Ջրծաղիկից մահացած զինծառայողի հայրը չէր ներկայացել դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կրկին հետաձգվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հոր՝ Մովսես Խաչատրյանի բողոքի քննությունը։ Զինծառայողի հայրը, ով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել, դատարան չէր ներկայացել։
Նախագահող դատավորն ասաց, որ տուժողի իրավահաջորդի չներկայանալու վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն ստացել։ Կարծիք հայտնելով տուժողի իրավահաջորդի բացակայությամբ դատական նիստը շարունակելու մասին՝ մեղադրողն ասաց, որ նախորդ դատական նիստի ավարտից հետո տուժողի իրավահաջորդը հայտարարել է, թե չի ներկանալու հաջորդ դատական նիստին, և նրա հիմնական պատճառաբանությունն այն էր, որ դատական նիստը ձգձգվում է։
Նրա խոսքով՝ ամենաշահագրգռված անձը, որ պետք է ներկայանար դատական նիստին, հենց տուժողի իրավահաջորդն է, քանի որ հենց նա է բողոք ներկայացրել, սակայն տեղյակ լինելով դատական նիստի տեղի, օրվա, ժամի մասին, չի ներկայացել։ Մեղադրողն ասաց, որ վերաքննիչ դատարանում գործը քննվում է վճռաբեկության կարգով, և հնարավոր է նրա բացակայությամբ հրապարակել բողոքը, լսել դրա վերաբերյալ ներկայացված պատասխանները։
Ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ համակարծիք է մեղադրողի հետ. քանի որ դատարանը որոշել է քննություն կատարել վճռաբեկության կարգով, նիստը կարող է շարունակվել։ Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը. հաջորդը տեղի կունենա մայիսի 12-ին։