«Արարատբանկն» ունի համապատասխան միջոցներ՝ բանկ կամ որևէ բանկի վարկային պորտֆել ձեռք բերելու համար. Աշոտ Օսիպյան
2014թ. մենք իրականացրել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները։ Այս մասին այսօր «Արարատբանկի» բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում հայտարարեց բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը՝ ավելացնելով, որ իր և իր թիմի նպատակն է` ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայկական բանկ:
Ներկայացնելով «Արարատբանկի» ռազմավարական նպատակները՝ նա նշեց, որ առաջինը ոչ օրգանական աճն է: «Ոչ օրգանական աճ նշանակում է` ձեռքբերում՝ բանկ կամ որևէ բանկի վարկային փաթեթ: Մենք ունենք պայմանավորվածություն բոլոր բաժնետերերի հետ, ունենք համապատասխան միջոցներ՝ դա իրականացնելու համար: Ինձ շատ են հարցնում՝ ինչո՞ւ ոչ օրգանական, ավելի հեշտ չէ՞՝ ձեր պորտֆելն ինքներդ ավելացնեք՝ առանց որևէ մեկի ձեռքբերման: Հարգելի բաժնետերեր, եթե նայեք համաշխարհային տնտեսության պատմական զարգացումները, եթե կա տնտեսության որոշակի անկում կամ զարգացման դանդաղեցում, շատ դժվար է ապահովել վարկային ներդրումների աճ։ Վարկային ներդրումների աճը կարելի է ապահովել միայն ձեռքբերման միջոցով, որը մենք կփորձենք իրականացնել»:
Հաջորդ նպատակը բաժնետոմսերի թողարկումն է, շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքներ կատարել: «Մենք մեկնարկել ենք նոր ծրագիր, որը կոչվում է`ապագա բանկ (future banking): Ինտերնետ բանկը մենք ունենք երկու տարի, ակտիվացնելու ենք այդ ծառայությունը: Մեկ ամսից հետո մեր հաճախորդները կունենան նոր ծառայություն, որը կապված է mobile banking-ի հետ: Դա նշանակում է՝ ցանկացած պահին, ցանկացած տեղում կարող եք ցանկացած ձևով կառավարել ձեր բանկային հաշիվը: Մենք նախատեսում ենք մինչև տարվա վերջ ունենալ մասնաճյուղ, որտեղ սպասարկող անձնակազմ չի լինելու, լինելու են միայն մեքենաներ»,- ասաց Աշոտ Օսիպյանը:
Անդրադառնալով ընթացիկ մարտահրավերներին՝ Ա. Օսիպյանն ասաց, որ առաջին ամենակարևոր մարտահրավերն ակտիվների արժեքը կայուն վիճակում պահելն է, երկրորդը՝ լինել իրացվելի, երրորդը՝ գործունեության արդյունավետության բարձրացում և ինտեգրացիոն խնդիր բանկի բոլոր շահառուների միջև: «Քանի որ բանկի ակտիվների 76 տոկոսից ավելին հանդիսանում են վարկային ներդրումները, ապա մեզ համար կարևոր է մեր վարկային փաթեթի, մեր վարկերի արժեքը պահել ադեկվատ վիճակում, այսինքն՝ մեր տրամադրած մեկ միավոր վարկը որոշակի ժամանակ հետո ունենա մեկ միավոր արժեք: Այդ առումով անցյալ տարվա կեսից մենք անցել ենք պատասխանատու ֆինանսավորման (responsible finance) գաղափարին, որում բանկը պատասխանատվություն է կրում իր վարկառուների համար»,- ասաց Աշոտ Օսիպյանը՝ նշելով, որ հաճախորդների մոնիտորինգ իրականացնում են ամենօրյա, ամենժամյա ռեժիմով. «Դա շատ ծանր աշխատանք է, բայց մենք պետք է միշտ լինենք հաճախորդի կողքին, հասկանանք հաճախորդի խնդիրները և, Աստված ոչ անի, հաճախորդների պրոբլեմները, որպեսզի կարողանանք լուծումներ տալ»: Նա նշեց, որ եթե մինչև նախորդ տարի պարտավորությունների կառավարման քաղաքականությունն այնպիսին էր, որ 50% ներգրավում իրականացնում էին` ներսի, 50%` դրսի շուկայից, ապա այս տարվանից որդեգրել են 60/40 քաղաքականությունը. «60 տոկոսը ներգրավում ենք արտաքին շուկայից, 40-ը` ներքին շուկայից: Մինչև տարվա վերջ այդ համամասնությունը կլինի 70/30»: Աշոտ Օսիպյանն ասաց, որ փորձելու են ավելի շատ ունենալ բարձր եկամուտ բերող, իրացվելի ակտիվներ, որպեսզի կարողանան բանկը միշտ իրացվելի պահել:
Ներկայացնելով «Արարատբանկի»՝ 2014թ. գործունեության հիմնական արդյունքները՝ բանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանն ասաց, որ 2014թ. ընդհանուր առմամբ հաջողված էր «Արարատբանկի» համար: Նրա խոսքով՝ 2014թ. ընթացքում բանկի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով՝ ընդհանուր առմամբ կազմելով 138,3 մլրդ դրամ, բանկի վարկային ներդրումներն աճել են շուրջ 10.7 տոկոսով, իսկ կապիտալի աճը կազմել է 10.5 տոկոս: Աճել է բանկի հաճախորդների թիվը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից «Արարատբանկը» ճանաչվել է ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանի Հանրապետությունում, NASDAQ OMX ARMENIA բորսայի կողմից երեք անվանակարգերում՝ բորսայի լավագույն մասնակից պետական պարտատոմսերի շուկայում, բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում և բորսայի լավագույն անդամ բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասաց, որ բազմամյա գործունեության ընթացքում «Արարատբանկը» կարևոր դեր է ունեցել Հայաստանի բանկային համակարգի զարգացման ու կայացման գործում և շարունակում է ունենալ առաջատարի դերը համակարգում: «Վարելով ակտիվ վարկային քաղաքականություն և ներգրավված լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող մի շարք ծրագրերում՝ «Արարատբանկը» մշտապես նպաստում է Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ճյուղերի զարգացմանը: Վերջին 3-4 տարիների ընթացքում բանկն ունեցել է ակտիվների և վարկերի բավականին բարձր միջին տարեկան աճեր»,- ասաց ԿԲ նախագահի տեղեկալը՝ նշելով, որ, միևնույն ժամանակ, բանկը շարունակում է ապահովել վարկերի բարձր վերադարձելիություն, ինչը կարևոր է ռիսկերի կառավարման տեսակետից. «Դա նշանակում է, որ բանկն ունի ներքին հսկողության բավականին զարգացած և արդյունավետ համակարգ»: Նա նշեց, որ կարևորում են այն փաստը, որ բանկը բաժնետիրական ընկերություն է և ունի մեկից ավելի բաժնետերեր, այդ թվում` նաև ինստիտուցիոնալ բաժնետեր։
Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն ասաց, որ «Արարատբանկն» իր գործունեության ընթացքում միշտ աչքի է ընկել առաջադիմությամբ, նորարական մոտեցումներով և բազմաթիվ բաժնետերի շահերի անշեղ հետապնդմամբ: «Օրինակ՝ «Արարատբանկն» առաջինն էր Հայաստանում, որ դեռևս 2007թ., որպես ֆինանսական նոր գործիք` թողարկել էր կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, և այդ պահից անցած բոլոր տարիներին միշտ էլ եղել է արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից՝ այս ամիս իրականացնելով իր պարտատոմսերի արդեն 9-րդ թողարկումը, ինչը թույլ է տալիս ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ և դրանք ուղղել տնտեսության վարկավորմանը, իսկ մյուս կողմից՝ հաճախորդներին առաջարկել խնայողությունների պահպանման և ավելացման այլընտրանքային գործիք: «Արարատբանը» նաև առաջիններից էր, որ վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության՝ ճանապարհ բացելով ինստիտուցիոնալ ռազմավարական կառույցների առջև՝ բաժնետերերի կազմում ընդգրկվելու համար»,- ասաց Հայստանի բանկերի միության նախագահը: «Իսկ ամենագլխավորը` «Արարատբանկում» տարիների ընթացքում ձևավորվել է միահամուռ, բարձր պրոֆոսիոնալ հատկանիշներով օժտված աշխատանքային կոլեկտիվ»,- ասաց նա՝ նշելով, որ բանկի զարգացման դրական դինամիկան միանշանակ ակնառու է:
Օֆելյա Հովհաննիսյան