Ինչպե՞ս Ռուսաստանը կպատասխանի վրաց-ամերիկյան զորավարժություններին

Թբիլիսիի մերձակա Վազիանի զորավարժարանում և ռազմական օդանավակայանի տարածքում, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա, արդեն երրորդ օրն է` շարունակվում են վրաց-ամերիկյան համատեղ
«Noble partner» («Արժանի գործընկեր») զորավարժությունները։

Մայիսի 11-ին տեղի է ունեցել «Արժանի գործընկեր» զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը։ «Սա առաջին դեպքն է, երբ նման ընդգրկուն վարժանքներ են անցկացվումգ Այս զորավարժությունները սկզբունքային են մեզ համար, քանի որ դրանք հաստատում են, որ մենք ունենք ոչ միայն կարևոր գործընկեր, այլև կարևոր ընկեր ու երկրպագու»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նորանշանակ նախարար Թինաթի Խիդաշելին, ում համար այս զորավարժությունները փորձություն են համարվում։ Դրա հետ մեկտեղ` նա նշել է, թե կարծիքն այն մասին, որ վրաց-ամերիկյան զորավարժությունները կարող են գրգռել Ռուսաստանին, ոչ մի նշանակություն չունի։

«Ռուսաստանը գրգռված է միայն այն բանից, որ Վրաստանն առհասարակ գոյություն ունի, և ժամանակն է փակել այդ թեման»,- ասել է պաշտպանության նախարարը։ «Այս զորավարժությունները Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև ամուր ռազմական համագործակցության ևս մեկ ապացույցն են։ Ես ուզում եմ բոլորին ևս մեկ անգամ հիշեցնել, որ թեև Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ, այդուհանդերձ, մեր երկիրը կամավորության սկզբունքով մասնակցում է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի գործունեությանը»,- նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` ընդգծելով, որ վրաց-ամերիկյան զորավարժություններն ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ` նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնությանը։

Վրաստանի ռազմական գերատեսչությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վրաց-ամերիկյան զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ հակազդման ուժերին մասնակցությանը վրացական ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարձրացումն Է։ Վարժանքներին մասնակցում են շուրջ 600 ամերիկացի և վրացի զինվորականներ։ Հատուկ այդ վարժանքների համար ավելի վաղ Վրաստան է փոխադրվել ամերիկյան ծանր ռազմական տեխնիկա` հետևակի «Բրեդլի» 14 մարտական մեքենա, լոգիստիկայի ապահովման մեքենաներ, ինչպես նաև զորավարժությունների համար նախատեսված հանդերձանք։

Կարդացեք նաև

Վարժանքների ավարտը նախանշված է մայիսի 25-ին։ Դրանց ընթացքում, ըստ մամուլի հրապարակումների, վրացի և ամերիկացի զինծառայողները պարաշյուտով թռիչքներ կիրականացնեն, կլինեն մարտավարական համատեղ պարապմունքներ և կրակային վարժանքներ։

«Վազիանի» ռազմակայանը ռազմավարական նշանակություն ունի Վրաստանի համար, որտեղ նախատեսված է նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնավարժական կենտրոնի կառուցումը` միջոցառումների փաթեթով, որոնք նպաստում են Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Իսկ քանի որ զորավարժությունների նպատակն է` բարձրացնել վրացի և ամերիկացի զինվորականների համատեղելիության մակարդակը` ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (NRF) կազմում, պատահական չէ, որ Վրաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաները շեշտել են, որ զորավարժություններն ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ` նկատի ունենալով Ռուսաստանին, որը Վրաստանին բազմիցս սպառնացել է լարվածության նոր աղբյուրներով` ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում։

«Դուք դառնալու եք հզոր ռազմաքաղաքական դաշինքի անդամ, որը որոշակի հանգամանքներում կարող է Ռուսաստանի հնարավոր հակառակորդը դիտվել»,- վերջերս նման ակնարկով էր հանդես եկել ՌԴ վարչապետ Մեդվեդևը` հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի միջուկային հրթիռներն ուղղված են Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե գործնական քայլեր ձեռնարկվեն Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու ուղղությամբ։

Վրաց-ամերիկյան զորավարժությունները, փաստորեն, տեղի են ունենում ռուս-աբխազական և ռուս-հարավօսական նոր ռազմավարական համագործակցության պայմանագրերի կնքումից հետո, որոնք Ռուսաստանի համար լարվածության հրահրման հարմար պատրվակներ են, քանի որ այդ պայմանագրերով Ռուսաստանն այդ տարածքների հետ ձևավորել է միասնական անվտանգության տարածք, իսկ Վրաստանը սահուն կերպով մոտենում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, որը Ռուսաստանը դիտարկում է` սպառնալիք։

Մեզ հետ զրույցում թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն, նախ` անդրադառնալով բուն զորավարժությունների քաղաքական նշանակությանը, ասաց, որ սրանք ամենևին էլ առաջին զորավարժությունները չեն, ավելին, այս ռազմական միջոցառումներն արդեն ավանդական են դարձել կողմերի համար ամեն տարի մայիս ամսին։

Սակայն, ըստ Վասաձեի, այլ հարց է, որ զորավարժությունները նախկինում անցկացվում էին հրամանատարաշտաբային մակարդակով, իսկ այս տարի զորավարժությանը մասնակցում են կոնկրետ ամերիկացի զինվորականներ` կոնկրետ ամերիկյան ռազմատեխնիկայով, ինչն աննախադեպ է, քանի որ նախկինում եղել են ամերիկացի զինվորականներ, բայց ոչ ամերիկական ռազմատեխնիկայով։ Վրացի փորձագետի հիշեցմամբ` ինչ-որ պահի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում էին զորավարժություններ անցկացվում, որոնց մասնակցում էին հայ զինվորականներ ևս, քանի որ այդ ծրագրին մասնակցում էր նաև Հայաստանը։

«Հետո այս ամենը վերաճեց վրաց-ամերիկյան մակարդակի, քանի որ Վրաստանը ստացավ ասպիրանտ երկրի կարգավիճակ»,- ընդգծեց Գելա Վասաձեն։ Վերջինիս կարծիքով, Ուկրաինայում ծավալված իրադարձությունները, հետսովետական տարածքում տեղի ունեցող զարգացումները, Ռուսաստանի ցանկությունը` ամրապնդել սեփական ազդեցությունն այնտեղ, որտեղ հնարավոր է, ստիպում է այն երկրներին, որոնք համարվում են ԱՄՆ-ի դաշնակիցները և ՆԱՏՕ անդամակցության շեմին են (Վրաստանն ԱՄՆ-ի պաշտոնական դաշնակիցն է 2008թ. դեկտեմբեր ամսից, այսինքն` Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության խարտիա), անհանգստանալ սեփական անվտանգության համար, քանի որ ռուսական զորքերի ավելացումը և ակտիվացումն օկուպացված տարածքներում` Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, չի կարող չանհանգստացնել Վրաստանին և ԱՄՆ-ին, որը Վրաստանի հիմնական գործընկերներից մեկն է անվտանգության ոլորտում։

«Այս զորավարժությունները Վրաստանի և ԱՄՆ-ի պատասխանն են Մոսկվայի քայլերին` Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, և ոչ` հակառակը։ Այսինքն` եթե Ռուսաստանը ներգրավվի այս զորավարժություններին պատասխան տալու հարցում, ապա կլինի նաև պատասխան Վրաստանի և ԱՄՆ-ի կողմից»,- ասաց Վասաձեն։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքում` Գյումրիում, տեղակայված ռուսական ռազմական բազաների` Վրաստանի դեմ հնարավոր օգտագործմանը Ռուսաստանի կողմից, ապա Վասաձեն գտնում է, որ առանց ՀՀ կառավարության թույլտվության` դա գրեթե անհնար է։ «Իսկ 2008թ. պատերազմը հիանալի կերպով ցույց տվեց, որ ՀՀ կառավարությունը թույլ չտվեց Ռուսաստանին օգտագործել Գյումրիում տեղակայված ռազմական բազան` որպես Վրաստանի դեմ ագրեսիայի ռազմաբազա։

Հարցն այն է, որ և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի իշխանությունները հիանալի կերպով հասկանում են մեկ բան` երկու երկրները գործընկերներ են տարածաշրջանում, երկրներն ունեն լավ հարաբերություններ, ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Վրաստանի շահերից չի բխում հայ-վրացական հարաբերությունների վատթարացումը։ Այլ հարց է, որ եթե Ռուսաստանն օգտագործի այդ բազաները` առանց հայկական կողմի թույլտվության, ապա կոպիտ կերպով կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը։ Հնարավո՞ր է նման բան։ Ըստ իս, հնարավոր է։ Այդ դեպքում միասին կսկսենք պայքարել ռուսական իմպերիալիստական մղումների դեմ»,- ասաց Վասաձեն։

Մեզ հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն առանձնացրեց զորավարժությունների երկու հարթություն` ռազմական և քաղաքական։ Նրա դիտարկումներով` Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս զորավարժություններն աննախադեպ որակելը պետք է հարաբերականորեն ընդունել, որովհետև Վրաստանի համար դրանք աննախադեպ են՝ վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության առումով, բայց եթե հաշվի առնենք այն, թե ինչ ծավալի ուժեր և միջոցներ են ներգրավված այս զորավարժություններում, դրանք այդքան էլ լայնամասշտաբ չեն։

Սակայն, վերլուծաբանի համոզմամբ, այլ է այս զորավարժությունների քաղաքական նշանակությունը` հաշվի առնելով զորավարժությունների անցկացման վայրն ու ժամանակահատվածը։ «Գաղտնիք չէ, որ Վրաստանում նախատեսվում է ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնի կառուցումը, ինչին Ռուսաստանը կտրուկ դեմ է արտահայտվում։ Հիշեք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անդրադարձն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում։ Բացի դրանից, մենք գիտենք, որ Ռուսաստանն էապես մեծացնում է իր ռազմական ներուժը Վրաստանին սահմանակից տարածքներում, որտեղ Ռուսաստանն ազդեցություն ունի։

Բնականաբար, դա Վրաստանում այլ կերպ, քան սպառնալիք, ընկալվել չի կարող։ Հասկանալի է նաև այն, որ Վրաստանը պետք է հակաքայլեր ձեռնարկեր, այդ թվում` իր ռազմական կարողությունները կատարելագործելու համար։ Մենք, փաստորեն, տեսնում ենք Վրաստանի այդ ձգտման դրսևորումներից մեկը»,- մեկնաբանեց Ռուբեն Մեհրաբյանը` շարունակելով, որ զորավարժությունները շատ կարևոր են նաև տարածաշրջանային առումով, չնայած իրենց սահմանափակ ռազմական մասշտաբներին։

Մեհրաբյանի խոսքով` սա գոնե ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ` Ռուսաստանի պահանջին անսալով, դադարեցնել իր համագործակցությունը Վրաստանի հետ և նվազեցնել ներկայությունը Հարավային Կովկասում։ Ռուբեն Մեհրաբյանը խոսեց մեկ այլ կարևոր բաղադրիչի մասին ևս։ Վերլուծաբանը հիշեցրեց, որ Ադրբեջանից` Թուրքիա, Վրաստանի միջով անցնող կոմունիկացիաների անվտանգության ապահովման համար Վրաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ որոշակի համագործակցության ծրագիր է սկսել։

«Հաշվի առնելով այն, որ դա կարող է նաև Վրաստանին որոշակի կախվածության մեջ դնել` թե՛ Ադրբեջանից, թե՛ Թուրքիայից, կարծում եմ, որ ԱՄՆ անմիջական մասնակցությունը Վրաստանի ռազմական ներուժի կատարելագործմանը որոշակի նշանակություն ունի Վրաստանին միակողմանի կախվածության հավասարակշռման տեսանկյունից, ինչը Հայաստանի համար էական նշանակություն ունի, որովհետև Ադրբեջանը չի թաքցնում, որ ցանկություն և նկրտումներ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ Վրաստանի հավասարակշռված հարաբերությունները բեկելու` դեպի հակահայկական հուն, և ԱՄՆ ներկայությունը Վրաստանում բխում է Հայաստանի շահերից և զսպիչ նշանակություն կունենա Ադրբեջանի և Թուրքիայի նման կարգի նկրտումների համար»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Դիտարկմանը, թե ինչի՞ պետք է պատրաստ լինեն Վրաստանն ու Հայաստանը` նա արձագանքեց՝ ասելով, որ Վրաստանն ամեն ինչի պետք է պատրաստ լինի։ «Ի վերջո, 2008թ. պատերազմը ցույց տվեց, թե Վրաստանի գլխավոր սպառնալիքը որտեղից է գալիս։ Հետևաբար` այդ սպառնալիքը չի վերացել մինչ օրս։ Դեռ ավելին` այդ սպառնալիքի աղբյուրը դարձել է էլ ավելի ագրեսիվ, էլ ավելի անթաքույց, ուստի Վրաստանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, որովհետև դժվար է կանխագուշակել, թե Ռուսաստանը` որպես մեկ մարդու որոշումների երկիր, ինչ որոշում կկայացնի վաղը։ Հետևաբար` լավագույն հակաքայլը կլինի` ապահովել ազգային միասնականություն, խնդիրների համարժեք ընկալում հասարակությունում և քաղաքական դաշտում, նաև ռազմաքաղաքական պատրաստվածություն` դեպքերի ցանկացած զարգացման։ Վրաստանին այլ ելք չի մնում։ Նաև հաշվի առնել միջազգային փորձը` հեռավոր և ոչ այնքան հեռավոր»,- ասաց Մեհրաբյանը` հավելելով, որ Հայաստանն էլ պետք է պատրաստ լինի Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ ցանկացած քայլի։ Նրա վստահեցմամբ` Հայաստանն ինքն էլ իր քաղաքականությունը պետք է վարի, որպեսզի Հայաստանի անվտանգությունը չտուժի, չտուժեն հայ-վրացական հարաբերությունները, որոնք ունեն կենսական նշանակություն Հայաստանի համար։ «Այս ամենը ոչ միայն Վրաստանի, այլև մեր մտահոգության առարկան է»,- շեշտեց Ռուբեն Մեհրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս