«Նոր Ալիք» մրցույթում Հայաստանը կներկայացնի Գրիգոր Կյոկչյանը
Արդեն հայտնի է, թե ով է այս տարի ներկայացնելու Հայաստանը «Նոր Ալիք» («Новая волна») ամենամյա երաժշտական միջազգային մրցույթին: Ի դեպ, այդ մասին տեղեկացրել է հենց մասնակիցը՝ 27-ամյա երգիչ Գրիգոր Կյոկչյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
«Բա չիմացաք… Կիրակի օրով ուզում եմ Ձեզ հետ կիսել իմ ուրախությունը: Այս տարի «Նոր Ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ հենց ես»,- կիրակի օրով մեզ հետ իր ֆեյսբուքյան գրառումով կիսվել էր Գրիգորը: Թե ո՞վ և որքա՞ն է ուրախացել՝ այս լուրն իմանալով, դա արդեն Գրիգորը կիմանա, սակայն մրցույթի հետ առնչվող որոշ հարցերի շուրջ զրուցելով Գրիգորի հետ, մի բան պարզ էր՝ երգիչն ամեն ինչ ինքնուրույն է արել:
– Գրիգոր, ինչպե՞ս է այս տարի կատարվել «Նոր Ալիք» մրցույթի հայաստանյան ներկայացուցչի ընտրությունը:
– Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս ընդունվել են հայտեր: Այնուհետև կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու համար Մոսկվա են հրավիրել ուժեղագույններին, որոնց թվում էին նաև ռուսական «Գոլոս» նախագծից հաջողակ հայ երգիչներ: Ի վերջո, ընտրեցին ինձ:
– Քանի՞սն են եղել թեկնածուները, և ովքե՞ր էին ընտրություն կատարում:
– Ինչպես և ամեն տարի՝ ընտրությունը կատարում է ժյուրին՝ մրցույթի կազմակերպիչները՝ Ալեքսանդր Ռևզին, Իգոր Կրուտոյ, Մաքս Ֆադեև, Լեոնիդ Ագուտին, Ալեքսանդր Ռումյանցև, Ալեսանդրո Սաֆինա… Ինչ վերաբերում է մասնակիցներին, ասեմ, որ վերջում մնացել էինք ես, Արծվիկ Հարությունյանը, Սամվել Վարդանյանը:
-Դեռևս անցյալ տարի մրցույթի կազմակերպիչները որոշել էին, որ «Նոր Ալիք» մրցույթն այլևս չի անցկացվելու Յուրմալա քաղաքում: Այն, ըստ կազմակերպիչների, այսուհետ տեղափոխվելու էր Սոչի: Այդպե՞ս է:
– Այո, այս տարի մրցույթը տեղափոխվում է Սոչի և այսուհետ կլինի հենց այնտեղ: Սոչին Օլիմպիական քաղաք լինելով՝ ավելի մեծ հնարավորություններ ունի:
– Երգի ընտրությունն արդեն կատարվա՞ծ է: Ի՞նչ երգով եք հանդես գալու:
– Ես, մի քանի ժամ է, ինչ վերադարձել եմ Հայաստան: Դեռ չկա երգի ընտրություն: Մինչ այս պահն ամեն ինչ արել եմ ինքնուրույն: Դեռ մնացածը պարզ չէ:
– Հետաքրքիր է, թե ի՞նչ երգով եք շահել ժյուրիի անդամների սիրտը:
– Hozier «Take me to church» և BoneyM «Sunny» երգերի կատարումներով: