Թուրքիան պետք է պաշտոնապես ընդունի Ցեղասպանությունն ու կատարի բոլոր պահանջները. թուրք ակտիվիստներ
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունումը երկարատև գործընթացի սկիզբն է, որի արդյունքում կտրականապես պետք է փոխվի թուրք մարդու պատմական գիտակցությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցադրմանը, նշեց թուրքական «Դուր Դե» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լևենտ Շենսևերը:
Նրա պնդմամբ` թուրքական հասարակական կազմակերպությունների ճնշումներն ու միջազգային հանրության ուշադրությունը կարող են ստիպել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանության փաստն ու կատարել հայկական կողմի պահանջները:
«1915-2010-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման որևէ միջոցառում չի իրականացվել: 2010-ին մենք առաջին անգամ Թաքսիմում կազմակերպեցինք բոլորի համար հասանելի միջոցառում: Այս տարի 6-րդ անգամ էր: Իհարկե, Ցեղասպանության հիշատակման օրն ապրիլի 24-ին էր, բայց միայն այդ օրով չենք սահմանափակվում: Այս տարվա` 100-րդ տարելիցի ցույցի մասնակիցների թվաքանակն ավելին էր, քան մենք կարող էինք ակնկալել: Ամբողջ օրվա ընթացքում 6-7 հիշատակման արարողություն է անցկացվել: Լրատվամիջոցների կողմից հետաքրքրությունը շատ մեծ էր այդ միջոցառումների հանդեպ»,- ընդգծեց Լևենտ Շենսևերը:
Նրա խոսքով` թուրքական կառավարության կողմից Գալիպոլիի միջոցառումները , նախաձեռնելու նպատակն էր Հայոց ցեղասպանության թեմայից շեղել ուշադրությունը, և «Դուր Դե»-ն փորձել է քայլեր ձեռնարկել դրա դեմ: «Մեր պահանջն այն է, որ Թուրքիան պաշտոնապես ընդունի Հայոց ցեղասպանությունն ու բոլոր պահանջները կատարի` կապված հատուցման հետ»,-նշեց նա` հավելելով, որ թուրք ժողովրդի մոտ աստիճանաբար իր պատմության վերաբերյալ հարցադրումներ են առաջանում:
Անդրադառնալով Ստամբուլում բողոքի ցույցերից մեկի մասնակիցների նկատմամբ ոստիկանների կողմից ուժ գործադրելուն ու այն փաստին, որ բողոքի ակցիաներն անխոչընդոտ չեն անցում, Լևենտ Շենսևերը պատասխանեց. «Ճնշում, իհարկե, կա, եթե հատկապես քրդերն են կազմակերպում նման միջոցառումներ: Ագելքներ լինում են»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի կողմակիցների թվաքանակին, ապա թուրք ակտիվիստը նշեց, որ հստակ թվի չի տիրապետում, բայց կարծում է, որ վերջին տարիներին նրանց թիվը շատացել է ու հասարակության 10 տոկոսից ավելին կողմ է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը:«Քրդերի դեպքում 100-ից 90 տոկոսը կողմ է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի: Մուսուլմանների շրջանում ընդունվում է, որ Ցեղասպանություն եղել է, բայց հենց պահանջատիրության խնդիրն է բարձրացվում, հարցը փակվում է»,- նշեց բանախոսը:
Եվրոպական հասարակական հակառասիստական շարժում` EGAM նախագահ Բենջամին Աբթանն էլ նշեց, որ տարվում է արդարության հաստատմանն ուղղված քարոզարշավ: Նա խոսեց այն միջոցառումների մասին, որոնք ապրիլքսանչորսյան օրերին իրականացան Թուրքիայում, մասնավորապես, Ստամբուլում: «Ցեղասպանության ժխտումը մասն է այդ գործողության: Պայքարել ժխտողականության դեմ, նշանակում է պայքարել ռասիզմի դեմ, հետևաբար, նաև հավասար ու արդար հասարակության ստեղծման համար»,- հավելեց նա:
Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի կառույցն արդեն երրորդ տարի է, համագործակցելով Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանների, մտավորականների, քաղաքացիական հասարակության անդամների հետ, ինչպես նաև եվրոպական համանման կառույցների հետ՝ Ստամբուլում կազմակերպում է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն:
Ավանդույթի համաձայն` ակտիվիստները ստամբուլյան ցույցերից հետո գալիս են Հայաստան` Ծիծեռնակաբերդում հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: