Խաղից առաջ. «Բավարիա»-«Բարսելոնա»
Մայիսի 12-ին կկայանա Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-«Բարսելոնա» պատասխան հանդիպումը: Այս թիմերի առաջին մրցավեճը ավարտվել էր «Բարսելոնայի» վստահ հաղթանակով՝ 3-0:
Երկրորդ խաղում բուքմեյքերները թիմերի հնարավարությունները հավասար են գնահատել, իսկ ընդհանուր դիմակայությունում, ըստ բուքմեյքերների՝ բացարձակ ֆավորիտը «Բարսելոնան» է:
«Բավարիան» այժմ խաղային ճգնաժամի մեջ է: Մյունխենյան ակումբը պարտվում է արդեն 3 խաղ անընդմեջ, ավելին՝ այս խաղերում «Բավարիան» ոչ մի գնդակ չի ուղարկել մրցակիցների դարպասը. նման իրավիճակ թիմում արդեն վաղուց չէր եղել:
«Բարսելոնայի» հետ խաղը մրցաշրջանի մնացած մասում ամենակարևորն է մյունխենյան ակումբի համար. Գերմանիայի առաջնությունում նա արդեն հաղթել է, իսկ գավաթի կիսաեզրափակչում էլ պարտվել է Դորտմունդի «Բորուսիային»:
«Բարսելոնան» «Բավարիայի» հետ խաղից հետո անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում: Կատալոնական ակումբը 2-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ռեալ Սոսիեդատի» դեմ խաղում: Սա «Բարսելոնայի» արդեն 8-րդ անընդմեջ հաղթանակն է, բացի այդ՝ «կապտանռնագույնները» արդեն գոլ բաց չեն թողնում 7-րդ խաղն անընդմեջ: Այս 8 խաղերում «Բարսելոնան» խփել է 28, իսկ բաց է թողել 1 գոլ:
Չնայած այն բանին, որ «Բավարիան» առաջին խաղում պարտվել է խոշոր հաշվով, նա դեռ պահպանում է եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Դրա համար մյունխենյան ակումբը պետք է խփի 4 գոլ և բաց չթողնի ոչ մի գնդակ: Պատասխան խաղը բարդ է լինելու 2 թիմերի համար էլ: Մասնագետները կարծում են, որ 90 րոպեների ընթացքում լինելու է վտանգավոր պահերի և գոլերի հրավառություն:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ մայիսի 12-ին, Երևանի ժամանակով 22:45-ին մյունխենյան ակումբի մարզադաշտ «Ալիանս Արենայում»։ Հանդիպումը կսպասարակի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը: Նրան կօգնեն Սայմոն Բեկը և Ջեյկ Կոլինը, իսկ չորրորդ մրցավարը Ստյուարտ Բերտն է:
Սիրարփի Աղաբաբյան