Ըստ վարչապետի՝ կառավարությունը պատրաստ է պատասխանել պատգամավորների ցանկացած՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր հարցի
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է կառավարությանը հարցով դիմելու ժամանակ հնարավորություն տալ նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր, այնուհետև՝ գրավոր հարցերը, քանի որ երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից: Կառավարության եզրակացության նախագիծը բացասական էր, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է հարցի լուծումը թողնել պատգամավորների հայեցողությանը՝ այն պատճառաբանությամբ, որ կառավարությունը պատրաստ է պատասխանել պատգամավորների ցանկացած՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր հարցի: «Ինչ որոշում էլ կայացնի Ազգային ժողովը, մեզ համար ընդունելի կլինի», – հավելել է վարչապետը: