Բաժիններ՝

Ինչպե՞ս պատրաստվել քննություններին

Մեկնարկում է բուհական քննությունների շրջանը: Ոմանք ընդունվում են համալսարան, ուրիշները փորձում են բարեհաջող փոխադրվել ուսումնական հերթական տարի, շատերն էլ ավարտում են ուսումնական հաստատությունը: Կապ չունի, թե որ փուլում եք, քննությունները գրեթե միշտ սթրեսային իրավիճակների են հանգեցնում: 168.am-ը ձեզ է ներկայացնում հոգեբանական տարբեր կարծիքների հիման վրա հավաքագրված խորհուրդներ, թե ինչպես է պետք պատրաստվել քննություններին:

1. Ընտրեք համապատասխան սենյակ

Ստեղծեք ձեր բնավորությանը համապատասխան տրամադրող մթնոլորտ: Հիշեք, որ պարապելու համար ավելի հարմար է լուսավոր, մաքուր և հանգիստ սենյակը: Բացառված չէ այն տարբերակը, որ նման տարածք գտնելու համար դուք ստիպված կլինեք լքել ձեր տունը: Լավ տարբերակ կարող է լինել գրադարանը:

2. Միացրեք լույսը

Կարդացեք նաև

Մութ սենյակում պատրաստվելը ոչ միայն վնասում է ձեր աչքերին, այլև ստեղծում է մթնոլորտ, որը չի մոտիվացնում: Երեկոյան միացրեք լույսը, իսկ առավոտյան և ցերեկը բացեք վարագույրները:

3. Անջատեք հեռուստացույցը

Շատերը նախընտրում են միացած թողնել հեռուստացույցը, բայց սա այնքան էլ նպաստավոր միջոց չէ: Եթե լռությունը ձեզ անհանգստացնում է, ապա կարող եք սկզբում միացրած թողնել հեռուստացույցը, իսկ երբ ընկղմվեք ուսումնական պրոցեսի մեջ՝ անջատեք այն: Երկար ժամանակ միացրած հեռուստացույցը կարող է շեղել ձեզ:

4. Որոշեք՝ արդյո՞ք պետք է ձեզ երաժշտությունը

Երաժշտության ազդեցությունը քննություններին պատրաստվելիս կախված է մարդուց: Հոգեբանները կարծում են, որ յուրաքանչյուր անհատ ընտրում է իր հոգեկերտվածքին համապատասխան երաժշտություն և դրանից էլ կախված է՝ արդյոք այն կխանգարի՞ նրան, թե՞ ոչ:

5. Ավելի շատ հանգստացեք գիշերը

Շատերն են կարծում, որ ավելի ճիշտ է՝ քննություններին պատրաստվել գիշերը, սակայն, ըստ հոգեբանների և նյարդաբանների՝ այս տեսակետը սխալ է: Հատկապես քննությունների հետևանքով ստեղծված ծանրաբեռնված ժամանակաշրջանում պետք է մտածել քնի մասին: Պետք է քնել նվազագույնը 8 ժամ:

6. Մի թողեք ամեն ինչ վերջին րոպեին

Ուսանողների շրջանում տարածված կատակ է, որ ամբողջ տարվա կուրսը կարելի է սովորել մեկ գիշերում: Սակայն այս մեթոդն արդյունավետ չի լինում, եթե դուք շատ խելացի կամ բախտավոր չեք: Պետք է շուտ սկսել պատրաստվել: Կարելի է պատրաստվել փոքրիկ քայլերով, անընդհատ նշումներ անել թղթերի վրա, ամեն օր կես ժամ տրամադրել պատրաստվելուն, և այլն:

7. Ընտրեք ձեզ համար հարմար մեխանիզմ

Յուրաքանչյուր ոք կարող է ընտրել փաստերը հիշելու իրեն հարմար եղանակ: Օրինակ, եթե դուք ֆուտբոլի երկրպագու եք, կարող եք ցանկացած փաստ կապել ձեր սիրելի մարզաձևի ինչ-որ իրողությունների հետ: Այս մեթոդն օգնում է մարզել հիշողությունը: Հարվարդի համալսարանում մի խումբ ուսանողներ առաջարկել են այս մեթոդը, ապացուցել այն գիտականորեն և արժանացել ամենաբարձր միավորին, գուցե հենց այս մեթոդի շնորհիվ:

8. Մի ամաչեք օգնություն խնդրել

Եթե դուք ինչ-որ բան լավ չեք հասկանում, ավելի լավ է՝ դիմեք օգնության: Չպետք է ամաչել ինչ-որ բան չիմանալուց: Չպետք է անել ենթադրություններ, քանի որ, եթե դուք անգամ ճիշտ լինեք, միևնույն է, վստահ չլինելու դեպքում չեք կարողանա ձեր միտքը հստակ ձևակերպել:

9. Պլանավորեք ձեր մուտքը

Հոգեբանների մի հատված կարծում է, որ քննության ընթացքը նախապես պլանավորելը կարող է օգնել ավելի պատրաստված լինել քննության արդյունքներն իմանալուն: Ի գիտություն, պետք է պլանավորել ոչ միայն դրական ելքը, այլ նաև բացասական, քանի որ երբեք չենք կարող ասել, թե ինչ կարող է անել մեզ հետ հուզմունքը:

10. Պատկերացրեք ձեզ ձեր դասախոսի կերպարում

Ուսումնական պրոցեսի ընթացքում ճանաչելով դասախոսին՝ կարող եք պատկերացնել ձեզ նրա դերում, մտածել այնպիսի հարցեր, ինչպիսիք նա կարող է տալ ձեզ: Պատկերացրեք, որ լսարանում եք, և բարձր պատմեք նյութերը: Այս միջոցով կարող եք հաղթահարել հուզմունքը:

Հաջողություն ենք մաղթում, հետևեք մեր խորհուրդներին և բարեհաջող հանձնեք բոլոր քննությունները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս