Ցեղասպանության շուրջ լարվածությունը կարող է բարդացնել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները. Zaman

Ապրիլի 30-ին թուրքական Zaman թերթում հրապարակվել է Ֆարուք Աքքանի «Ցեղասպանության շուրջ լարվածությունը կարող է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Անկարայի ու Մոսկվայի միջև նախկինում էլ գոյություն ունեցած վեճերին հավելվել է նոր խնդիր: Ցեղասպանության շուրջ լարվածությունը կարող է խաթարել բազմակողմ գործընկերության հանդեպ երկու երկրների ձգտումը, ինչն առաջին հերթին վերաբերվում է էներգետիկ ոլորտին:

Հետագա լարվածության մեծացում թույլ չտալու համար երկու մայրաքաղաքները պետք է գործեն ավելի պատասխանատու ձևով: 1915 թվականի դեպքերի 100-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ երկրների կողմից հայերի դիրքորոշմանն աջակցելը հարուցեց Թուրքիայի կտրուկ արձագանքը:

Թուրքիան Վատիկանի, Գերմանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հայտարարություններից հետո արտաքին քաղաքականության ոլորտում անցում է կատարել ավելի կոշտ քաղաքականության: Ցեղասպանության շուրջ բանավեճերի պատճառով բարդացել են հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ:

Կարդացեք նաև

Ապրիլի 23-ին Մոսկվայում կազմակերպված հանդիպման մասնակիցներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում ցեղասպանություն բառի կիրառումը, Երևանում կազմակերպված միջոցառումներին Ռուսաստանի նախագահի ներկայությունն ու ապրիլի 24-ին ցեղասպանության վերաբերյալ ՌԴ Պետդումայի հայտարարությունը առաջացրին Անկարայի դժգոհությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ը կտրականապես դատապարտեց Ռուսաստանին, նախագահ Թայյիփ Էրդողանն ընդգծեց, որ հիասթափված է Պուտինի այդ քայլից և հիշեցնելով Ղրիմի մասին` Ռուսաստանին կոչ արեց հայացք նետել սեփական պատմության վրա:

Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լարվածությունն աճեց, իսկ փոքր քայլերով բազմավեկտոր գործընկերությանը գնացող Անկարայի ու Մոսկվայի միջև արտաքին քաղաքական ոլորտում առկա խնդրահարույց ոլորտներին հավելվեց նորը:

Երկու մայրաքաղաքների միջև հարաբերություններում նախկինի նման կան փխրուն խնդիրներ` կապված Սիրիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հյուսիսային Աֆրիկայի, Ուկրաինայի հետ:

Չեն օգտագործվել թուրքական համայնքի ռեսուրսները

 

1915 թվականի դեպքերի հարցում Ռուսաստանն աջակցում է Երևանի քաղաքականությանը` ելնելով սեփական ազգային շահերից: Հայաստանում է գտնվում Ռուսաստանի խոշորագույն ռազմաբազաներից մեկը:

Հայաստանը երաշխավորում է Կովկասում Ռուսաստանի ներկայությունը: Այդ երկիրը Ռուսաստանին անհրաժեշտ է տարածաշրջանում իր դիրքերը պահպանելու համար` այդ թվում նաև նրա կողմից ադրբեջանական տարածքների վերահսկման միջոցով:

Ռուսաստանում բնակվող հայերը, որոնց թիվը կազմում է ավելի քան երեք միլիոն մարդ, արդյունավետորեն լոբբինգի են ենթարկում իրենց շահերը: Երկու փոխկապակցված երկրները երրորդ երկրների առջև նախապատվությունը տալիս են միմյանց:

Միևնույն ժամանակ Անկարան կարող էր կանխել Մոսկվայի հետ հարաբերությունները` ընտրելով ճիշտ ռազմավարություն այն ժամանակ, երբ 1915 թվականի դեպքերի շուրջ վերահաս ճգնաժամի մոտալուտն արդեն իսկ լսելի էր:

Ռուսական շուկայում աշխատում է ավելի քան երեք հազար թուրքական ընկերություն: Նրանք ստեղծում են ավելի քան 100.000 աշխատատեղ: Կան կազմակերպություններ, որոնք գործում են թուրքական համայնքի ակտիվ մասնակցությամբ: Կարող էր որոշակի աշխատանք իրականացվել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը:

Այն ժամանակ, երբ ռուսական փողոցներն ու պողոտաները հեղեղվել էին Հայաստանի դիրքորոշման մասին ազդարարող պաստառներով, չկար Թուրքիայի թեզիսի որևէ պարզաբանում, ոչ մի գրքույկ: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի մոսկովյան այցը տեղի ունեցավ չափազանց ուշ և չհասավ իր նպատակին:

Էրդողանի համառությունն առաջացրեց հակառակ արձագանք

Երբ նախագահ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդին հրավիրեց ապրիլի 24-ին գտնվել Չանաքքալեում, դրանով իսկ նա Կրեմլին կանգնեցրեց փաստի առջև: Երևանը Պուտինին հրավիրել էր Անկարայից շատ ավելի վաղ: Եթե Չանաքքալեի ծրագիրը տեղի ունենար մեկ շաբաթ առաջ կամ էլ որևէ այլ օր, ապա ավելի մեծ կլիներ Պուտինի մասնակցության հավանականությունը:

Պետք է ընդգծել Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունում, որում նա հաստատեց Երևանի միջոցառումներին Պուտինի մասնակցությունը: Տվյալ հայտարարությունն արվեց այդ այցից միայն մեկ շաբաթ առաջ:

Պուտինի դիրքորոշման վրա կարող էր ազդել ոչ միայն Չանաքքաելի հարցում Էրդողանի համառությունը, այլև` այն, որ Թուրքիայի նախագահը չպատասխանեց նացիստական Գերմանիայի դեմ պատերազմում տարած Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու մասին Կրեմլի արած հրավերին:

Երկուշաբթի Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ չնայած Էրդողանի հայտարարությանը` Ռուսաստանը հույսեր է կապում Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա զարգացման հետ:

Մինևույն ժամանակ այն փաստը, որ արդեն հաջորդ օրն իսկ Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում հրապարակվում է ցեղասպանություն բառի կիրառմամբ հայկական կողմին հասցեագրված հեռագիր, վկայում է, որ Մոսկվան մտադիր չէ գնալ զիջումների:

Երկկողմ հարաբերությունների երաշխիքի դերքում կարելի է դիտարկել այն հսկա նախագծերը, ինչպիսիք են Աքքույուի ատոմակայանը, «Թուրքական հոսք» գազատարը, ավելի քան 30 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությունն ու Թուրքիա այցելող ավելի քան 4 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկների այցը:

Բայց որպեսզի քաղաքական ոլորտում առկա լարվածությունը չարտացոլվի մնացյալ ոլորտներում, հատկապես տնտեսական խնդիրների ժամանակաշրջանում, երկու երկրների շահերից է բխում ավելի պատասխանատու ձևով գործելը»:

Տեսանյութեր

Լրահոս