«Չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանը մի բարդագույն խաղ է սկսել». Հայկ Ա. Մարտիրոսյան
«Իշխանությունը կուտակված ճնշումը նվազեցնելուն և գոլորշին բաց թողնելուն ուղղված քայլեր կատարեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանը` գնահատելով օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանն ու էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ նրա առաջարկներին:
Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու Սերժ Սարգսյանի առաջարկը հրաշալի է և այն միշտ էլ տեղին է: Սակայն, ըստ նրա, այս պարագայում այն մի քիչ նմանվում է ճաշից հետո մանանեխի:
«Բացի այդ`Ernst & Young աուդիտորական ընկերությունը, որ համաշխարհային երկու-երեք առաջատարներից մեկն է, արդեն անցկացրել է աուդիտ: Նրանցից լավ այդ գործը որևէ մեկը չի կարող գլուխ բերել: Մանավանդ որևէ հայկական կամ ռուսական կամ հայ-ռուսական համատեղ հանձնաժողով: Այդ առումով նույնպես կարելի է ասել, որ այս աուդիտը լավ, սակայն ածանցյալ դեր կարող է միայն խաղալ: Եվ երրորդ. ցուցարարները չեն պահանջում աուդիտի անցկացում: Նրանց պահանջները բոլորովին այլ են: Իշխանությունն, իհարկե կուտակված ճնշումը նվազեցնելուն և գոլորշին բաց թողնելուն ուղղված քայլեր է կատարում: Հայտնի է, որ նախագահն իր էությամբ շախմատիստ է և շատ խելացի շախմատիստ: Նրա գրեթե բոլոր գործողությունները մինչ այսօր եղել են հեռահար հաշվարկներով զգուշավոր գործչի քայլեր: Այժմ էլ հաշվարկը կայանում է նրանում, որպեսզի աննշան կորուստներով խաղավարտը սեփական կողմին հանձնվի: Հետաքրքրական է, որ նախագահի խոսքերում նաև հավաքը դադարեցնելու հորդոր կա, ինչպես նաև` ցույցը ցրելու պատրաստակամության վերաբերյալ առանձնապես չթաքցվող զգուշացում»,- մեկնաբանեց Հայկ Ա. Մարտիրոսյանը:
Սակայն նա կարևորեց մեկ այլ հանգամանք: Նրա խոսքով` անվտանգության ոլորտը Հայաստանի կարևորագույն խնդիրն է այս պահին:
«Անվտանգության բյուջեի կրճատման մասին հայտարարելով բարոյական ճնշում է գործադրվում ՀԷՑ-երի խնդրով բողոքողների վրա և դա նույնպես խորը հաշվարկի արդյունք է: Մյուս կողմից անչափ հետաքրքրական է, որ նախագահի խոսքում ասվում է, որ փոխհատուցումը ժամանակավոր է` մինչ աուդիտի ավարտը: Դա նույնպես ստրատեգիական նրբերանգ է, որը մեծ կարևորոթյուն ունի: Հետաքրքրական է նաև երկխոսության նախորդ փորձի ձախողուման պատասխանատվությունը գեղեցիկ դարձվածաբանությամբ ցուցարարների անկարողությանը վերագրելը և առաջիկայում ևս նման հանդիպման առաջարկ անելը: Դա, անշուշտ, նախագահի կողմից բարի կամքի դրսևորում է և մեծահոգի քայլ, սակայն հայտնի է, որ Բաղրամյան 26-ի դեմ կամ նրա որոշումների դեմ պայքարող և բանակցությունների նպատակով Բաղրամյան 26-ում հայտնվող բոլոր գործիչներն այնտեղ ստացել են բարեկամական ոճով հասցվող անթերի և մահացու բարոյական հարված և դրանից հետո երբևէ ուշքի չեն եկել այլևս: Եվ սա նույնպես նման հարված ստանալու գեղեցիկ հրավեր է: Կընդունվի՞ այն, թե՞ ոչ` դժվար է ասելը»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը:
Նրա կարծիքով, ամենակարևոր և ամենալուսավոր կետերից մեկը Սարգսյանի խոսքում այն ակնարկն է, որ հնարավոր է` ՀԷՑ-երը մասնավորեցվեն և հանձնվեն մրցութային կառավարման: «Չեմ բացառում, որ նախագահն ընդհանրապես մի բարդագույն խաղ է սկսել` վերջնական արդյունքում Մոսկվայից նման զիջում ստանալու նպատակով: Ինչպես հայտնի է` Սարգսյանի իրական մտադրություններին միայն Սարգսյանն է ծանոթ և երբեմն էլի մի ազգանուն, հետևաբար` կապրենք, կտեսնենք»,- նշեց Հայկ Ա. Մարտիրոսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ հենց այս փուլում Պերմյակովի գործը փոխանցվեց հայկական կողմին, ինչո՞ւ է ռուսական կողմն անհանգստացած, Հայկ Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, թե բնական է ռուսական կողմի անհանգստությունը:
Ավելին, ըստ նրա, անմտություն կլիներ, եթե չանհանգստանար: «Պետք չէ ռուսական հեռուստաալիքներով ելույթ ունեցող վարձու և ամեն ինչում դավադրություններ փնտրող փորձագետներին շփոթել Կրեմլի բնակիչների հետ: Բաղրամյան 26-ն ու Կրեմլը կապված են սերտագույն կապերով և բնական է, որ իրական ու հզոր շարժում տեսնելով` Կրեմլը պետք է խելամիտ որոշումներ առաջարկեր և ոչ միայն առաջարկեր, այլև` նախաձեռներ: Եվ սա էլ նույն շախմատային խաղերի շարքից է:
Մյուս կողմից` Պերմյակովի գործը փոխանցելը մի բան է, Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը փոխանցելը` մեկ այլ: Այդ երկրորդ հանգամանքն է, որ երբեք չի իրականանալու, իսկ այս պահին` մատուցված շագանակը շատ էլ տեղին է: Նաև դա ցույց է տալիս, որ Ռուսաստանն առավել զգուշավոր է Հայաստանի հանդեպ քան հայ հասարակությունը նախկինում կասկածում էր: Ռուսաստանն ամեն դեպքում չի ցանկանում հարավկովկասյան իր միակ և կարևորագույն հենարանն աստիճանաբար կորցնել: Հասկանալի է, դրա արդյունքում կկորչի և Հայաստանն ինքը, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի կորուստները պակաս նշանակալի կլինեն»,- մեկնաբանեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը: