«Ես ունեցել եմ ազգանունս փոխելու առաջարկ, որը բավականին եկամտաբեր համագործակցություն կարող էր լիներ, բայց ես հրաժարվեցի…». Վահան Խաչատրյան

Մեր հարցազրույցը դիզայներ-մոդելավորող, «Վահան Խաչատրյան բարձր նորաձևության կենտրոնի» հիմնադիր Վահան Խաչատրյանի հետ սկսեցինք ամռան սկզբին կայանալիք 6 հայ դիզայներների հավաքածուների ցուցադրության շուրջ բարի զրույցով, որը դադարեց բարի լինելուց, երբ խոսք գնաց նմանությունների և հացի խնդրի շուրջ:

– Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ դեռևս տեղյակ չեք «Օրիֆլեյմի» կողմից կազմակերպվող միջոցառման մանրամասներին:

– Քանի որ կազմակերպչական ամբողջ աշխատանքով զբաղվում է «Շարմ» ընկերությունը, դիզայներներին հետո ժողովի ընթացքում տեղեկացնում են: Հավասար պայմաններ են ստեղծված բոլորիս համար: Եթե չեմ սխալվում՝ 10-ական look պետք է լինի: Բավականին երկար ցուցադրություն է ստացվում:

– Ո՞վ է ում վճարում Ձեզ մասնակցության համար՝ կազմակերպիչնե՞րը, թե՞ Դուք կազմակերպիչներին ՝ ընդգրկվելու համար:

Կարդացեք նաև

– Ես այդպես չէի մեկնաբանի: Ամբողջ աշխարհում գոյություն ունի նորաձևության շաբաթ: Հիմնականում ամենամեծ հովանավորն այդ նորաձևության շաբաթների՝ Մերսեդես Բենցն է: Շատ երկրներում հենց Մերսեդես-բենցի հովանավորության ներքո են անցկացվում նորաձևության շաբաթները: Եվ այդ երկրներում այն կրում է «Մերսեդես բենց նորաձևության շաբաթ» անունը: Բայց, ի տարբերություն, օրինակ, նույն «Մերսեդես-բենց նորաձևության շաբաթի», որտեղ մասնակիցներն ամեն դեպքում վճարում են իրենց մասնակցության համար, իհարկե, մի մասը հովանավորն է հոգում, «Օրիֆլեյմի» կազմակերպած միջոցառման մեջ նման պայման չկա, քանի որ ամբողջ ծախսերը հենց «Օրիֆլեյմն» է հոգում: Եվ այս միջոցառումը, կարելի է ասել, մեծ նվեր է դիզայներներիս, քանի որ ես ամեն սեզոն կազմակերպում եմ հավաքածուի ցուցադրություն և անձամբ գիտեմ, թե ինչ ահռելի ծախս է դա իրենից ներկայացնում:

Vahan Xachatryan7

 

 

Ձեր վերջին հավաքածուի ցուցադրությունը կայացավ Կիևում՝ նորաձևության շաբաթի շրջանակներում: Եվ քանի որ խոսեցիք ահռելի գումարների մասին, կասե՞ք, թե որքան գումար եք ծախսել՝ հավաքածուն ըստ արժանվույն Կիևում ներկայացնելու համար:

– Սովորաբար լինում են առաջարկներ հովանավորների կողմից: Բայց ես անձամբ երբեք չեմ դիմում հովանավորների: Իսկ թվերի մասին չեմ սիրում բարձրաձայնել:

Կարո՞ղ եք նշել, թե նվազագույնը որքա՞ն գումար է պետք հավաքածուի ցուցադրումը կազմակերպելու համար:

– Ֆիքսված ոչ մի թիվ չկա: Ցանկության դեպքում կարելի է անվճար ցուցադրություն կազմակերպել՝ կանչել ընկերուհիներին, ծանոթ լուսանկարչին, անվճար տեղ գտնել…

Vahan

Ես պրոֆեսիոնալ ցուցադրության մասին եմ խոսում:

– Կրկին հարաբերական է: Մինիմալ՝ գուցե 2000 դոլար: Բայց ես ուղղակի գուշակում եմ այդ թիվը: Դու կարող ես լուսանկարիչ վարձել 10.000 դրամով, կարող ես կանչել նաև ՝ իր աշխատանքի դիմաց 100.000 դրամ պահանջող լուսանկարչի: Այլ կերպ ասած, եթե ուզում ես որակով ցուցադրություն կազմակերպել, պետք է որակյալ աշխատանք կատարողների հետ համագործակցես:

Այն ոլորտը, որտեղ Դուք հայտնի եք, ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում: Ո՞վ է Ձեզ օգնել և աջակցել Ձեր կարիերայի սկզբնական փուլում՝ թե՛ ֆինանսապես և թե՛ հոգեպես:

– Ես այս ոլորտում սկսել եմ աշխատել դեռևս 15 տարի առաջ: Բայց որպես գրանցված բրենդ՝ միայն 2 տարի է: Երկու տարի է, ինչ ես վերադարձել եմ Հայաստան և այստեղ հիմնադրել եմ նորաձևության տուն: Մինչ այդ ես հանդես էի գալիս՝ որպես անհատ դիզայներ: Հենց սկզբից ինձ շատ են օգնել ծնողներս. Թեկուզ միայն ուսման հարցում, քանի որ ես Իտալիայում եմ սովորել, իսկ դա գումարներ արժե: Բայց հենց բուն բիզնեսը սկսելու հարցում ես մենակ չեմ: Ունեմ գործընկեր, ով միայն ֆինանսական գործընկեր է, այսինքն՝ ստեղծագործական պրոցեսին չի միջամտում, բայց մենք աշխատում ենք 50/50: Եվ բիզնեսը սկսելու սկզբնական ներդրումն ամբողջությամբ արել է իմ գործընկերը:

– Անունը չե՞ք ուզում հրապարակել:

– Կարիք չկա: Նա գործարար է:

– Ի՞նչն եք համարում Ձեր հաջողության գրավականը:

– Առաջին հերթին՝ աշխատասիրությունը: Եթե ուզում ես ունենալ հաջողություններ որևէ բնագավառում, առաջին և կարևորագույն պայմանը քրտնաջան աշխատանքն է: Անընդհատ աշխատել, և առաջին հերթին՝ ինքդ քեզ վրա: Անընդհատ սովորել, գիշերները չքնել, շատ բաներ զոհաբերել: Այդ պարագայում նաև անձնական կյանքդ մի կողմ դնել: Եթե մարդը դրան պատրաստ է, ապա արդյունքը նկատելի կլինի և կգնահատվի: Մենք շատ ենք աշխատում և արդյունքում՝ ստանում ենք որակ, ոճը գնահատում են մեր հաճախորդները: Հաճախորդների շուկան կարելի է գրավել միայն որակով:

Vahan Xachatryan1

Vahan Xachatryan9

– Ե՞րբ եք զգացել, որ Ձեզ այլևս վերաբերվում են՝ ոչ իբրև դերձակի, ում մոտ կարելի է զգեստներ պատվիրել, այլ՝ որպես արդեն ձեռագիր ունեցող դիզայների:

– Մինչ Իտալիա գնալը ես կարել ընդհանրապես չեմ էլ իմացել: Այնտեղ սովորել եմ մինիմալը՝ ուղղակի տեղյակ լինելու համար: Բայց երբեք անձամբ չեմ էլ կարել: Ինձ հենց սկզբից ընկալել են՝ որպես ոճաբան: 15 տարեկանից եմ սկսել աշխատել:

– Եվ ինչպե՞ս էին վերաբերվում 15 տարեկան ոճաբանին:

– Բնականաբար, սկզբնական փուլում մի մասը լուրջ չէր վերաբերվում, մի մասը տեսնում էր, որ ինչ-որ պոտենցիալ կա: Հենց այդ երկրորդ մասի շնորհիվ ես ոգևորվում էի և է՛լ ավելի առաջ գնալու ցանկություն էի ձեռք բերում:

– Ի՞նչ վատ բան կա դերձակ լինելու մեջ:

– Բացարձակ ոչ մի վատ բան չկա: Իմ դերձակների շնորհիվ է, որ ես կարողանում եմ ապահովել այն որակը, որի մասին քիչ առաջ նշեցի:

– Ովքե՞ր են այսօր Ձեր հաճախորդները:

– Գեղեցիկ կանայք և աղջիկներն են իմ հաճախորդները: Ճանաչված անձանց անուններ հիմա իմաստ չունի տալ: Կան ճանաչելիություն ունեցող որոշ մարդիկ, բայց հիմնականում նրանք շոու-բիզնեսի հետ կապ չունեցող մարդիկ են:

– Ամեն դեպքում, Ձեր հագուստը կրողները ևս նոր հաճախորդ են բերում

Ձեզ: Օրինակ՝ նույն Լուսինե Թովմասյանը:

– Ճիշտ է: Լուսինե Թովմասյանը, բացի նրանից, որ հայտնի անձնավորություն է, նաև ինձ շատ հարազատ մարդ է՝ որպես ընկեր: Լուսինեն կրում է իմ հագուստը՝ ոչ թե նրա համար, որ ինձ հաճախորդ բերի կամ գովազդի, այլ՝ որովհետև սիրում է ինձ մոտ հագնվել: Իսկ ես սիրում եմ նրան «հագցնել»: Առհասարակ իմ հագուստը կրող յուրաքանչյուր ոք ինչ-որ առումով գովազդում է ինձ:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են հենց Ձեզ նախընտրում: Ուղղակի լսել են, որ Վահան Խաչատրյանի մոտ հագնվելը, գլամուրային լեզվով ասած՝ «պրիստիժնի՞» է, թե՞ իրոք գիտեն՝ ուր են գալիս:

– Ուղղակի անունս լսելով՝ երբեք ոչ ոք չի եկել: Գալիս են՝ նախապես ծանոթանալով իմ ոճին, հագուստին, ձեռագրին: Սա ուղղակի խանութ չէ, որ մարդիկ մոտով անցնելիս՝ մտնեն: Գալիս են իմացողները:

– Խանդի զգացողություն ունենո՞ւմ եք, երբ լսում եք, որ Ձեր հաճախորդը դիմել է մեկ այլ դիզայների:

– Իհարկե՝ ոչ, քանի որ այդ մարդիկ, բացի դիզայներներից՝ նաև զանազան խանութներից են հագնվում: Լինում է այնպես, որ նույն հաճախորդն ինչ-որ միջոցառման համար երկու զգեստ է պատվիրում՝ տարբեր դիզայներների մոտ: Դա շատ նորմալ երևույթ է: Մենք բոլորս՝ Հայաստանում աշխատող դիզայներներս, իրարից տարբերվող ոճերում ենք աշխատում:

– Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ դիզայներներին:

– Ես նաև դասավանդում եմ Մանկավարժական ինստիտուտում, ուսանողներ ունեմ, որոնց ես պատրաստում եմ ոչ միայն՝ որպես բուն մասնագիտության, այլև՝ թե ինչպես է պետք մտածել այս ոլորտում հաջողությունների հասնելու համար: Ինչպես պետք է ընդհանրապես պատրաստվել այդ աշխարհին: Խորհուրդս, ինչպես հենց սկզբից նշեցի, աշխատասիրությունն է: Պատրաստ լինել մրցակցությանը: Իսկ մրցակցությունը լավ է, եթե այն առողջ է, քանի որ այն տալիս է հաճախորդին ընտրության հնարավորություն, իսկ դիզայներին՝ էլ ավելի կատարելագործվելու դրդապատճառ:

– Ի դեպ՝ մրցակցության մասին: Ի՞նչ զգացիք, երբ, ինչպես Դուք էիք նշում, Ձեր զգեստի կրկնօրինակը տեսաք դիզայներ Դիանա Շատվերյանի մոտ:

– Դա ուղղակի վիրավորական էր: Ես՝ հասկանալով, որ այսօրվա շուկայական պայմաններում բոլորը փորձում են ամեն կերպ գումար աշխատել, բայց եթե նույնիսկ այդ պատճառով է այդ քայլին դիմել, ես դեմ չեմ, բայց պետք չէր դա հրապարակել: Կրկնում եմ, որ ամեն մեկն իրավունք ունի իր հացի փողն աշխատելու, բայց կարիք չկար հրապարակել այն: Շատ ավելի վիրավորական էր, երբ դրանից հետո՝ որպես արդարանալու փորձ, բերվեց այնպիսի մի հակափաստարկ, որն ուղղակի ծիծաղելի էր:

Vahan Xachatryan8

Vahan Xachatryan4

– Նա համեմատեց Ձեր զգեստը դիզայներ Զուհաիր Մուրադի հեղինակած զգեստի հետ՝ մատնանշելով նմանությունը:

– Մի բան է՝ նմանությունը, մեկ այլ բան՝ կրկնօրինակումը: Ի վերջո, նմանատիպ զգեստներ տարբեր դիզայներների մոտ կարող են հարյուրներով լինել: Ուղղակի այդքան բուռն ու նեգատիվ արձագանքի կարիքը չկար: Դե՛, ամեն մարդ ունի իրավունք ասելու իր տեսակետը::

– Հաշվի առնելով, որ նորաձևությունը պարբերաբար կրկնվելու հատկություն ունի, որքանո՞վ է հավանական, որ ներշնչվելով նրանց ստեղծածից՝ կկարողանաք խուսափել նմանվելուց՝ արդեն իսկ ճանաչված դիզայներների հավաքածուներին:

– Ինձ այնքան շատ են ասում, թե նմանակում եմ ճանաչված դիզայներների ձեռագրին: Առաջին երկու հավաքածուներս նմանեցնում էին Դոլչե Գաբանայի հավաքածուներին: Երևի ես այն մարդն եմ, որի մասին ամենաշատն են խոսում այդ թեմային անդրադառնալիս:

– Բայց Դուք փորձո՞ւմ էիք նմանվել:

– Մեր ոճերը Դոլչե Գաբանայի հետ նման էին այնքանով, որ դա պատճառ հանդիսացավ, որ ինձ իրենց մոտ աշխատանքի հրավիրեն: Դա եղել է ոչ թե աշխատելուց հետո կամ դրա հետևանքը, դա եղել է մինչ այդ: Իսկ պատճառն այն էր, որ մենք ուղղակի ներշնչվում ենք նույն իտալական, եվրոպական արվեստից:

– Ո՞ւմ կողմից են սովորաբար հնչում մեղադրանքները:

– Տգետ մարդկանցից:

– Թե՞ հակառակորդներից:

– Միանշանակ՝ տգետներից, որոնք առանց որևէ տեղեկություն իմանալու նորաձևությունից, երկու իրար նման նկար կարող են տեսնել և ասել, թե կրկնօրինակում է: Ոչ մի գրագետ, նորաձևության գիտակ մարդ իրեն թույլ չի տա՝ առանց հասկանալու որևէ բան քննարկել: Ընդհանրապես քննադատությունը լավ բան է, երբ հնչում է գրագետ մարդու շուրթերից:

– Յան-ով վերջացող ազգանուն ունեցող դիզայներները որքանո՞վ են պահանջված այսօր համաշխարհային նորաձևության բնագավառում:

– Ես ունեցել եմ ազգանունս փոխելու առաջարկ, այն բավականին եկամտաբեր համագործակցություն կարող էր լինել: Բայց ես հրաժարվեցի գնալ այդ քայլին: Ես գտնում եմ, որ, եթե ես Հայաստանում եմ ծնվել ու հայի ընտանիքում, դա իզուր չի եղել: Ուրեմն՝ իմ անունն էլ պետք է կրեմ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս