Բաժիններ՝

Էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է. Ռոբերտ Նազարյան

Էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է, բայց թե ինչքան` հայտնի չէ: Այս մասին  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ հավելելով, որ դեռևս չի կարող բոլոր հարցերին պատախանել:

«Այսօր ես ընդամենը կարող եմ ձեզ ասել՝ սակագնի մի քանի բաղադրիչներ կան, որոնք ակնառու են դարձնում, որ սակագնի վերանայման արդյունքում որոշակի բարձրացում կլինի: Ի՞նչ չափով, ի՞նչ մեծությամբ, այդ մասին ես ասօր պատրաստ չեմ ասել»,- հայտարարեց Ռ.Նազարյանը:

Նա վստահեցրեց, թե ՀԷՑ-ի սեփականատերերի ճոխությունները՝ առաձնատների վարձակալություն, թանկարժեք ավտոմեքենաներ և այլն, չեն հաշվարկվել և չեն հաշվարկվի սակագնում: Նազարյանի խոսքով՝  սակագնի վրա կարող են ազդել մի քանի ցուցանիշներ, օրինակ՝ դոլար-դրամ փոխարժեքի տատանումը. «2014 թ. սակագնի վերանայման ժամանակ հաշվարկման հիմքում դոլար-դրամ փախարժեքը հաշվի էինք առել 407.6 դրամ, այսօր արդեն 480 է»:

Դիտարկմանը, որ Ռ.Նազարյանը խոստացել էր, որ այս տարի էլեկտրաէներգիայի սակագինը չթանկացնել, նա հայտարարեց, թե իր խոսքը կտրվել է ընդհանուր ենթատեքստից ու խեղաթյուրված է ներկայացվել.

«Իմ տառապանքը փորձ ունի: Դուք իմ խոսքը հանեցիք կոնտեքստից և այսօր շահարկում եք: Անցած տարի ես ասացի հետևյալը՝ եթե դուք ինձ ասեք, որ հաջորդ տարին սակավաջուր կլինի, թե չէ, դոլար-դրամ փոխարժեքն ինչպիսին կլինի, միջուկային վառելիքի գինն ինչպիսին կլինի և էլի բազմաթիվ գործոններ, եթե մնար նույնն այս ամենը, ապա սակագինը չէր փոխվի»:

Նրա խոսքով՝ այս տարին սակավաջուր է, միջուկային վառելիքի գինը չի փոխվել, բայց քանի որ պայմանագիրը դոլարով է, խնդիրներ են առաջացել:

ՀԷՑ-ում վատ մենեջմենթի հետ կապված Նազարյանը համաձայնեց, որ կա խնդիր, բայց եթե հանձնաժողովը հրպարակավ հիմնավորի, որ խնդիրները վատ մենջմենթով կամ փնթի աշխատանքով են պայմանավորված՝ սակագինը որևէ լումա չի փոփոխվի: Նա դժվարացավ նաև ասել, թե արդյոք դատախազությունն այստեղ անելիք ունի՞, թե՞ ոչ, նշելով, որ դա դատախազությունը կորոշի:

Ըստ նրա՝ 2007-2014 թթ. ՀԷՑ-ը ներդրել է 102 մլրդ դրամ, որից 22.5 մլրդ-ը ՀԾԿՀ-ն չի ընդունել երկու պատճառով՝ առանձին դեպքերում շուկայականից բարձր գներով են գնումներ արել և մի մասն էլ չի համապատասխանել բուն նպատակին, և ակնկալվող արդյունքները չեն եղել:

ՀԾԿՀ նախագահը հրաժարվեց պատասխանել հարցին, թե կառավարությունը պատրա՞ստ է այն բողոքի ալիքին, որը կարող է առաջանալ սակագնի թանկացման արդյունքում.

«Այս հարցերը պատադիր նաև իշխանության հետ կքննարկենք, կասենք, որ մեր դիրքորոշումը հետևյալն է, սակագնի մեծացումն այսպիսին պետք է լինի, և կան դրա համար կոչված պատկան մարմիններ՝ սկսած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, վերջացրած մյուսներից, պետք է իրենք վերլուծություններ անեն և կարողանան համարժեք քայլեր անել, եթե սակագնի բարձրացում գնա: Այն չափով, որքանով սակագինը կթանկանա, կառավարությունը միջոցներ կգտնի, որպեսզի սոցիալապես անապահով խավերին աջակցի:

Դուք ուզում եք, որ ես հիմա պատասխանեմ մեր ամբո՞ղջ երկրի տնտեսության համար: Ես ձեզ խոստանում եմ, մեր ամբողջ ազգաբնակչությանը, պետք է ես անեմ իմ գործառույթների շրջանակներում այնպիսի բան, որ մեր էներգետիկան կարողանա շարունակել կայուն մնալ և կարողանա իր անվտանգ շահագործումն իրականացնել և կարողնա ձեզ անընդհատ էլեկտրաէներգիա մատակարարել: Ես պետք է հավասարակշռեմ այդ ռիսկերը, ցանկացած սակագնի հայտ, որ ես ստանում եմ, ամենածանրը դա տանում են մեր հանձնաժողովի այն պատասխանատուները, որոնք այս կամ այն կերպ կապված են սակագնի հաշվարկման հետ: Ցավոք սրտի, սա է մեր իրականությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս