Փաշինյանը բացահայտեց Սամվել Կարապետյանին կալանավորելու պատճառը

Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսին 168.am-ի լրագրողը նախ դիտարկում արեց, որ նա 2020 թվականից անընդհատ զիջումների է գնում՝ սկսած Արցախից, ինչ է զիջել Ալիևը: Երկրորդը հարցն առնչվում էր այժմ կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանին՝ վախենո՞ւմ եք, որ նրան տարաք կալանքի», հարցեր եղան նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում առկա բանակցային փաստաթղթերը հրապարակելու մասին, ինչի մասին բազմիցս կոչ են անում ՀՀԿ-ականները:

«Դուք քիչ առաջ կրկին հայտարարեցիք, որ Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ այն փաստաթուղթը, որ հայտնվել է ձեր սեղանին, Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքն է։ Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀԿ-ն ձեզ կոչ է անում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթը, փաստաթղթերը։ Ի՞նչն է ձեզ խանգարում դա անել։ Որքա՞ն եք պատրաստվում գաղտնի պահել դրանք և շահարկել, առավել ևս եթե ասում եք, որ տարբեր առիթներով գաղտնազերծել եք։ Գործընկերոջս հարցին ի պատասխան ասացիք, թե դեռ ուսումնասիրում եք՝ արդյոք այդ փաստաղթերում պետական շահերին վնասող տեղեկություններ կան, թե ոչ։ Արցախի կորստից հետո ի՞նչ ավելի մեծ վնաս կարող է սպառնալ մեր պետական շահերին, արդյո՞ք ձեր այդ փաստարկը ժամանակավրեպ չէ և սոսկ հրապարակումից խուսափելու նպատակ չի հետապնդում»,- հարցրեց 168.am-ի լրագրողը։

Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ  անընդհատ զիջումներ անելու մեղադրանքին՝ ասելով.

«Եթե ես ՀՀ վարչապետն եմ, իսկ դա այդպես է, ՀՀ-ն իր միջազգային ճանաչված տարածքներն ունի, ես ի՞նչ եմ զիջել, ես ոչ մի բան չեմ զիջել: Եթե ես պատմական Հայաստանի վարչապետն եմ, կամ՝ համայն հայության, այդ դեպքում կարող եք ասել՝ զիջում եք»։

Նա հավելեց, որ «Կրթվելը նորաձև» է շարժման շրջանակում և «իրական Հայաստանի» տրամաբանության մեջ հենց այս հարցերին է անդրադառնում, որ վերջին տարիների մեր պատմությունը ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների պատմություն է:

Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ ճիշտ համարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության տակ ստորագրելով՝ պատերազմը կանգնեցնելը, քանի որ 25.000 մարդու ճակատագրի հարց կար: Իսկ պատերազմում, ըստ նրա, մեր տղաները զոհվեցին, որ վերջապես Հայաստանի Հանրապետությունը դառնա անկախ պետություն:

«2023 թվականին սուտ, հիբրիդային լուրեր էին տարածում, թե ՀՀ վարչապետը փակել է սահմանը, որ Ղարաբաղի ժողովուրդը չգա Հայաստան: Եվ ամբողջ Հայաստանը, լրատվամիջոցները, հ/կ-ներն ինձնից պահանջում էին՝ բացեք սահմանը: Ո՞վ էր փակել սահմանը, ես ոչ մեկի երբեք չեմ արգելել: Հետո այդ քաղաքական էլիտաները Ղարաբաղի ժողովրդին իրանց մոտեցումներով, արտաքին ուժերի հետ ձեռք ձեռքի տված՝ էնպիսի մթնոլորտ ստեղծեցին, որ այդ մարդիկ թողնեն… բայց հետո ասեցին՝ Նիկոլը Ղարաբաղը տվեց: Ում տվեց Նիկոլը Ղարաբաղը, ես պատասխանատու ասում եմ՝ ես ոչ մի բան չեմ զիջել: Ես կանգնել եմ, կանգնած եմ և շարունակելու եմ կանգնած մնալ ՀՀ պետականության, ինքնիշխանության, անկախության, ժողովրդավարության դիրքերում»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, Փաշինյանի խոսքով, հարցը բաղկացած է երկու մասից՝ քաղաքական և իրավական:

«Իրավականին ես չեմ անդրադառնում, դրան թող իրավաբաններն անդրադառնան: Ես անդրադառնում եմ քաղաքական մասին: Ասում են՝ Սամվել Կարապետյանը ՀՀ-ում քաղաքական գործունեություն է ծավալում կամ ծավալելու է: Ես հարց եմ տալիս՝  Սամվել Կարապետյանն իր հիմնական քաղաքացիության երկրում կարո՞ղ է մտքով անցկացնել, որ իրեն պահի այնպես, ոնց որ փորձում է պահել ՀՀ-ում:

Եթե հանկարծ իր հիմնական քաղաքացիության երկրում իր գլխում տենց միտք ծագի, ինքը պատուհանից ինքնակամ կթռնի, չի թողնի ուրիշները բան անեն, ընդ որում, հնարավորինս ամենաբարձր հարկից: Ժողովուրդ ջան, կներեք, ես ասում եմ՝ ՀՀ-ն «պրախադնոյ դվո՞ր» է: Բա ես էդ էի գրել, որ դրել եք ձեզ… Կալուգայի, անուն էի հորինել «Նիժնի Տապռ» գյուղն ա, ինչ ա, որ էկել եք՝ մենք մեր ձևերով էս ենք անելու, հետո մտնել չուլանը, հետո դուրս գալ և ասել՝ թքած ունեմ ՀԷՑ-ի վրա էլ… հիմա էլ՝ վայ, ՀԷՑ-ի հետ ինչ եք անում:

Ես ասում եմ, հարգելիներս, ոնց որ ձեզ հիմնական քաղաքացիության երկրում պահում եք, Հայաստան գալուց հլը մի հատ հավսար-զգաստ էղեք, արա՛: Սա ձեզ համար բան չի, սա պետություն ա: Եվ ասել եմ, որ պետության համը մնալու է բերաններդ: Ով սենց պահի, պետության համը երկար մնալու է բերանները»,- հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, որ սա ասում է ոչ թե՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, այլ՝ որպես ՀՀ վարչապետ՝ ժողովրդի կողմից ընտրված:

«Չագուչը յուղած, իմ աշխատանքային սեղանին դրած է»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս