Ռուսաստանի համար արտադրված «Միստրալ» ռազմանավերը կարող են վաճառվել Չինաստանին
RBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պատվերով Ֆրանսիայի արտադրած «Միստրալ» տիպի ռազմանավերը կարող են վաճառվել Չինաստանին: Դա կարող է տեղի ունենալ մայիսի 9-15-ին Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նավախմբի կողմից Չինաստանի Շանհայ նավահանգիստ այցի ժամանակ:
Այս մասին հայտնում են չինական ԶԼՄ-ները: Ընդգծվում է, որ «Միստրալ» տիպի ռազմանավերն առաջին անգամ են այցելել չինական նավահանգիստ: Չի բացառվում, որ Չինաստանը կարող է գնել Ռուսաստանի համար արտադրված «Վլադիվոստոկ» ու «Սևաստոպոլ» ուղղաթիռակիրները, որպեսզի հետագայում պատճենի դրանք:
Ընդգծվում է, որ Ֆրանսիան դիտարկում է նաև այդ ռազմանավերը Բրազիլիային, Կանադային, Եգիպտոսին ու Հնդկաստանին վաճառելու հնարավորությունները: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Ֆրանսիան կարող է բաց ծովում ջրասույզ անել այդ ռազմանավերը: