Բաժիններ՝

«Ցուցարարների պահանջին տրվել է համալիր լուծում». Գագիկ Մինասյան

Մեր զրուցակիցն է ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը

– Պարոն Մինասյան, ՀԷՑ-ում միջազգային աուդիտն ի՞նչ արդյունք կտա:

– Ըստ էության՝ ցուցարարներն առաջարկում են, որ կասեցվի սակագնի բարձրացումը, և դրան ի պատասխան` ՀՀ նախագահն առաջարկեց մի մեխանիզմ, որը 100%-ով բավարարում է երիտասարդների առաջարկը: Ըստ էության՝ և՛ քաղաքացիները, և՛ տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են բարձրացման հետևանքով ավել էլեկտրաէներգիայի համար վճարելուց: Սա չափազանց կարևոր է, որովհետև մի կողմից` մեր քաղաքացիներն իրենց ընտանեկան բյուջեից հավելյալ գումարներ չեն ծախսելու, մյուս կողմից՝ մեր տնտեսվարող սուբյեկտներն իրենց ապրանքների և ծառայությունների համար մեր քաղաքացիներից հավելյալ գումարներ չեն պահանջելու, այսինքն՝ հավելյալ գնաճ տեղի չի ունենալու:

Բայց սա ամբողջը չէ: Ամբողջը կայանում է նրանում, որ մեր երկրում արտադրված ապրանքներն ու ծառայությունները շարունակելու են լինել մրցունակ, այսինքն՝ նրանց ինքնարժեքը չի բարձրանալու: Այս բոլորը նրա հետևանքն է, որ նախագահն առաջարկում է կասեցնել սակագնի բարձրացումը` մինչև միջազգայնորեն ճանաչված կառույցի միջոցով ուսումնասիրություն կատարվի ու պարզվի՝ որքանո՞վ է հիմնավոր սակագնի բարձրացումը: Այսինքն՝ հիմա պետք է ֆիքսենք, որ մեր ցուցարար երիտասարդների հիմնական պահանջը բավարարված է: Այստեղ առաջանում է 2-րդ հարցը՝ կասեցված սակագնի դիմաց կա՛մ պետք է փոխհատուցել էներգետիկ համակարգին, կա՛մ պետք է չփոխհատուցել:

Որպեսզի հասկանանք, թե ինչ տեղի կունենա, եթե փոխհատուցենք կամ չփոխհատուցենք, պետք է հասկանանք, որ այդ միջազգայնորեն ճանաչված ընկերությունը կարող է տալ 2 եզրակացություն՝ եզրակացություն N1՝ սակագնի բարձրացումը հիմնավոր է, և եզրակացություն N2՝ սակագնի բարձրացումը հիմնավոր չէ: Եթե սակագնի բարձրացումը հիմնավոր է, մենք չենք փոխհատուցում բյուջեից էներգետիկ համակարգի ընկերություններին, նրանք իրենց հասանելիքը չստանալով, որպեսզի կենսագործունեությունը շարունակեն, նոր վարկեր են վերցնելու, էլ ավելի են վատացնելու իրենց տնտեսական վիճակը:

Եվ որոշակի ժամանակ հետո, երբ պարզվի, որ սակագինն ավելի քան հիմնավոր է, նրանց կյանքի կոչելու համար շատ ավելի մեծ գումարներ են պահանջվելու բյուջեից կամ քաղաքացիներից, որը նույնն է: Երկրորդ տարբերակը՝ եթե պարզվի, որ սակագնի բարձրացումը հիմնավոր չի, այս պարագայում այն բոլոր գումարները, որ բյուջեից գնալու են էներգետիկ համակարգ, դրանք 100%-ով հետ են վերադառնալու բյուջե և, միաժամանակ, պատասխանատվության են ենթարկվելու այն բոլոր պաշտոնատար անձինք, որոնք սակագնի բարձրացման վերաբերյալ որոշում էին կայացրել: Այսինքն՝ մենք նախագահի առաջարկության մեջ ունենք մի պատասխան այն իրավիճակին, որը 100%-ով բավարարում է ցուցարար երիտասարդների կողմից առաջադրված հարցադրումը:

– Սակայն երիտասարդները չեն ընդունում այդ որոշումը՝ նշելով, որ դա ոչ թե կասեցում է, այլ ընդամենը քաղաքացիների գրպանի փոխարեն` վճարվելու է բյուջեից, որը նույնպես քաղաքացիների գրպանն է:

– Ոչ, դա իսկապես 100%-անոց կասեցում է, բայց պետք է պարզվի՝ հիմնավո՞ր է բարձրացումը, թե՞ ոչ: Նախագահի կողմից առաջարկվող լուծումը մի կողմից` 100%-ով բավարարում է իրենից ենթադրում ցուցարարների պահանջին, մուս կողմից` այդ պահանջն իրացնելու ամենատրամաբանական և արդյունավետ ճանապարհն է:

– Ըստ Ձեզ՝ քանի՞ տարվա համար է անհրաժեշտ աուդիտ իրականացնել ՀԷՑ-ում:

– Ես կդժվարանամ ասել, ես աուդիտի մասնագետ չեմ: Բայց, բացի այս միջազգային աուդիտից, որ եկեք կոչենք ուսումնասիրություն, նաև սեփականատերը պետք է աուդիտ անի: Ըստ էության՝ սեփականատերը՝ «ՌԱՕ ԵԷՍ»-ը, կորցրած շահույթ ունի: Այսինքն՝ այն փնթի կառավարումը, շռայլությունը և այլն, իհարկե, սակագնի վրա չեն կարող ազդել, դա անհեթեթություն է, որովհետև դրա համար մենք մարմին ունենք՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, որը թույլ չի տալիս` այդ շռայլություններն ու փնթի կառավարումն ազդեն սակագնի վրա:

Բայց փնթի կառավարումն ու շռայլություններն ազդում են «ՌԱՕ ԵԷՍ»-ի եկամուտների վրա, հետևաբար, սեփականատերը պետք է աուդիտ իրականացնի: Բայց այստեղ ոչ միայն սեփականատերը, այլ նաև մեր երկիրն ունի հետաքրքրություն, որովհետև, եթե սեփականատերը կորցրած շահույթ ունի, մենք էլ կորցրած շահութահարկ ունենք: Այսինքն՝ մենք ևս հետաքրքրված ենք, որ սեփականատերն իր կառույցում իրականացնի աուդիտ:

– Խոսքը միայն շահութահարկի մասին չի կարող լինել, որովհետև գործոններն ավելի շատ են, օրինակ՝ վատ կառավարման հետևանքով է, որ կորուստները չեն նվազում, ինչը բավականին մեծ վնաս է հասցնում Հայաստանին:

– Այդ ամեն ինչը պետք է պարզի սեփականատերը: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, կարող է շատ ավելի մեծ բարձիթողի վիճակ լինի, և կարող է շատ ավելի բարվոք վիճակ լինի, քան մենք ենթադրում ենք: Դա միայն աուդիտը կարող է պատասխանել:

– Պարոն Մինասյան, Դուք գտնում եք, որ ՀԾԿՀ-ում բա՞րձր որակավորում ունեցող մասնագետներ են աշխատում:

– Այո, միանշանակ դրական կարող եմ պատասխանել:

– Այսինքն, դա նշանակում է, որ այս միջազգային ուսումնասիրությունը կպարզի, որ սակագինը հիմնավորված է և իջնելու տեղ չունի, այդպիսով՝ հաստատելով ՀԾԿՀ որոշումը:

– Չի կարելի կանխորոշել, թող մանակցեն նաև մեր ցուցարար երիտասարդները՝ ընտրելու համար այն միջազգային կառույցը, որն իրենց վստահություն է ներշնչում: Իրենց միջից, ընդդիմությունից՝ տնտեսագետներ, էներգետիկներ, ֆինանսիստներ թող ընտրեն, որոնք թույլ չեն տա, որ այդ կառույցը վատ ուսումնասիրություն իրականացնի, և ինչ որոշվի, բոլորի համար շատ կարևոր է, որ վստահություն լինի այդ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ: Ավելի կարևոր բան, քան հանրային վստահությունը, այսօր չկա: Նույնիսկ, ՀՀ նախագահը շատ դիպուկ ասաց՝ սա ազգային անվտանգության խնդիր է:

– Եթե, այնուամենայնիվ, այդ ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ սակագինը հիմնավորված է բարձրացվել, դա կնշանակի, որ միանգամից կտրուկ գնաճ տեղի կունենա երկրում:

– Բայց մի՞թե դա երկրորդական չի: Մեզ համար կարևոր է՝ հիմնավո՞ր է, թե՞ չէ: Եթե հիմնավոր է, ու ընդվզում կա դրա նկատմամբ, ես դա լավ չեմ հասկանում:

– Հակասություն չե՞ք տեսնում, որ եթե մի կողմից` ասում ենք, որ սակագինը հիմնավորված է բարձրանում, իսկ մյուս կողմից` խնդիր կա, որ, եթե վատ է կառավարվել ՀԷՑ-ը, լավ կառավարման դեպքում համակարգն ավելի լավ վիճակում կգտնվեր, և գուցե կարիք չլիներ սակագնի բարձրացման:

– Ունենք 3 բաղադրիչ (սակավաջրություն, ԱԷԿ-ի գործունեության երկարաժամկետ դադար, տարադրամի փոխարժեք), որոնց պատճառով է բարձրանում սակագինը, դրանցից որևէ մեկը վատ կառավարման հետևանք չի: Եթե ՀԾԿՀ-ն վատ կառավարման հետևանքով թեկուզ մի լումա սակագնի բարձրացում է թույլ տվել, ճիշտ չի արել, դեմ է գնացել իր պարտականությունների պատշաճ կատարմանը:

– Վատ կառավարում ասելով` ի նկատի ունեմ, որ եթե գլոբալ առումով լավ կառավարվեր, օրինակ՝ կորուստները նվազեցվեին, ընկերությունն այդտեղ կշահեր, և հնարավոր կլիներ դրա շնորհիվ այս 3, գուցե և օբյեկտիվ, գործոնների պատճառով չբարձրացնել սակագինը:

– Տեսեք՝ կորուստների ռեալ չափը և կորուստների այն չափը, որը հիմնավոր է համարվում և դրվում է սակագնի մեջ, իրարից տարբերվում են, և ՀԷՑ-ի ներկայացրած կորուստների չափը ոչ մի կապ չունի սակագնի մեջ դրվող կորուստների հաշվարկային չափի հետ: Իսկ կորուստների հաշվարկային չափը ՀԷՑ-ը չի որոշում: Մասնագիտական կառույցն է ուսումնասիրում հաղորդալարերի երկարությունը, դրանց տարիքը, տրանսֆորմատորների վիճակը, վերանորոգման պարբերականությունը, այդ ամեն ինչը հաշվի առնելով` օբյեկտիվորեն ասում է, որ այս համակարգում կորուստները պետք է լինեն այսքան: Իսկ ռեալ կորուստները, որ ավելի շատ են, սակագնի հետ կապ չունեն:

– Պարոն Մինասյան, մինչ այդ միջազգային ուսումնասիրությունը կատարվի, այս ամիսների ընթացքում իրադրությունն ինչպե՞ս կզարգանա, իշխանության քայլը ո՞րը կլինի, եթե ցուցարարները շարունակեն պայքարը:

– Նախագահի կողմից ցուցարարների պահանջին տրվել է համալիր լուծում՝ միակ տրամաբանական մեխանիզմով: Եթե ցուցարարները կամ նրանց մի մասը սա չեն ուզում ընդունել, ես պետք է մտածեմ, որ նրանք կա՛մ այլ հարց էին հետապնդում, կա՛մ հիմա իրենց հարցադրումը փոխում են:

– Կարծում եք, որ Սերժ Սարգսյանի կողմից այլ քայլ այլևս սպասելի չէ՞:

– Ես չեմ կարող կանխորոշել նախագահի քայլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս