«Ոչ թե տարիների, այլ արդեն ամիսների հարց է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումը»
Երևանում հաստատված և ձեռնարկատիրություն ղեկավարող սիրիահայ գործարար Հրայր Ագիլյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա թուրքական գլխավոր թերթերի դիրքորոշումներն արդեն շատ բան են ասում Թուրքիայի ղեկավարության հետագա քայլերի մասին:
Ըստ Հրայր Ագիլյանի՝ այն աջակցման արշավը, որ այս օրերին ընթանում է աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ` Ցեղասպանության ճանաչման առթիվ, տանում է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը:
«Շատ հպարտալի զգացում է այսօր տիրում ամեն հայի սրտում, երբ տեսնում է, որ քաղաքակիրթ աշխարհի մոտ 70 տոկոսն իր հետ է:
Հպարտ ենք, որ 100 տարի հետո մենք կարողացանք այսքան երկրի, այսքան ժողովրդի, այսքան մարդու, այսքան նախագահի համոզել, որ եղել է Հայոց ցեղասպանություն, և ոչ միայն՝ համոզել, այլև ` նրանց բերանով լսել այդ մասին: Նրանք խոստովանել են այդ մասին և այսօր բաժանում են մեր ցավը:
Այս ամեն ինչից հետո ես կարծում եմ, որ արդեն ոչ թե տարիների, այլ ամիսների հարց է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը: Թուրքիան խոստովանելու է իր կատարած հանցանքը, արդեն հաջորդ քայլը դա է: Մենք դրան արդեն շատ երկար չենք սպասելու, որովհետև այսօր առավոտյան թուրքական թերթերում էլ տեսա, գոնե երեք-չորս թերթ 100 տոկոսով իրենց կողմնակցությունն են հայտնել հայերին և ուղղակի հստակ հայտարարություններ են արել:
«Ջումուրիեթ» և «Ռադիկալ» թերթը, որ հաստատ ընդունել են Ցեղասպանության փաստը և նույնն էլ իրենց երկրի քաղաքացիներից էին պահանջում:
Երեկվա և այսօրվա բոլոր իրադարձություններն ամեն ինչ բացահայտեցին, օտարերկրյա հյուրերն ու նախագահներն էլ տեսան, որ հավաքված հազարավոր բազմությունը 1,5 միլիոն զոհի ժառագներն են, որ սգում են և ոգեկոչում: Այս օրերի բոլոր նկարներն ամեն ինչ ասում են արդեն»,- ասաց Հրայր Ագիլյանը: