«Տղան պատմել է, որ իր տաքսու մեջ մարդ են սպանել, գմփոց է լսել, հետևի նստած տղան «խփել է դիմացի նստածին». Սկսվեց 24-ամյա երիտասարդի սպանության գործի քննությունը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց 24-ամյա Լևոն Բունիաթյանի սպանության գործի քննությունը:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Տարոն Գալուստովին: Դատարանում մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրփակիչ մասը. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, գտնելով տաքսի մեքենայի սրահում, ավտոմեքենայի վարորդի ներկայությամբ Լևոն Բունիաթյանի հետ գումարային պարտքուպահանջի խնդիրներ ունենալու պատճառով մեկ անգամ կրակել է ավտոմեքենայի սրահի առև աջ նստատեղին նստած Լևոն Բունիաթյանի գլխի հատվածի ձախ քունքային շրջանին, որի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից Լևոն Բունիթյանը մահացել է, այնուհետև նույն տաքսի մեքենայով Լևոն Բունիաթյանի դին տեղափոխել է Ծարավ Աղբյուրի փողոցի հարևանությամբ տեղակայված զորամասին հարող տարածք, որտեղ ևս մեկ սուգողական կրակոց է արձակել նրա ծոծրակային հավածին և դին թողնելով գնացքի գծերի մոտ՝ տաքսի ավտոմեքենայով հեռացել է:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալն ասաց, որ դժվարանում է դիրքորոշում հայտնել:

Դատարանը որոշեց նախ հարցաքննել վկաներին, հետազոտել այլ ապացույցները, անդրադառնալ ամբաստնյալի հարցաքննությանը:

Վկաներից մեկը հայտնեց, որ ամբաստանյալին և ուժողին չի ճանաչում, աշխատել է որպես բանվոր, երթուղային ավտոբուսով գնացել է բուսաբանական այգու վերջը, երկաթգծից մի քանի մետր այն կողմ տեսել է, որ տղամարդ է ընկած գետնին՝ քիթուբերանի վրա, չի մոտեցել դիակին, ապա ընկերոջ հետ վերադարձել են տարածք, ապա ժամանել են ոստիկանությունը, շտապօգնությունը:

Զինվորական վկան էլ ասաց, որ նախորդ տարվա հոկտեմբեր ամիսն ծառայության ներկայանալիս նկատել է, որ բանվորները, մի քանի զինծառայողներ հավաքված են, մեքենան կանգնեցրել է, հարցրել է, թե ինչ է պատահել, ցույց են տվել, ինքն էլ տղամարդու դի է տեսել: Միանգամից զանգահերել է ոստիկանություն: Հարցին՝ արդյոք վնասվածք նկատե՞լ է, վկան պատասխանեց, որ գլխին «կապիշոն կար քաշած»:

Տաքսու վարորդի մայրը, ով ևս ներգրավված էր որպես վկա, դատարանում հայնեց, որ տղան դեպքի օրը գնացել է տաքսի քշելու, այդ օրը ամուսնու ծննդյան օրն են նշել, սպասել են որդուն, զանգահարել են, սակայն ն կամ անհասանելի է եղել, կամ ասել է՝ կգա, իրենք սկսեն նշել: Նրա խոսքով՝ որդուն որոշ ժամանակ պահել են ոստիկանությունում, հետագայում, երբ ազատ է արձակվել, տղան պատմել է, որ իր տաքսու մեջ մարդ են սպանել, գմփոց է լսել, հետևի նստած տղան «խփել է դիմացի նստածին»: Վկան հայտնեց, որ տղան վատ վիճակում է եղել, չէր հանգստանում:

Ավոմեքենայի տերը, ում մեքենան վարել է սպանությանն ականատես եղած վկան, դատարանում հայտնեց, որ ինքն է հորդորել նրան ներկայանալ ոստիկանություն, իսկ հետո վարորդը պատմել էր, որ լվացել է մեքենայում արյան հետքերը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոսոսի 5-ին:

Տեսանյութեր

Լրահոս