
Այժմ մենք ունենք մանդատ՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերանայման մասին բանակցությունները սկսելու համար. Քեմերոն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության համոզիչ հաղթանակն իրեն տալիս է մանդատ՝ բանակցություններ սկսելու համար ԵՄ-ում Միացյալ Թագավորության անդամության պայմանների փոփոխման շուրջ. «Բնականաբար, դա կլինի բարդ, սակայն այժմ մենք ունենք մանդատ»:
Քեմերոնը խոստացել է հասնել Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների վերանայմանը՝ նախքան միավորմանն անդամության մասին հանրաքվե անցկացնելը: Քեմերոնը պլանավորում է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեն անցկացնել 2017 թվականին, սակայն չեն բացառվում ավելի վաղ ժամկետները:
Քեմերոնը դեռևս ընտրություններից առաջ է մի շարք պահանջներ ներկայացրել ԵՄ-ին, որոնք առնչվում են ներքին միգրացիոն վերահսկողությունը վերականգնելուն, ԵՄ-ի բյուջեում ներդրումներ անելու համակարգը բարեփոխելուն, և այլն: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ-ն բարեփոխելու մասին Քեմերոնի պլանը համարում է անիրագործելի առաքելություն: