Ստուգայցեր գազալցակայաններում
Վերջին օրերին Հայաստանի մի շարք գազալցակայաններում պայթյուններ եղան: Մայիսի 14-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցում գործող գազալցակայանում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ընթացքում գազաբալոնի պայթյուն էր տեղի ունեցել: Դրա հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր լիցքավորողը:
Մայիսի 26-ին Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 16-րդ կմ աջակողմյան հատվածում՝ Զվարթնոց թաղամասում, գործող գազալցակայանում պայթյուն էր տեղի ունեցել: Բռնկված հրդեհի հետևանքով մարմնական վնասվածքներ էին ստացել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին, եղբայրը, ինչպես նաև` Արթուր Գասպարյանը: Հ. Հակոբյանի եղբայրը մի քանի օր անց «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում» մահացել էր: Մայիսի 30-ին Չարենցավան քաղաքի Եսայան փողոցում գործող գազալցակայանում «ՎԱԶ 21011» ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթել էր գազաբալոնը: Ընկերության 55-ամյա պահակը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր: Նշված 3 դեպքով էլ ՀՀ Քննչական կոմիտեում քրեական գործեր են հարուցվել:
Մայիսի 12-ին էլ պայթյուն էր տեղի ունեցել Ա. Բաբաջանյանի փողոցին հարող տարածքում գտնվող գազալցակայանում. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ գազի բալոնի պայթյուն էր տեղի ունեցել: Ամբողջությամբ վնասվել էին ավտոմեքենան և գազալցակայանի տարածքի մի մասը: Գազալցակայաններում գրանցված պայթյունների վերաբերյալ զրուցել ենք ՀՀ ՏԿԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի հետ:
– Պարոն Հայրապետյան, այս տարվա ընթացքում գազալցակայաններում քանի՞ պայթյուն է տեղի ունեցել, և նախնական վարկածով՝ ի՞նչն է եղել պատճառը:
– Այս տարի 4 պայթյուն է եղել: 4-ից 3-ը գազաբալոնի խնդիր է եղել: Այդտեղ գազալցավորման ճնշակայանների խնդիր ընդհանրապես չի եղել: Այսինքն՝ պայթել է ավտոմեքենայում տեղադրված բալոնը: Վերջին դեպքերով քննություն է ընթանում, և քննությունը միայն կպարզի իրական պատճառը, այսինքն, թե ի՞նչն էր պատճառը, որ գազի բալոնը պայթել է: Բայց ասեմ, որ ընդհանուր, նաև նախկին վիճակագրությունը և մեր վերլուծությունը ցույց են տալիս, որ հիմնականում գազի բալոնի անորակ լինելն է, մի խոսքով ասած: Օրինակ՝ կա՛մ չսահմանված տեսակի, կա՛մ ժամկետանց բալոններ են օգտագործում, որոնք փորձաքննություն չեն անցնում, ժամանակի ընթացքում շարքից դուրս են գալիս, և այսպիսի դեպքեր են տեղի ունենում:
– Նախարարությունում որևէ մոտեցում կա՞, թե ինչպես է պետք խնդիրը լուծել, եթե հիմնականում գազի բալոններն են խնդիրը:
– Նախ` նշեմ, որ նախարարությունը գազի բալոնների հետ ընդհանրապես կապ չունի, բայց մենք, կոնկրետ նաև մեր տեսչությունը, տարբեր քննարկումների ընթացքում առաջարկել ենք, որպեսզի գազային բալոնները դառնան, այսպես ասած, արտադրական վտանգավոր օբյեկտներ և մտնեն արտադրական վտանգավոր օբյեկտների համար նախատեսված համապատասխան օրենսդրական դաշտ: Մասնավորապես՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով նախատեսված է, որ արտադրական վտանգավոր օբյեկտները պետք է առնվազն տարին մեկ անգամ փորձաքննություն անցնեն: Այսինքն՝ եթե գազի բալոններն արտադրական վտանգավոր օբյեկտներ համարվեն, ապա կմտնեն տվյալ օրենքի գործունեության դաշտ և պարտադիր տարին մեկ անգամ փորձաքննություն կանցնեն, ինչը, մեր կարծիքով, էապես, համենայն դեպս, կնվազեցնի նման դեպքերի քանակը:
– Դուք նշեցիք, որ 4 պայթյունից 3-ի դեպքում գազի բալոնի խնդիր է եղել: 4-րդը «Մաքուր և ուղիղ» ՍՊԸ-ն է (ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ այն պատկանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին):
– Զվարթնոց գյուղի մոտակայքում էր տեղի ունեցել պայթյունը: 3 հոգի այրվածքներ էին ստացել, մեկը, ցավոք սրտի, մահացավ: Այնտեղ էլ արդեն նորից խնդիր է եղել մարդկային անփութությունը: Նախնական, այսպես ասած՝ վարկածով (նախնական, ես նորից եմ կրկնում, սա պաշտոնականը չէ, քանի որ, ինչպես գիտեք, քրեական գործ է հարուցված, որը դեռևս ընթանում է, և միայն ավարտից հետո վերջնական պատասխանը կլինի, թե կոնկրետ ինչն է եղել պատճառը), այնտեղ էլի մարդկային անփութություն է եղել, ինչ-ինչ պատճառով գազի կուտակում է առաջացել, և կայծից բռնկում է տեղի ունեցել, որը նման աղետալի հետևանք է առաջ բերել:
– Նշել էիք, որ այդ ընկերությունը տուգանվել էր, նաև կարգադրագիր կար լցակայանի շահագործումն արգելելու մասին:
– Այո, մայիսի 15-ին մեր կողմից 1 մլն դրամի չափով տուգանքի ենթարկելու վերաբերյալ որոշում է կայացվել, ինչպես նաև տրվել է կարգադիր՝ իրենց շահագործումը դադարեցնելու, մինչև տեխանվտանգության ոլորտի պահանջներին օբյեկտիվ, լրիվ համապատասխանեցնելը:
– Բայց շահագործումը չի դադարեցվել, ո՞վ պետք է վերահսկեր, որ գործունեությունը դադարեցվեր:
– Կա օրենքով սահմանված ժամկետ: Օրինակ՝ եթե մենք իրենց տուգանել ենք, կան սահմանված ժամկետներ, որի ընթացքում այդ մարդիկ պարտավոր են այս տուգանքը մուծել: Տուգանքը չմուծելու դեպքում արդեն նոր մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում: Կամ՝ եթե իրենց կարգադրագիր ենք հանձնել, սահմանված ժամկետներից հետո մենք գնում ենք և, այսպես ասած, տեսնում ենք՝ ինչ ընթացք է ստացել: Շատ դեպքերում, եթե մենք իրենց կարգադրագիր տալիս ենք, տուգանքն իրենք մուծում են, թերությունները վերացնում են և շարունակում են աշխատել: Լինում են դեպքեր, եթե չեն անում, մենք արդեն դիմում ենք այլ, այսպես ասած՝ ռադիկալ մեթոդների, եթե անհրաժեշտություն լինում է:
– Պարոն Հայրապետյան, գազալցակայաններում ստուգումներն ի՞նչ պարբերականությամբ են կատարվում նախարարության կողմից:
– Եթե խոսքը վերաբերում է հրդեհային անվտանգությանը՝ ասեմ, որ մենք արդեն 2 տարի իրականացնում ենք ռիսկի վրա հիմնված ստուգումներ՝ համաձայն ՀՀ կառավարության 2013թ. N 132 որոշման, որը ենթադրում է մի շարք պրոցեդուրաների պահպանում: Այսինքն՝ մենք չենք կարող ցանկացած օբյեկտ, երբ ուզենք, վեր կենանք-գնանք, ասենք՝ մենք եկել ենք՝ ձեզ ստուգելու: Օրինակ, 2014թ. դեկտեմբերին մենք մեր պաշտոնական կայքում տեղադրել ենք (պարտավոր ենք տեղադրել և տեղադրել ենք) այն օբյեկտների ցանկը, որտեղ մենք նախատեսում ենք ռիսկի վրա հիմնված ստուգում իրականացնել 2015թ.:
Եվ, ըստ դրա, պահպանելով համապատասխան կարգը` նախօրոք հանձնարարագիր ենք ուղարկում, տեղեկացնում ենք տվյալ օբյեկտին, որ մենք պատրաստվում ենք իրենց մոտ ստուգումներ իրականացնել, և ստուգաթերթերով ստուգում ենք իրականացնում: Այդ կարգով են կատարվում, այսինքն՝ կոնկրետ ժամկետներ չկան: Ժամկետները միայն այն կերպ են սահմանված, թե ինչ ռիսկայնության օբյեկտ է դա: Մենք նախօրոք որոշում ենք օբյեկտների ռիսկայնությունը: Եթե այն բարձր ռիսկայնության օբյեկտ է, բնականաբար, ավելի հաճախակի կստուգվի: Իսկ եթե ցածր ռիսկայնության օբյեկտ է, օրինակ` կրպակը, մենք կստուգենք, օրինակի համար, 5 տարին մեկ անգամ` անհրաժեշտության դեպքում: Սա է ստուգման ձևը:
– Չափանիշը ռիսկայնությո՞ւնն է:
– Այո, չափանիշը դա է: Ասեմ ավելին. կապված այս դեպքերի հետ, հավանաբար տեղյակ եք, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով՝ մեր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի՝ պարոն Երիցյանի հրամանով, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, արդեն երկու օր է՝ ստուգայցեր են իրականացնում հանրապետության գազալցակայաններում:
– Արդյունքներ չե՞ն ամփոփվել դեռ:
– Այդ մասով դեռ շուտ է: Ամենայն հավանականությամբ, մի քանի օրից, որպեսզի մենք, այսպես ասած, ասելու բան ունենանք, նոր լրագրողներին ներկայացնենք: Ամենայն հավանականությամբ, կլինի մեծ մամուլի ասուլիս, և այդ ժամանակ մենք ձեզ առավել առարկայական կտեղեկացնենք՝ ինչ է արվել, որտեղ է արվել, ինչ ձևով է արվել: