Նոր ժամկետի գաղտնիքը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նախորդ շաբաթ որոշ մանրամասներ բացահայտեց Որոտանի ՀէԿ-երի համալիրի վաճառքից, որի վերջնական գործարքը շուրջ 1.5 տարի տևած վերաբանակցություններից հետո կնքվեց օրեր առաջ: Ըստ Ե.Զախարանի՝ համալիրը վաճառվել է 85 մլրդ 813 մլն դրամով (շուրջ 185 մլն դոլար): Գնորդը՝ ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը վճարումը կատարելու է 2 փուլով՝ կեսը հիմա, կեսը՝ ուղիղ մեկ տարի հետո: Գերմանական KfW բանկի հետ ՀՀ կառավարության պայմանավորվածությունը՝ Որոտանին 51 մլն եվրո հատկացնելու մասին, մնում է ուժի մեջ, սակայն վարկը կստանա «Կոնտուր Գլոբալը» և կներդնի համալիրն արդիականացնելու համար:
Ե.Զախարյանը նաև հերքել է նախկինում տարածված տեղեկությունները, որ համալիրի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի սակագինն անխուսափելիորեն կբարձրանա. «Թանկացում չի լինի»,- ասաց նախարարը:
Նախ՝ գործարքի գինը անհամեմատ ավելի փոքր է, քան Որոտանի իրական արժեքն է և քան ժամանակին առաջարկում էր ռուսական Իտեռա ընկերությունը (շուրջ 500 մն դոլար): Երկրորդ՝ նախարարը չբացահայտեց, թե ինչ նպատակով է ծախսվելու այդ գումարը: «168 ժամի» տեղեկություններով՝ գումարի զգալի մասն ուղղվելու է «Նաիրիտ» գործարանի պարտքերի մարմանը, այդ թվում՝ աշխատավարձերի: Պատահական չէ, որ պայմանագրի ստորագրման հենց հաջորդ օրը նախարար Զախարյանը հայտարարեց, որ նաիրիտցիների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ կմարեն մինչև հուլիսի 15-ը: Նախքան այդ՝ պարտքի մարման ժամկետ նշվում էր մինչև տարեվերջ:
Թե ինչո՞ւ է կառավարությունը մարում մասնավոր ընկերության պարտքը, սա էլ մի ուրիշ «հանելուկ» է: Չմոռանանք, որ «Նաիրիտն» արդեն մի կլորիկ գումար է պարտք «Որոտանին»՝ նախկինում վճարված աշխատավարձերի համար էներգետիկայի նախարարությունը հենց Որոտանից էր փոխառություններ հատկացնում:
Հիշենք, որ թեև դե յուրե «Որոտանի» հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրենը դեռևս Սասուն Խաչատրյանն է և նա է ստորագրել վաճառքի փաստաթուղթը, սակայն փաստացի դե ֆակտո կառավարումն անցել է «Հազարամյակների մարտահրավերներից» և «Հյուսի-հարավ» ՊՈԱԿ-ից տխրահռչակ համբավով հայտնի Արա Հովսեփյանին, ով նույնպես ներկա էր պայմանագրի ստորագրման արարողությանը: Հովսեփյանը հայտնի է նաև, որ մտերիմ հարաբերություններ ունի ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի հետ, ով իր հերթին, ըստ բազմաթիվ հրապարակումների, հայտնի է «Նաիրիտի» թալանին առնչություն ունենալու հանգամանքով: Լավատեղյակ աղբյուրները նաև պնդում են, որ Տիգրան Սարգսյանն առնչություն ունի Կոնտուր Գլոբալի հետ և մասնաբաժին ունի Որոտանի համալիրում: