
Ամերիկացի զինվորականները սկսել են փորձարկել քամելեոնի հատկություններով քողարկամիջոցը

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամերիկյան զորքերում սկսել են փորձարկել նոր քողարկամիջոցը, որը զինվորին հնարավորություն է տալիս մարտադաշտում մնալ գործնականում աննկատ:
Տարվա ընթացքում փորձարկվելու են ադապտացվող կամուֆլյաժի 10 տարբերակներ: Քողարկամիջոցը պատրաստված է հատուկ մետանյութից: Դրա պատրաստման ժամանակ օգտագործվել են այնպիսի տարրեր, որոնք հնարավորություն են տալիս բեկել լույսը, վերաուղղորդել էլեկտրամագնիսական ալիքները:
Արդյունքում՝ կոստյումը ձեռք է բերում քամելեոնի հատկություններ՝ ձուլվելով ամեն տիպի շրջակա միջավայրում: Տեղանքին հարմարվող կամուֆլյաժը կարող է արագորեն փոխել իր գույնը և պատկերը՝ կախված զինվորի տեղաշարժից:
Նյութը պահանջում է սնուցման աղբյուրի առկայություն: Քողարկամիջոցն ունենալու է մարտկոց, որը կամուֆլյաժին կապահովի առնվազն 8-ժամյա անխափան աշխատանք: