«Այդ որոշումը նրանք հեշտ չեն կայացրել, բայց դա սխալ որոշում էր». Բորիս Նավասարդյանը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների մասին

«Չեմ կարծում, որ քաղաքական գործիչներն ուղղորդեցին մարդկանց»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ իր համար հենց ակցիայի սկզբից էլ պարզ էր, որ քաղաքական տարբեր հոսանքներ Հայաստանում փորձեցին դա տեղավորել իրենց քաղաքական օրակարգի մեջ: Սակայն, ըստ նրա՝ ակցիայի մասնակիցները հակված չեն վստահելու որևէ քաղաքական կուսակցության և ցանկանում են ակցիան պահել՝ որպես զուտ քաղաքացիական, և ուղղորդվել հենց ակցիայի մասնակիցների պատկերացումներով:

«Չնայած երեկ մենք նաև տեսանք, որ բուն ակցիայի մասնակիցները տարբեր տեսակետներ ունեն, և մի մասը գտնում է, որ միջանկյալ հաղթանակ է տեղի ունեցել, և կարելի է ավելի հանգիստ պայմաններում շարունակել գործընթացն Ազատության հրապարակից: Մի մասն էլ գտնում է, որ այստեղ խաբկանքի մեծ հնարավորություն կա՝ հաշվի առնելով, թե աուդիտն ինչքան ժամանակով է նախատեսված, ինչպես նաև գտնում են, որ, ըստ էության, նշանակություն չունի, թե որտեղից է փակվում էլեկտրաէներգիայի բարձր սակագինը՝ բնակիչներից անմիջապե՞ս, թե՞ նրանց հարկերի միջոցով: Այդ երկու մոտեցումների տարբերությունը բերեց նրան, որ ակցիան բաժանվեց 2 մասի»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ այս պառակտված վիճակով ինչպե՞ս եք պատկերացնում պայքարի հետագա շարունակությունը, Բ. Նավասարդյանն այսպես պատասխանեց. «Երևի այսօր և վաղը պարզ կլինի՝ պառակտված վիճա՞կ է, թե՞ ոչ, քանի որ կարծում եմ՝ դեռ երկխոսության հնարավորություն կա Ազատության հրապարակի և Բաղրամյան պողոտայի մասնակիցների միջև: Շատ հավանական է, որ Ազատության հրապարակի հատվածներն ուղղակի մարեն, ու բողոքի ակցիաները կենտրոնանան Բաղրամյան պողոտայի վրա, եթե չլինի ուժային լուծում, քանի որ, կարծում եմ՝ Բաղրամյանում ավելի շատ են ու ավելի վճռական զանգված է հավաքված»:

Կարդացեք նաև

Մեր դիտարկմանը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության տղաների Ազատության հրապարակ գնալը շատերը որպես դավաճանություն են որակում, Բ. Նավասարդյանը պատասխանեց, որ ինքը դա դավաճանություն չի համարում: Նա կարծում է՝ ո՛չ դավաճանները, ո՛չ սադրիչներն այստեղ մեծ դերակատարություն չեն կարող ունենալ: Պարզապես նա կարծում է՝ այդ տղաները պայքարի մեջ փորձ չունեն, մեծ հեղինակություն և ճանաչում չեն վայելում և ինչ-որ պահի որոշեցին, որ չեն կարող պատասխանատվություն կրել հետագա զարգացումների համար:

«Նրանք փորձեցին ապահովել մարդկանց անվտանգությունը և ավելի խաղաղ մարտավարություն ընտրել, կարծում եմ՝ այդ որոշումը նրանք հեշտ չեն կայացրել, բայց, ինչպես զարգացումները ցույց են տալիս, երևի այս ակցիայում դա սխալ որոշում էր, դրանով իրենք կորցնելու են իրենց լիդերի դիրքը:

 

Տեսանյութեր

Լրահոս