Պետք է լրջորեն ուղղել մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը. Բուրջանաձե

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն, մեկնաբանելով Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքները, հայտարարել է, որ ակնառու է Վրաստանի արտաքին քաղաքականության կրախը:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել էր, որ Ռիգայի գագաթաժողովը եղել է կարևոր ու հաջող և որ կա հիմք` պնդելու համար, որ Վրաստանի ու ԵՄ-ի միջև ոչ վիզային ռեժիմը կներդրվի հաջորդ տարի:

Բուրջանաձեն հայտարարել է. «Դժբախտաբար, արդարացան իմ այն կանխատեսումները, որոնք առնչվում էին ԵՄ-ի հետ Վրաստանի մերձեցմանն ու ոչ վիզային ռեժիմին:

Վերջին երկուսուկես տարում մենք չկարողացանք ոչ միայն բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլև նահանջ ապրեցինք Արևմուտքի հետ համագործակցության հարցում»:

Նրա խոսքերով` Վրաստանից կարող են պահանջվել տասնամյակներ, նախքան ԵՄ-ը նրան կընդունի իր շարքերը. «Ներկայումս ԵՄ-ի առաջնորդներից հնչում է նոր տերմինոլոգիա, որ «Արևելյան գործընկերությունը» ոչ մի կերպ կապված չէ ԵՄ-ին անդամակցելու հետ:

Մենք նաև լսեցինք, որ ԵՄ-ի դռները բաց կլինեն Վրաստանի համար: Սակայն մեր առջև կա Թուրքիայի օրինակը, որը մի քանի տասնամյակ ակնկալում է ԵՄ-ին անդամակցում` չնայած նրան, որ քաղաքական կամքը վաղուց է ֆիքսվել:

Հետևաբար բացարձակապես որևէ նշանակություն չունի մեր իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ իբրև թե առկա է ԵՄ-ի հետ Վրաստանի մերձեցման մասին քաղաքական որոշում: Պետք է լրջորեն ուղղել մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը»:

 

Տեսանյութեր

Լրահոս