Ջոն Քերին մեկնում է Սոչի ու Անթալիա. Մարի Հարֆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սոչիում Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցելուց հետո՝ մայիսի 12-ին, խորհրդակցություններ է անցկացնելու ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայում:

Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: Նրա խոսքերով՝ Ջոն Քերին Սոչի կժամանի այսօր, ուր հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտոնատար այլ անձանց հետ.

«Այդ հանդիպումներում քննարկվելու է երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ Իրանը, Սիրիան ու Ուկրաինան: Դրանից հետո պետքարտուղար Քերին կմեկնի Անթալիա՝ խորհրդակցելու համար դաշնակիցների ու գործընկերների հետ, որոնք պատրաստվում են մայիսի 13-ին ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը»:

Հարֆը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարն Անթալիայից վերադառնալու է Վաշինգտոն, ուր մասնակցելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Պարսից ծոցի երկրների առաջնորդների բանակցություններին:

Տեսանյութեր

Լրահոս