ՆԱՏՕ-ն շարունակում է բաց պահել Ռուսաստանի հետ շփման խողովակները. Սթոլթենբերգ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն ողջունում է Ռուսաստանի հետ յուրաքանչյուր շփում: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ու պետքարտուղար Ջոն Քերին պայմանավորվել են մոտ ժամանակներս անցկացնել հանդիպում՝ քննարկելու համար կոնֆլիկտային տարբեր իրավիճակների կարգավորման հարցում երկու երկրների հնարավոր համատեղ քայլերը:
Դրա հետ կապված՝ Սթոլթենբերգը հայտարարել է. «Պետքարտուղար Քերիի ու նախարար Լավրովի հանդիպումն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, ինչպես նաև մի շարք դաշնակիցների ու Ռուսաստանի միջև շարունակվող խորհրդակցությունների, քաղաքական շփումների ու երկխոսության մասնիկն է»:
Սթոլթենբերգը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ գործնական համագործակցությունը, սակայն շարունակում է բաց պահել շփման խողովակները: