Արցախում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ստեփանակերտի հուշահամալիրում այսօր հավաքվել էին հազարավոր արցախցիներ՝ հարգելու ուղիղ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հուշահամալիր են այցելել նաեւ ԼՂՀ իշխանությունները՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ովքեր մասնակցել են նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված զանգակատուն-հուշակոթողի բացման արարողությանը:
Իր խոսքում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշել է.
«Մենք գիտենք, որ արդարության, ազատության համար ի զեն պիտի կանգնես՝ նախ եւ առաջ ինքդ քո վրա հույսդ դնես, քո Աստծո եւ քո ազգի վրա։ Եւ մեր ուխտն է, որ պիտի պաշտպան կանգնենք մեր կյանքին, ցեղասպանության ճանաչմանը, արցախի հարցի արդարցի լուծմանը։
Այո արդարությունն էլ իր պաշտպանների կարիքն ունի, իր մարտիկների կարքն ունի եւ մենք չենք ընկճվելու, չենք հոգնելու հանուն Աստծո։Ցեղասպանություն անողները Աստծո դեմ են մեղք գործում։Կյանքը Աստծո պարգեւն է, ազատությունը անձեռնմխելի է Աստծո համար, ազգը, լեզուն Աստված է ստեղծել, ո՞վ իրավունք ունի դա ջնջել՝ ոչ ոք։ Մենք էլ Ձեզ հետ Աստծո զինվորն ենք, եւ այսօրվանից հետո մենք չենք սգալու, հիշելու ենք ողբեգությունը, բայց այսպիսի արարողությամբ ամեն անգամ ոգեկոչելու եք մեր սուրբ նահատակներին։
Մեր մաղթանքն ու աղոթքն է, որ մեր սրբերի մասունքները հանգիստ հանգչեն ազատ, հերոսական Արցախի հողում՝ իրենց նահատակ զավակների մասունքների կողքին։ Թող մեզ համար բարեխոսեն, մենք էլ Ձեզ հետ ամեն անգամ ուխտաբար խոնարհվելով բոլոր նահատակների առջեւ ասենք՝ մենք անշեղ ենք արդարության ճանապարհից»։