«Իսլամական պետությունը» հաստատել է իր ղեկավարի մահն ու նոր «խալիֆ» ընտրելը. մամուլ
Իրաքյան Waradana լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետության» հրամանատարները հաստատել են խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը, ով մի քանի օր առաջ վիրավորվել է ամերիկյան ավիահարվածի ժամանակ:
Նա մահացել է Սիրիայի Ռաքքահ քաղաքում իր բժշկի ձեռքերի վրա, ուր նա բերվել է վիրավորվելուց հետո: Այս մասին հայտնել է Ռաքքահում իրաքյան գործակալության աղբյուրը:
ԻՊ-ի հրամանատարները հինգշաբթի Իրաքի Մոսուլ քաղաքում հավատարմության երդում են տվել նոր «խալիֆ» Աբու Ալյա Ալ-Աֆրիին: Երդմնակալության արարողությունն անցկացվել է Մոսուլի հարևանությամբ ընկած Տալաֆարե քաղաքում գտնվող «Սադդամ» խոշոր մզկիթում:
Իրաքյան ԶԼՄ-ներում և սոցցանցերում գրում են, որ ԻՊժի նոր ղեկավար Աբդուռահման Մուսթաֆա Ալ Շեյհլարը, ով ստացել է Աբու Ալյա Ալ-Աֆրի անունը, մինչ այս աչքի է ընկել աննախադեպ դաժանությամբ: Ժամանակին նա եղել է ֆիզիկայի ուսուցիչ, ինչպես նաև ուսումնասիրել է աստվածաբանություն: