիական տարրի…»: Դրա արդյունքում ստացվել է քիմիական անգրագիտություն: Ցանկացած դպրոցական գիտի, որ բոլորովին պարտադիր չէ, որ քիմիական տարրի բոլոր ալոտրոպները գտնվեն բնության մեջ: Օրինակ, ածխածնի միայն երկու ալոտրոպ ձևերն են հանդիպում բնության մեջ՝ ալմաստը և գրաֆիտը: Մնացածները՝ ֆուլերեններ, կարբին, լոնսդեյլիտ և այլն, ստացվել են քիմիական եղանակով: Ֆոսֆոր տարրն ընդհանրապես պարզ նյութի ձևով չի հանդիպում բնության մեջ, նրա ալոտրոպները՝ սպիտակ, կարմիր և սև ֆոսֆորները, ստացվել են քիմիական եղանակով: Կարելի է բերել բազմաթիվ այլ օրինակներ:

«Ատոմ» հոդվածը ներկայացնելիս «Զանգակի» հեղինակն այն բնութագրել է՝ որպես «Նյութի կառուցվածքային հիմնական միավոր», այնինչ, Թարգմանականի հեղինակը մատուցել է՝ որպես «Նյութի կառուցվածքի փոքրագույն մասնիկ»: Ինչպիսի սխալմունք: Ստացվում է, որ պրոտոնն էլ, նեյտրոնն էլ և այլ տարրական մասնիկները ևս կարելի է դիտել որպես ատոմներ: «Խտություն» հոդվածը «Զանգակից» արտագրելիս խտությունը խորհրդանշող հունարեն «ռո» տառը (ρ) դարձել է «պե»(p), որ նշանակում է բոլորովին այլ բան (ճնշում), իսկ ծավալը (V), չգիտես ինչու, ներկայացվել է փոքրատառով, այնինչ ՍԻ համակարգի պահանջով այն պետք է գրվի մեծատառով:

2. Թարգմանական դասագրքի Հավելվածում ներկայացված «Որոշ քիմիական տարրերի հայտնագործման մասին» բաժնում (էջ 147-154) ներկայացված 28 հոդվածն էլ վերցված է Զանգակի` Հավելվածի «Քիմիական տարրերի հայտնագործման և անվանակոչման պատմությունից» բաժնից: Թարգմանական դասագրքի հեղինակը Զանգակի բոլոր հոդվածները տեղափոխել է իր «ստեղծագործության» մեջ:

3. Թարգմանական դասագրքի ,,Տարրերի հայտնագործման ժամանակագրությունը,, բաժինը (էջ 155, 156) դարձյալ ամբողջությամբ արտագրված է Զանգակի «Քիմիական տարրերի հայտնագործման ժամանակագրությունը» բաժնից՝ առանց մեկ ստորակետ անգամ փոխելու:

4. Զանգակի հեղինակը ռադիոակտիվության երևույթի հայտնագործման պատմությունն աշակերտներին ավելի գրավիչ դարձնելու նպատակով զանազան ամսագրերից քաղել է որոշ հետաքրքիր մանրամասներ և ներկայացրել դրանք յուրատեսակ շարադրանքով «Քիմիա-7» դասագրքում: Եվ ահա, Թարգմանականի հեղինակը՝ առանց իրեն նեղություն տալու, վերցրել ու տեղադրել է նշված հատվածն իր գրքում (էջ 59) «Աֆրիկյան ճանապարհորդությունից… մինչև ռադիոակտիվության սահմանումը» (էջ 60): Դա կրկնում է Զանգակի «Քիմիա-7»-ի հետևյալ հատվածը. (էջ 77), «Մի անգամ վերադառնալով աֆրիկյան ճանապարհորդությունից… մինչև ռադիոակտիվության սահմանումը» (էջ 78): Մի՞թե սա է քաղաքակիրթ աշխարհ տանող ուղու մեր պատկերացումը:

Ընթերցողին, անշուշտ, կհետաքրքրի, թե ինչպես է արձագանքել Թարգմանական դասագրքի լրամշակող Կ. Ավետիսյանը մեր կողմից ներկայացված բողոքին, որն ուղարկված էր «Անտարեսի» տնօրինությանը սույն թվականի հունվարի սկզբին: Արտագրությունների համար մեղանչելու և ներողություն խնդրելու փոխարեն՝ Թարգմանականի հեղինակը պատասխանում է, որ իր արածի մեջ որևէ պարսավելի բան չկա, որ նա նպատակ է ունեցել դասագիրքը դարձնելու հետաքրքիր ու գրավիչ, ինչի համար էլ կատարել է վերը նշած արտագրությունները:

Ավելի լավ է ամբողջությամբ ներկայացնենք նրա արձագանքը: Խոսք երախտիքի Գաղտնիք չէ, որ դասագիրքը, ակադեմիական գիտելիքների շտեմարան լինելուց բացի, նաև տեղեկատվության աղբյուր է: Եվ, այս առումով, ցանկացած դասագիրք` լինի դա թե՛ հումանիտար և թե՛ բնագիտական առարկաների, ակադեմիական գիտելիքներ պարունակելուց բացի, պետք է նաև ներառի իր մեջ գիտահանրամատչելի տեղեկություններ, փաստաժամանակագրական տվյալներ և ունենա հարուստ մեթոդական ապարատ` հնարավորություն ընձեռելով ուսուցչին` դասանյութը մատուցել ուսուցման ինտերակտիվ, ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով և մեթոդական հնարներով հագեցած մեթոդներով: Առաջնորդվելով այդ սկզբունքով, 2013 թվականին «Անտարես» հրատարակչության «Քիմիա 7» թարգմանական դասագրքի լրամշակված տարբերակը կազմելիս նպատակահարմար ենք գտել վերջում, հավելվածի ձևով զետեղելու 7-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված տեղեկատվական և փաստաժամանակագրական հարուստ նյութ, որը կազմելիս օգտվել ենք համացանցից, հրապարակում եղած բազմաբնույթ գրականությունից և «Զանգակ» հրատարակչության «Քիմիա 7» դասագրքից (հեղ. Ա. Խաչատրյան): Ուստի, այս կապակցությամբ, ես խորին երախտագիտություն եմ հայտնում «Զանգակ» հրատարակչությանը և գրքի հեղինակ Ա. Խաչատրյանին, իրենց նյութերից օգտվելիս ցուցաբերած մեծահոգության և մարդասիրական վերաբերմունքի համար:

Կ.Ավետիսյան Թարգմանական դասագիրքը լրամշակող, 16.03.2015 Ինչպես տեսնոււմ եք, այստեղ ամեն ինչ շրջված է գլխիվայր: Նշենք միայն, որ «Հավելվածի» մտահղացումը և դրանում ներկայացված ամբողջ նյութն Ա. Խաչատրյանի սեփականությունն է, և, որ «Անտարեսի» հավելվածում որևէ ինքնուրույն բառ-հոդված կամ այլ տեղեկատվություն պարզապես գոյություն չունի: Կ. Ավետիսյանի արձագանքից ակամա ստանում ես այն տպավորությունը, որ նա ընդհանրապես ի վիճակի չէ վերլուծելու ստեղծված իրավիճակը և գնահատելու իր պահվածքը: Զավեշտականն այն է, որ արտագրությունն արվել է մի դասագրքից, որը նույնպես ներկայացված է եղել մրցույթին: Ակամա հարց է առաջանում, որտեղի՞ց է ստացել Կ. Ավետիսյանն այն հավաստումը, որ մրցույթից պետք է դուրս մնան հենց «Զանգակի» դասագրքերը: Ո՞վ կարող է տալ այս հարցի պատասխանը:

ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի դասախոսներ`

ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԴՈՒՐԳԱՐՅԱՆ, ԱՌԼԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀԵՂԻՆԵ ՂԱԶՈՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՅԱՆ

07.07.2015

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս