«Արարողակարգի առումով Բայդենի ներկայությունը Ցեղասպանությանը նվիրված աղոթքին կարևոր ներկայություն է». Հայկ Ա. Մարտիրոսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի եզրափակիչ մասը նախօրեին բավականին հետաքրքրական ընթացք ստացավ, թեև այցը սկսվել էր շատ համեստ հանդիպումներով՝ ԱՄՆ Սենատում ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի, հանրապետական Ջոն ՄքՔեյնի և դեմոկրատներ Ջոն (Ջեք) Ֆրենսիս Ռիդի, Ռոբերտ Մենենդեսի հետ։
Սակայն Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին Սերժ Սարգսյանի հետ մասնակցեցին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ստորագրվեց տարիներ շարունակ բանակցված «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է` նպաստել երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի` ԵՏՄ անդամակցության ֆոնին, քանի որ հնարավորություն է տալիս Հայաստանին դիվերսիֆիկացնել առևտուրն ու ներդրումներն ԱՄՆ-ի միջոցով։ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերի ներկայությունը Ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին, ըստ որոշ գնահատականների, ներկայացուցչական բնույթ հաղորդեց Սերժ Սարգսյանի աշխատանքային այցին։
Շրջանառվող տեսակետների համաձայն` ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այցին տրվեց նման բնույթ` որոշակի ազդակներ Մոսկվային փոխանցելու նպատակով, քանի որ ԱՄՆ-ը երկրի երկրորդ դեմքի մակարդակով ոչ բոլոր երկրներին է ուշադրության արժանացնում։
Մեզ հետ զրույցում քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանը մեկնաբանեց այցի կոնտեքստը։ Նա նախ նշեց, որ իր համար այդքան էլ հասկանալի չէ` ինչի՞ վրա է հիմնվում այն ենթադրությունը, որ այցն անպայման ԱՄՆ-ի նախաձեռնությունն է, կամ, եթե այդպես է, ապա հետին մտքեր ունի։ Հայկ Ա. Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ը ու Հայաստանը բարեկամ երկրներ են, և հասկանալի է, որ հարյուրամյակին անգամ Ցեղասպանության չճանաչումն ինչ-որ բանով պետք է ինչ-որ մի կերպ մեղմվեր։
«Չգիտեմ նաև, թե ինչ հիմքով էին պնդումներ արվում, թե Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների չի հանդիպելու։ Թեև, հանուն արդարության, հանդիպում` դասական առումով, այդպես էլ տեղի չի ունեցել։ Մասնակցությունը միջոցառումներին հանդիպում չէ պաշտոնական արարողակարգում։ Ինչ վերաբերում է փոխնախագահ Բայդենին, ապա փոխնախագահն ԱՄՆ-ում մեծապես արարողակարգային դեմք է, և արարողակարգի առումով սա կարևոր ներկայություն էր։ Բացի այդ, փոխնախագահ Բայդենը հայ ժողովրդի բարեկամներից է և սկզբունքային գործիչ, ով չէր կարող անտեսել Ցեղասպանության կոնտեքստը։ Ինչ վերաբերում է Փաուերին, ապա ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության և ընդհանրապես ցեղասպանությունների բավական հայտնի մասնագետ է և նույնպես հայության բարեկամ, և նրա բացակայությունն Ազգային տաճարից` նկատելի կլիներ»,- ասաց Հայկ Ա. Մարտիրոսյանը։
Անդրադառնալով հակառուսական հայտարարություններով սովորաբար աչքի ընկնող սենատորների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը` Հայկ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ այդ հանդիպումների կազմակերպման տրամաբանությունն իր համար լիովին անմեկնելի է։ «Վերոնշյալ սենատորների մի մասը «բազեներ» են, որոնց գործողություններն ու լոբբինգը ոչ միայն հակառուսական են, այլև հաճախ հակասում են հենց ամերիկյան շահերին, թեև իրենք իրենց մեծագույն հայրենասերներ են ներկայացնում։
Զոն ՄքՔեյնը, օրինակ, ընդհանրապես ԱՄՆ նախագահի ոխերիմ քննադատն է, ինչպես նաև` Ադրբեջանի ամենախոշոր և կարևոր լոբբիստներից մեկը Վաշինգտոնում։ ՄքՔեյնը նաև Արաբական միապետների լավագույն բարեկամն է, և սկզբունքը, որով նա ներգրավվել է նախագահին հանդիպողների շրջանակում` ինձ համար մնում է անհասկանալի։ Գուցե պատճառներ կան, որոնք այդքան էլ թափանցիկ չեն, հետևաբար` կռահման անշնորհակալ գործից ես զերծ կմնամ այս պարագայում»,- նշեց Հայկ Ա. Մարտիրոսյանը։