Ամենահուզիչը Ֆրանսուա Օլանդի ելույթն էր. Արամ Կարապետյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառման ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստան ժամանած 4 երկրների նախագահներից ամենահուզիչը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթն էր: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: «Օրվա խորհրդի հետ կապված ամենաէմոցիոնալ ելույթն Օլանդի ելույթն էր, առանց մարդկային հատկանիշների այս ամեն ինչն ընկալել և դատապարտել հնարավոր չէր:

Նրա ելույթն իր մեջ ամփոփում էր հայ ժողովրդի ցավը, քանի որ Ֆրանսիայում 1915 թ.-ից հետո ձևավորված գաղութը մեծ դերակատարություն էր ունեցել Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային կապի տեսանկյունից: 1915թ.-ին կատարվածը նա ամենալավը փոխանցեց»,- ասաց Ա. Կարապետյանը: Նրա խոսքով, մյուս ելույթներն ավելի քաղաքական էին: Միևնույն ժամանակ նա նշեց, որ Ֆրանսուա Օլանդը և Վլադիմիր Պուտինը չօգտագործեցին «ցեղասպանություն» բառը, քանի որ աշխարհն այս հարցում դեռ զգուշավոր է. «Մարդիկ հաշվի են նստում թե՛ միջազգային հանրության արձագանքների, թե՛ Թուրքիայից սպասվող արձագանքների հետ»: Անդրադառնալով Թուրքիայում անցկացվող Գալիպոլիի միջոցառումներին, Ա. Կարապետյանը նշեց.

«Միջազգային հանրության համար մի բան պարզ է, որ Թուրքիան ցույց տվեց, որ Գալիպոլիի միջոցառումները ձեռնարկվել են ապրիլի 24-ի տարելիցից աշխարհին շեղելու համար: Եթե այս տոնակատարություններն այդքան հստակ էին, հարց է առաջանում, այդ դեպքում ինչո՞ւ էին հետ կանչում իրենց դեսպաններին: Թուրքիան չկարողացավ փաստարկված ապացուցել աշխարհին, թե ինչու հայերի ցեղասպանությունը չի ճանաչում և դատապարտում: Աշխարհը տեսավ, որ միակ փաստարկը Գալիպոլին է»,- ասաց նա: Վերջինիս կարծիքով, այսօր Հայաստանը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված ավելի շահեկան դիրքերում է, քանի որ 80-ականերից հետո սա առաջին ուժեղ շարժումն էր: «Չպետք է Թուրքիայի հետ արձանագրություններ ստորագրվեին, եթե դրանք չլինեին, այսօր ԱՄՆ-ն էլ կընդուներ Ցեղասպանությունը»,- ասաց Արամ Կարապետյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս