Մարսի քամիների ազդեցությունը
Այստեղ` Երկրի վրա, մենք սովոր ենք մեր շրջապատում մշտապես զգալ քամու շունչը, հաճախ նաև տեսնել քամու կործանիչ փոթորիկներն ու մրրիկները։ Այս տեսանկյունից Մարսն ավելի նման է Երկրին, քան կարծում էինք։
«Կարմիր մոլորակի» վրայի ուժեղ քամիները մոլորակի մակերևույթից հավաքում են փոշին և ավազը և դրանք պտտում մեծ արագությամբ։ Այս քամիները կարող են ունենալ մինչև 100կմ/ժ արագություն՝ ստեղծելով փոշու հսկա փոթորիկներ․ այս փոշին նստում է Մարսի ամբողջ մակերևույթին և այդպես մնում երկար օրեր և նույնիսկ շաբաթներ։
Եվ քանի որ այդ քամիները տեղաշարժվում են, դրանք ձևափոխում են իրենց շրջապատը, քայքայում ու հարթեցնում են և աստիճանաբար պակասեցնում են մոլորակի մակերևույթի միլիոնավոր տարիների առանձնահատկությունները։
Այս գործընթացների վկայությունը կարելի է տեսնել Եվրոպական տիեզերական գործակալության Մարս էքսպրես առաքելության կողմից արված լուսանկարում։ Լուսանկարը պատկերում է Արաբիա Տերա (Arabia Terra) տարածաշրջանի մի մասը, որի վրա սփռված են տարբեր չափերի և տարիքի խառնարաններ։
Լուսանկարում պատկերված խառնարանները ցույց են տալիս էռոզիայի տարբեր աստիճանները։ Այս խառնարաններից մի քանիսն ունեն հստակ երևացող առանձնահատկություններ, մինչդեռ մյուսներն ավելի հարթ են և չունեն արտահայտիչ առանձնահատկություններ։
Այս նկարում պատկերված խառնարանը նույնպես ունի ուղղաձիգ եզր։ Այն ունի մոտ 70կմ տրամագիծ, այս խառնարանը գերիշխում է ձախ կողմում՝ պատկերի հարավային կողմում։ Առաջին հայացքից՝ այս պատկերը կարծես ցույց է տալիս այս խառնարանի զարմանալի կողմը, և իր հարևանությամբ աջ կողմում կարծես կապույտ հեղուկ է նշմարվում։ Բայց իրականում դա օպտիկական պատրանք է՝ առաջացած պատկերի վերամշակման ժամանակ։ Խառնարաններում կապույտ բծերն իրականում այն մութ նստվածքներն են, որոնք առաջացել են ժամանակի ընթացքում: Սա կրկին պայմանավորված է քամիներով, որոնք կրում են մուգ, հրաբխային, բազալտով հարուստ նստվածք և այն տարածում են ողջ մոլորակով մեկ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ