
ԱՄՆ Սենատի որոշումը կարող է երկու ամսով հետաձգել միջուկային գործարքի իրագործումը. Արաղչի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի որոշումը կարող է երկու ամսով հետաձգել միջուկային գործարքի իրագործումը: Այս մասին Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին.
«Սենատի միջամտությունը մոտ երկու ամսով միայն դանդաղեցնում է միջուկային գործարքի իրագործումը, սակայն որևէ այլ ազդեցություն չի ունենա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի վրա»:
ԱՄՆ Սենատը նախորդ շաբաթ օրինագիծ էր ընդունել, որն ամերիկացի օրենսդիրներին հնարավորություն է տալիս դիտարկել Իրանի հետ միջուկային գործարքը կամ էլ հրաժարվել դրանից:
Փաստաթուղթը Կոնգրեսին իրավունք է տալիս 30 օրում դիտարկել «Վեցնյակի» ու «Իրանի» միջև արդեն համաձայնեցված գործարքը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային արգելում է չեղյալ հայտարարել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչը նախատեսված է գործարքով:
Վաղը Վիեննայում մեկնարկելու է Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցությունների հերթական փուլը: