Բաժիններ՝

Ցավդ տանեմ. եկե՛ք մենք էլ մեր վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը. Արսեն Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել Facebook-ի իր էջում.

«Ցավդ տանեմ:

Ամեն տարի նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այսօր 2015 թվականի ապրիլի 24-ն է` աղետալի իրադարձությունների 100-րդ տարելիցի օրը: Եվրոպական խորհրդարանը եվրոպական օր է հայտարարել ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Եվրոպան հիշում է 1.5 միլիոն սպանված, տանջված, սովից մահացած հայերին, որոնց միակ մեղքը մարդասպանների առջև եղել է «սխալ» ազգությունն ու«սխալ» հավատը: Դա եղել է մանրակրկիտ ծրագրված ու պլանավորված սպանություն, որը տևել է երկու տասնամյակ:

Քառորդ դար անց Հիտլերը հռետորական հարց տվեց. «Այսօր ո՞վ է հիշում հայերի ոչնչացման մասին»: Պատասխանը դարձավ Հոլոքոսթը: Հայոց ցեղասպանությունը միայն մեկ ժողովրդի աղետ չէ: Դա սարսափելի և դժբախտաբար դեռ չյուրացված դաս է ողջ մարդկության համար: Ցայժմ որևէ երկիր, որևէ ժողովուրդ ապահովագրված չէ աղետի կրկնումից:

Ուկրաինուհի լեգենդար բանաստեղծ Լինա Կոստենկոն հիանալի բանաստեղծություն է գրել, որը վերնագրված է «Ցավդ տանեմ»: Դա նշանակում է. «Քո ցավը վերցնեմ ինձ վրա»: Եկե՛ք մենք էլ մեր վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, որպեսզի հիշողության միջոցով երբևէ չկրկնվեն աղետները:

Ցավդ տանեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս