
Մոսկվայի քաղաքապետարանը հրաժարվել է կանգնեցնել Բորիս Նեմցովի հուշարձանը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի իշխանությունները հրաժարվել են տեղակայել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հուշարձանը:
Մոսկվայի ՝ սոցիալական հարցերով փոխքաղաքապետ Լեոնիդ Պեչատնիկովը հայտարարել է, որ օրենքի համաձայն՝ որևէ գործչի հիշատակը մայրաքաղաքում հավերժացնելը հնարավոր է միայն նրա մահվանից 10 տարի անց, եթե տվյալ հարցում չկա նախագահի հատուկ հրամանը:
Պեչատնիկովը նաև ընդգծել է, որ քաղաքապետարանի այդ որոշումը չունի քաղաքական որևէ ենթատեքստ: Մոսկվայում Նեմցովի հիշատակը հավերժացնելու առաջարկով հանդես էր եկել Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը, ով մարտի վերջին տվյալ հարցով դիմել էր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին:
Տվյալ գաղափարն առաջ է քաշել նաև Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Բորիս Նեմցովը Մոսկվայում սպանվել է փետրվարի 27-ին: