Ադրբեջանը փորձում է լղոզել ֆորմատը

ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Երևան էր բերել Ադրբեջանի առաջարկը՝ ընդլայնել Մինսկի խմբում աշխատող համանախագահների քանակը՝ խմբում ընդգրկելով նաև Թուրքիային և Գերմանիային: Սակայն այդ առաջարկը Հայաստանի համար ընդունելի չէ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր պետություններով համալրելը Ադրբեջանի վաղեմի երազանքն է, և իրական նպատակը ոչ թե Գերմանիան է, այլ՝ Թուրքիան, որը նույնական է Ադրբեջանի հետ: Շ.Քոչարյանի խոսքով՝ տվյալ պարագայում Գերմանիային առաջ քաշելով` պարզապես մեկ նպատակ են հետապնդում՝ որպեսզի Թուրքիան լինի միջնորդ: Այս թեմայի շուրջ «168 Ժամը» զրուցեց Շավարշ Քոչարյանի հետ:

– Պարոն Քոչարյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ պատրաստ են նոր համապարփակ համաձայնագիր մշակել Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով: Դուք տեղյա՞կ եք՝ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ է սա նշանակում:

– Խնդիրը ո՞րն է՝ Ադրբեջանը միշտ խոսել է այն մասին, որ պետք է Մադրիդյան սկզբունքները մի կողմ դնելով` անցնել համաձայնագրի: Բայց անհնարին է որևէ համաձայնագիր կնքել, եթե դու սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կառուցված լինի համաձայնագիրը, դեռ չես հաստատել: Այն սկզբունքները, որոնք կան, դրանք ընդամենն ընդունված են՝ որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե հաստատված: Հաստատումը նախատեսվում էր Կազանում, որն Ադրբեջանը տորպեդահարեց: Այնպես որ՝ դա նոր չէ: Ցանկացած համաձայնագիր ենթադրում է, որ դա բարդ հարց է, բազմաթիվ էլեմենտներ ունի, այդ բոլորը պետք է համաձայնեցվի:

– Ստացվում է, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած՝ խա՞չ քաշել նախկին բոլոր բանակցությունների վրա:

– Ընդհանուր առմամբ դա նշանակում է մի կողմից՝ խաչ քաշել, մյուս կողմից՝ դուրս գալ Մինսկի խմբի շրջանակներից, որովհետև Մինսկի խումբն իր համար կաշկանդող է, և պատահական չէ, որ Ադրբեջանը փորձում է նաև այս ֆորմատը լղոզել՝ ասելով` Թուրքիա, Գերմանիա և այլն, որովհետև այդ ֆորմատը զսպող է այն առումով, որ վերջին ժամանակահատվածում եռանախագահության ուշադրության կենտրոնը, շեշտադրումն ավելի շատ դրվել է ռազմական գործողությունների չվերսկսման վրա: Իսկ երեք համանախագահները հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ: Հինգ մշտական անդամներից երեքը միջնորդ են: Դա աննախադեպ է, այդպիսի դեպք չի եղել միջազգային պրակտիկայում, ու դա Ադրբեջանի համար զսպաշապիկ է:

– Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ գործող նախագահի՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հայտարարությունը, հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ-ում քննարկվի Ռուսաստանի այս վարքը:

– Ընդհանուր առմամբ բնական է, որ, երբ լինում են հակամարտություններ, ապա ձգտում են զենք չմատակարարել այդ գոտի: Այս պարագայում Ռուսաստանը մատակարարում է, բայց մատակարարում է երկու կողմին էլ: Մենք դա շատ լավ գիտենք:

– Բայց Ադրբեջանին հարձակողական զենք է մատակարարում:

– Չխորանանք:

– Պարոն Քոչարյան, առաջիկա կիրակի Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններն ինչ-որ բան կփոխե՞ն հայ-թուրքական հարաբերություններում: Օրինակ, Թոմաս Դե Վաալը հայտարարել է, որ փոփոխություններ կարելի է սպասել:

– Տեսնենք: Համենայն դեպս, նախընտրական ամբողջ քարոզարշավի ժամանակ նույն Էրդողանը, իր կուսակիցները չեն խուսափել բացահայտ հակահայկական հայտարարություններից, դա նշանակում է, որ թուրք հասարակությունում կա հատված, որ հակահայկական է տրամադրված, կա և հակառակը: Բայց երևի իրենք իրենց հաշվարկներն ունեն: Համենայն դեպս, ըստ թուրքական պաշտոնական տեղեկատվության՝ բնակչության 9%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը: Իրենք շեշտը դրել են այն հատվածի վրա, որը հակահայկական է:

Այնպես որ՝ տեսնենք: Ես լավատես չեմ, որովհետև, համենայն դեպս, Էրդողանի կուսակցությունն իր այն մոտեցումներով, որոնցով առաջնորդվում է՝ Թուրքիային տանում է ոչ թե` դեպի ավելի քաղաքակիրթ Թուրքիա (ինչը ենթադրում էր այն ուղին, որը տանում էր դեպի Եվրամիություն), այլ ավելի շատ մենք պետք է արձանագրենք, որ կատարվում են հետքայլեր հենց Թուրքիայի ներքին բարեփոխումների ճանապարհին: Վերջիվերջո, Հայաստանը միշտ էլ ասել է, որ մենք կողմ ենք Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցությանը, բայց ոչ թե ձևական, այլ` որ Թուրքիան իրականում լինի այդ արժեհամակարգին համահունչ:

Իսկ դրա օրինակը, լակմուսային թուղթը կամ դրա չափանիշներից մեկը հենց Ցեղասպանության ճանաչումն է, որովհետև դա արդեն կխոսի, որ արդեն այլ արժեհամակարգով է առաջնորդվում Թուրքիայի իշխանությունը: Իսկ դա այդպես չէ, և խոսել ինչ-որ լուրջ, դրական տեղաշարժերի մասին՝ դեռ ժամանակ է պետք, ճանապարհ է պետք: Ներկա իրավիճակը որևէ այսպիսի լավատեսություն այդ ուղղությամբ չի ներշնչում:

– Այս տարի սեպտեմբերին լրանում է Ցյուրիխյան արձանագրությունների 6 տարին: Ինչպե՞ս եք գնահատում դրանց հետ կապված ներկա վիճակը:

– Բոլոր գնահատականները տրված են առնվազն նրանով, որ ՀՀ նախագահն այդ արձանագրությունները հանեց Ազգային ժողովի օրակարգից՝ դրանով ևս մեկ անգամ ազդանշան տալով և՛ Թուրքիային, և՛ այն միջնորդ պետություններին, որոնք շահագրգիռ էին, որ մենք այսպես չենք կարող շարունակել: Այնպես որ, դա ազդանշան էր Թուրքիային:

Տեսանյութեր

Լրահոս