Ինչի՞ համար ենք պայքարում
Հունիսի 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում հավաքվել էին քաղաքական գործիչներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որպեսզի կենդանի պատ կազմեն ցուցարարների և ոստիկանների միջև` բախումը կանխելու համար։
Եկողների թվում էին նաև «Վիտամին» ակումբի տղաները, ովքեր մի այսպիսի հայտարարություն արեցին` «գքանի որ պայքարը քաղաքական չի, այլ քաղաքացիական էգ»։ Այնպիսի տոնով ասացին, կարծես «քաղաքականն» ինչ-որ արատավոր, կեղտոտ ու վտանգավոր բան է, որից ամեն կերպ պետք է հեռու մնալ։
«Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը քաղաքական չէ»։ Վերջին շրջանում այս միտքն այնպիսի հետևողականությամբ է շեշտվում, որ մտածում ես` «քաղաքական» բառն արդեն որպես հայհոյանք է ընկալվում։
Իսկ ի՞նչ հիմնավորմամբ են ասում, որ սա քաղաքական պայքար չէ։ Որովհետև ա) պայքարն առաջնորդողները քաղաքական ուժեր կամ քաղաքական գործիչներ չեն, և բ) որովհետև առաջ քաշված պահանջը քաղաքական չէ` խոսքը կոնկրետ էլեկտրաէներգիայի թանկացման մասին է։
Լավ, իսկ ի՞նչ է այդ դեպքում` սոցիալակա՞ն, բարոյակա՞ն, տնտեսակա՞ն։ Այո, կոնկրետ էլէներգիայի հարցը թվում է տնտեսական բնույթի, այն տեսանկյունից, թե տնտեսապես որքանով է հիմնավորված կամ չհիմնավորված էլեկտրաէներգիայի թանկացումը։ Սակայն ցանկացած տնտեսական հարց (մանավանդ` հասարակության լայն շերտերին առնչվող) ունի քաղաքական ենթատեքստ։
Տեսեք, ՀԷՑ-ն առաջարկում է հոսանքը թանկացնել 17 դրամով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտը բավարարում է մասնակի` 6.93 դրամով, հասարակությունն ընդհանրապես դեմ է թանկացմանը։ Հիմա խոսում են նոր հանձնաժողով ձևավորելու, միջազգային աուդիտ անցկացնելու և այլնի մասին։
Սակայն խնդիրը, մեծ հաշվով, վստահության մեջ է։ Հասարակությունը չի վստահում ՀԾԿՀ-ին` Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Հասարակությունը գտնում է, որ գործ ունենք պարզ կրիմինալի հետ։ Այսինքն` ոմանք տարիներ շարունակ լափել են էլեկտրաէներգիայի գումարները, համակարգը հասցրել կործանման եզրին ու հիմա փորձում են իրենց լափածը փաթաթել ամբողջ բնակչության վզին։
Որքան էլ չհավատանք ու չվստահենք ՀԾԿՀ-ին, փաստ է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը կանգնած են սնանկացման շեմին։ Ու առանց լրացուցիչ ֆինանսավորման` չեն կարող նորմալ շարունակել իրենց գործունեությունը։ Կարճ ասած` ՀԷՑ-ին փող է պետք, շատ փող։ Իսկ որտեղի՞ց պետք է գոյանա այդ փողը։
Տեսականորեն կա 3 հնարավոր աղբյուր։ Առաջին աղբյուրը վարկերն են, սակայն դա հակառակ էֆեկտն է տալու։ Պարտքով պարտք փակելը կործանում է թե՛ անհատներին, թե՛ ընկերություններին։
Երկրորդ աղբյուրը սակագնի բարձրացումն է, որն էլ հենց մեր դեպքում ընտրվեց։
Սակայն կա նաև երրորդ աղբյուրը` որոշակի մարդիկ կամ մարդկանց խումբ։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ են զբաղեցրել ՀԷՑ-ում, և պետական այն պաշտոնյաներին, որոնք վերահսկել են այդ ոլորտը։ Այս մարդիկ, առանց չափազանցության, դոլարային միլիոնատերեր են։ Ոմանք` մուլտիմիլիոնատերեր։ Այսինքն` երկար տարիներ գրպանվել են ատղաբաշխական գումարներ։ Ու գրպանվել են ոչ թե` մասնավոր ընկերությունից, այլ` բոլորիցս։ Մի խոսքով` երրորդ տարբերակն այդ մարդկանց «դոսյեները» մանրամասն ուսումնասիրելն է և ՀԷՑ-ի վնասները նրանց հաշվին փակելը։ Սա արդեն տնտեսական հարց չէ, սա կոնկրետ իրավական ոլորտին առնչվող հարց է։
Բայց այստեղ էլ այլ խնդիր կա։ Հասարակությունը, ինչպես որ չի վստահում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այնպես էլ չի վստահում ՀՀ դատաիրավական համակարգին (Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, Դատախազությանը և այլն)։
Հայաստանը փոքր երկիր է, կես ժամում կարելի է պարզել, թե ով որքան է յուրացրել էլեկտրաէներգիայի գումարներից։ Սակայն ոչ ոք չի հավատում, որ անգամ «միջին տրամաչափի» գանձագողերը պատասխանատվության կենթարկվեն։
Եթե ամփոփենք, հասարակությունը չի վստահում պետական կառույցներին։ Պետությանը։ Իսկ սա արդեն կոնկրետ քաղաքական խնդիր է` անկախ նրանից, թե պայքարն ով է առաջնորդում, և կոնկրետ ինչ խնդիր է դրված։ Ավելին, շատ խորանալու դեպքում կարող է պարզվել, որ աշխարհաքաղաքական խնդիր է` հաշվի առնելով, թե ով է ՀԷՑ-ի սեփականատերը։
Դրա համար, ենթագիտակցաբար թե մտածված, բողոքող ցուցարարները չեն դիմում համապատասխան կառույցներին և խնդրի կոնկրետ լուծման ուղիներ չեն առաջարկում։ Նրանք հարցը դնում են այսպես` հոսանքը մի՛ թանկացրեք։ Սա շատ նման է, որ մեքենան հանձնեք ավտոլվացման կետ, և, երբ գաք դրա ետևից, տեսնեք, որ պահեստային անվադողը չկա։ Աշխատողներից մեկը մեղքը գցում է մյուսի վրա, մյուսը` երրորդի, երրորդն էլ ձեզ համոզում է, որ անվադողն ինքնոչնչացվել է։ Պարզ է, որ դուք ոչ թե կսկսեք բացատրել, որ անվադողը չէր կարող ինքն իրեն ցնդել, այլ պարզ պահանջ կդնեք` 10 րոպեից իմ անվադողը ետ տաք։ Ինչպե՞ս` դա ձեր խնդիրը չէ։ Նույն տրամաբանությամբ, հասարակությունը պարտավոր չէ ուղիներ առաջարկել` ինչպես չթանկացնել հոսանքը։ Որովհետև տեսնելով իրենց հարևանությամբ ապրող ցանցի միլիոնատեր պետերին` բոլորը համոզված են` ցանկության ու կամքի դեպքում հոսանքը չթանկացնելու ձև կարելի է գտնել։ Եվ սա շատ հասկանալի ու տրամաբանական մոտեցում է։
Այս ամենը ցույց է տալիս, որ սա կոնկրետ քաղաքական պայքար է։ Այսինքն` ժողովուրդը փորձում է իր ծառային` պետությանը, կարգի հրավիրել։ Ստիպել հարգել ժողովրդի շահերը, ապահովել օրենքի իշխանությունը, և այլն։
Մեր հայրենակից, հայտնի տնտեսագետ Տարօն Աճեմօղլուն վերջին տարիներին չի հոգնում կրկնել այն միտքը, որ Հայաստանի խնդիրների (այդ թվում` առաջին հերթին` տնտեսական) պատճառները պետք է փնտրել քաղաքականության մեջ։ Հոսանքը չէր թանկանա, եթե ոմանք չլափեին։ Ոմանք չէին լափի, եթե իմանային, որ դատվելու են։ Որպեսզի իմանային, որ դատվելու են, պետք է լինեին նորմալ պետական ինստիտուտներ (օբյեկտիվ հանձնաժողով, դատաիրավական համակարգ, և այլն)։ Որպեսզի լինեն նորմալ պետական ինստիտուտներ` անկաշառ, օբյեկտիվ ու ժողովրդին հաշվետու, պետք է ունենալ նորմալ, ժողովրդավարական երկիր։
Ու իրականում պայքարը 7 դրամի համար չէ։ Պայքարը նորմալ երկիր ունենալու համար է։ Այսքանից հետո կարելի՞ է ասել, որ քաղաքական չէ այս ամենը։ Դժվար թե։ Պարզապես քաղաքական գործիչներն են այնքան վարկաբեկել քաղաքականություն ասվածը, որ մարդիկ խուսափում են այդ բառից։ Չնայած` զբաղված են կոնկրետ քաղաքական խնդրի լուծմամբ։
Այնպես որ, շոու-բիզնեսի և հարակից ոլորտների հարգելի ներկայացուցիչներ, դուք փաստացի քաղաքական պրոցեսի մեջ եք։ Սակայն նեղվել պետք չէ։ Կամ պետք է, սակայն ոչ թե` քաղաքականությանը խառնվելու մտքից, այլ նրա համար, որ երկար տարիներ ձեզ դուրս եք պահում քաղաքականությունից։