Բաժիններ՝

Վարչապետ Հարությունյանը ներկայացրել է գյուղատնտեսության նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ, այցելել է գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արամ Մխոյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել գյուղատնտեսության նախկին նախարար Անդրանիկ Խաչատրյանին` կատարած աշխատանքի համար: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորելով նրան` Արայիկ Հարությունյանը մաղթել է նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք արդեն այլ բնագավառում:

«Այս տարիներին և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք խնդիրներ, սակայն արձանագրել ենք նաև հաջողություններ, ամենակարևորը` բավականաչափ փորձ ենք կուտակել, ինչն օգտագործվելու է հետագա աշխատանքների կազմակերպման գործում»,- ասել է վարչապետը:

Իր խոսքում Անդրանիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ չնայած ընթացիկ խնդիրներին, այնուամենայնիվ, նախարարությունը կարողացել է կատարել կառավարության ծրագրով գյուղոլորտին վերապահված գործառույթները և որոշակի հաջողությունների հասնել: Նա շնորհակալություն է հայտնել նաև նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և հավաստիացրել, որ անելու է հնարավորինս՝ իրեն տրված վստահությունն արդարացնելու համար:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արամ Մխոյանին` պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել նրան: Վարչապետը, մասնավորապես, ասել է. «Արցախի և Հայաստանի Հանրապետությունների լավագույն մասնագետներից մեկը համարվելով` Մխոյանը քաջատեղյակ է գյուղատնտեսության ոլորտին և իր գործունեությամբ արդեն երկար տարիներ աջակցում է Արցախում գյուղատնտեսական ծրագրերի իրագործմանը: Բնագավառին առնչվող իմ որոշումներում միշտ հաշվի եմ առել նրա խորհուրդները: Համոզված եմ՝ Արամ Մխոյանն իր գիտելիքներն ու փորձառությունը լավագույնս ծառայեցնելու է Արցախի գյուղատնտեսության զարգացմանը»:

Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին բարձր պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար՝ Ա. Մխոյանը նշել է, որ խորությամբ ծանոթ է ոլորտի խնդիրներին և համոզմունք է հայտնել, որ բոլոր հնարավորությունները կան Արցախի Հանրապետության գյուղատնտեսությունը հասցնելու բարձր մակարդակի: Նա խոստացել է լինել անաչառ ու սրտացավ նախարարության առջև դրված նպատակներին հասնելու ճանապարհին:

Վարչապետ Հարությունյանը, անդրադառնալով սկսված կառուցվածքային բարեփոխումներին, նշել է, որ տնտեսության պատշաճ զարգացումն ապահովելու համար նոր գործիքներ են կիրառվելու: «Սա վերջին կառուցվածքային փոփոխությունը չէ, փուլային շարունակվելու են փոփոխություններն ու կրճատումները, և աստիճանաբար պետական կառավարման համակարգի մի խումբ աշխատակիցների տեղափոխելու ենք տնտեսական դաշտ: Այս տեսանկյունից կարևորում եմ արդյունավետ ծրագրերի իրականացումը` առաջին հերթին մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ, որպեսզի կրճատված կադրերը համապատասխան հմտություններ ունենան տնտեսությունում աշխատանք գտնելու համար»:

Ա. Հարությունյանը հորդորել է փոխվարչապետ Աղաբեկյանին հետագա ծրագրերում լուրջ ուշադրություն դարձնել կադրերի վերապատրաստման վրա, որպեսզի անցումը սահուն իրականացվի: Հանդիպմանը ներկա Ա. Աղաբեկյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները պետք է միանշանակ ուղղվեն հանրապետության տնտեսության զարգացմանը՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս