Բաժիններ՝

Ինչու է ՀԷՑ-ը հաճախակիացրել հոսանքազրկումները

Վերջին օրերի ընթացքում Երևանում և hանրապետության որոշ մարզերում էականորեն վատթարացել է էներգամատակարարումը:

168.am-ի տեղեկություններով` հաճախակիացել են հոսանքազրկումները հատկապես Երևան քաղաքում, Արմավիրի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում այն դեպքում, երբ վերջին մի քանի տարիների ընթացքում նման համատարած հոսանքազրկումներ չեն եղել: Հոսանքազրկումները նույնիսկ համացանցային քննարկումների առարկա են դարձել և ուշագրավն այն է, որ էներգամատակարարման խնդիրները գլուխ են բարձրացել այն օրերի ընթացքում, երբ հազարավոր երիտասարդներ Բաղրամյանի պողոտայում պայքարում են էլեկտրաէներգիայի նոր, ավելի թանկ սակագնի դեմ:

Այնինչ, ինչպես պնդում են թանկացման կողմնակից մասնագետները, վերջին տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բոլոր բարձրացումների նպատակն անխափան էներգամատակարարում ապահովելու նպատակով վերցված վարկերի մարումն է եղել:

Նույն այդ մասնագետների պնդումների համաձայն, էլեկտրաէներգիայի թանկացման վերջին որոշման նպատակը ևս դա է` բնակչությանն անխափան հոսանքով ապահովելու ձգտումը:

Չի բացառվում, որ հատկապես այս օրերին հոսանքազրկումներով ՀԷՑ-ը փորձում է հասկացնել բնակչությանը, թե ինչ հեռանկար է խոստանում նրանց արդեն իսկ ընդունված որոշման չեղարկումը:

Ի դեպ, օրերս ՀէՑ-ը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ հունիսի 22-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար հոսանքազրկումներ են իրականացվելու, սակայն, ինչպես երևում է ՀԷՑ-ի վերանորոգման աշխատանքները երկարաձգվում են: Այս մասին 168.am-ը դեռ հավելյալ տեղեկություններ կփորձի ստանալ ՀԷՑ-ից և «Ինտեռ ՌԱՈ» խմբից:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Վալերի Օսիպյանը տեղեկացրել էր, որ Բաղրամյանի պողոտան կեսգիշերն անց հոսանքազրկվելու է կարճ ժամանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս