ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նախագիծը
Եվրամիության 27 երկրի դեսպաններ համաձայնեցրել են գաղտնի նախագիծ, որը նկարագրում է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները: Այս մասին հայտնում է գերմանական Welt թերթը՝ վկայակոչելով փաստաթուղթը:
Հրապարակված տեքստի համաձայն՝ Եվրամիությունը պարտավորվում է մեկ օրում Ուկրաինային խորհրդատվություն տրամադրել պետության դեմ ագրեսիայի դեպքում, ԵՄ զինվորականների անմիջական մասնակցությունը հակամարտությանը բացառվում է:
Փաստաթուղթը նախատեսում է, որ Ուկրաինային օգնության չափը 2024 թվականին կհասնի 5 միլիարդ եվրոյի, ապագայում այն կարող է ընդլայնվել՝ կախված ուկրաինական բանակի կարիքներից և Եվրամիության երկրների հնարավորություններից:
Բացի այդ, գրում է Welt-ը, Բրյուսելը խոստանում է սպառազինության մատակարարում, զինվորների ուսուցում, օգնություն ցուցաբերել Ուկրաինայի անվտանգության ոլորտի բարեփոխմանը և հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն:
Թերթը մանրամասնում է, որ այս պահին Բրյուսելը քննարկում է Կիևի հետ 11-էջանոց պայմանագրի պայմանները, երաշխիքները նախատեսվում է տրամադրել մինչև հուլիսի սկիզբը: Սպասվում է, որ դրանք կաշխատեն մինչև Ուկրաինայի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու պահը։
Welt-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունից առայժմ միայն յոթ պետություն է համաձայնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ Գերմանիան, Դանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդներն ու Լատվիան, այդ թվում՝ ԵՄ-ից դուրս եկած Մեծ Բրիտանիան: Թերթի պնդմամբ՝ ևս ութ երկիր հրաժարվել է համաձայնագիր կնքել՝ Սլովակիան, Հունգարիան, Խորվաթիան, Բուլղարիան, Կիպրոսը, Իռլանդիան, Ավստրիան և Մալթան: