Տարոն Մարգարյանը հանդիպել է Ամմանի գործընկերոջ հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջիի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու և ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:
Տարոն Մարգարյանը նկատել է, որ Ամմանի քաղաքապետի այցով երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն համագործակցության շրջանակները:
«Հայ-հորդանանյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, որոնք ոչ միայն գործնական են, այլև բարեկամական: Դրա խոսուն ապացույցն է նաև արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը: Հաշվի առնելով մեր պետությունների օրինակը՝ համոզված եմ, որ մենք երկու մայրաքաղաքների միջև ևս էլ ավելի կամրապնդենք ու կզարգացնենք երկուստեք փոխգործակցությունն ու բարեկամությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջին էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնակի կարևորելով երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը, ընդգծել է, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է՝ քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: «Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու մայրաքաղաքների միջև արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով, և պետք է ընդգծեմ, որ մենք ևս շահագրգիռ ու պատրաստակամ ենք Երևանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հարցում: Նաև Ձեր ուղեկցությամբ, պարոն քաղաքապետ, ես հնարավորություն ունեցա շրջելու Երևանում և պետք է խոստովանեմ, որ տեսա իսկապես բարեկարգ, խնամված ու հարմարավետ քաղաք: Եվ թեկուզ հենց այս տեսանկյունից մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններ ծավալելն ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումներ ունենալը»,- նշել է Ամմանի քաղաքապետը:
Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում երկու երկրների նախագահների ներկայությամբ Երևանի և Ամմանի միջև ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը, ընդգծել է, որ այն հնարավորություն կտա իրականացնելու իսկապես փոխշահավետ համագործակցություն՝ ի բարօրություն երկու մայրաքաղաքների բնակիչների:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն