Այն զինամթերքը, որը ՌԴ-ն վաճառում է Ադրբեջանին, չպետք է նախատեսված լինի ԼՂ հակամարտության գոտում կիրառման համար. Կազիմիրով
«Ռուսաստանը պետք է պահանջներ դնի Ադրբեջանի առջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ԼՂ-ի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` անդրադառնալով Ադրբեջանին զենք վաճառելու ռուսական քաղաքականությանը և դրա վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած անհանգստություններին:
Դեսպանի կարծիքով` զենքի վաճառքը գոնե պետք է պայմանավորված լինի մի շարք պահանջներով: «Ես չգիտեմ` ինչպես է դա իրականում տեղի ունենում, ինչ պահանջներ են դրվում կամ չեն դրվում, բայց ինձ թվում է, որ այն զինամթերքը, որը վաճառվում է, չպետք է վաճառվի այդ հակամարտության գոտում կիրառվելու նպատակով: Դրանք կարող են նախատեսված լինել ընդհանուր պաշտպանության համար: Պաշտպանական սպառազինությունը մեկ բան է, իսկ հարձակողականն` այլ: Այսինքն` այս հարցերում պետք է հստակություն մտցնել: Ես ենթադրում եմ, որ վաճառքի հարցերի դիտարկման ժամանակ այս հարցերը ևս պետք է քննարկման առարկա դառնան»,- մեկնաբանեց դեսպան Կազիմիրովը:
Ճշգրտող հարցին, թե ռուսական կողմը կարո՞ղ է պահանջներ դնել ադրբեջանական կողմի առջև, նա արձագանքեց, ասելով` «այո»: «Սա իմ անձնական տպավորությունն է: Ես պաշտոնական դեմք չեմ, ես իմ անձնական կարծիքն եմ Ձեզ ներկայացնում ու իմ համոզմամբ` սպառազինության վաճառքը հակամարտության երկու կողմերին, իսկ այդ կողմերը նույնիսկ երեքն են, պետք է պայմանավորել որոշ պահանջներով»,- ասաց Վլադիմիր Կազիմիրովը:
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում, որում նա պարզաբանում է` ինչո՞ւ 21 տարի առաջ` մայիսի 12-ին, կնքված հրադադարը չհաջողվեց վերածել ամուր խաղաղության: