Անկումների սարսափից
Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այդ փաստթղթում բոլորի ուշադրությունը միանգամից գրավեց 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ 1%։ Հիշեցնենք, որ 2015թ. պետբյուջեի հիմքում դրված է 4,1% տնտեսական աճ, ու չնայած գրեթե բոլոր միջազգային կառույցների գնահատականներին՝ ՀՀ կառավարությունը մշտապես նշել է, որ տնտեսական աճի կանխատեսումը վերանայելու հիմքեր չկան։
Հիմա, փաստորեն, վերանայել են՝ նվազման ուղղությամբ։ Սակայն սա նորություն չէ։ Դեռ մայիսի 21-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել էր. «Մենք նախատեսել ենք միջնաժամկետով՝ 2015թ., 1 տոկոս տնտեսական աճ: Ես համոզված եմ, որ ավել է լինելու, մինիմում 2-3 տոկոս է լինելու»: Այսինքն՝ այս հարցի պատասխանը կառավարությունն ունի՝ գրել են, բայց ավելին կապահովեն։
Սակայն փաստաթղթում կան նաև ոչ պակաս հոռետեսական կանխատեսումներ, ընդ որում, ոչ թե ընթացիկ տարվա, այլ 2016-2018թթ. համար։ Օրինակ, ըստ ՄԺԾԾ-ի՝ 2016-ին մասնավոր սպառման անկումը կկազմի 1.4%, 2017-ին՝ 3%, 2018-ին՝ շուրջ 5%։ Նույն պատկերն է նաև ներդրումների առումով։ Ներդրումների մակարդակը (ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը) 2014 թվականին փաստացի կազմել է 20.8%։ 2015 թվականին կանխատեսվում է 21%։ Իսկ հաջորդ տարիներին, ըստ կանխատեսման, ներդպումների մակարդակը կնվազի (2017-ին՝ 19,7%, 2018-ին՝ 19,6%)։ Բանկային համակարգի ներգրավվածության ցուցանիշը 2015թ. 37,9%-ից կնվազի և 2018-ին կհասնի 36.8%-ի։
Կարճ ասած, կառավարությունը բավականին անկեղծորեն խոստովանել է, որ մի շարք առանցքային ուղղություններով ոչ միայն աճ չի լինելու, այլ արձանագրվելու է անկում։
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում