Մենք չէինք կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացներից. DEMYC նախագահ

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի ապրիլի 24-ի հավաքի ընթացքում 16 երկրից ժամանած 50 երիտասարդներ քննարկեցին Հայոց ցեղասպանության թեման։

Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության ղեկավար, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթության մեջ, անդրադարձավ ցեղասպանությունների կանխարգելմանը։

Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց ցեղասպանությունը՝ որպես հանցագործություն, ըստ միջազգային իրավունքի մինչև Ցեղասպանության կոնվենցիայի ընդունումը և դրանից հետո, անդրադարձավ ցեղասպանությանը՝ որպես սոցիալական ֆենոմենի և դրա արգելմանը միջազգային իրավունքում։ Պարոն Վարդանյանը խոսեց ցեղասպանության հայեցակարգի զարգացման, Ցեղասպանության կոնվենցիայի մշակման և ընդունման հիմնահարցերի մասին՝ այդ ամենը ներկայացնելով Հայոց ցեղասպանության դատապարտման, ճանաչման համատեքստում։

Վլադիմիր Վարդանյանը կարևորեց երիտասարդների տեղեկացվածությունը Հայոց ցեղասպանության մասին. «Համամարդկային համատեքստում տեղակացված լինելը մեծ նշանակություն ունի ընդհանուր կանխարգելման տեսանկյունից, իսկ իրավական համատեքստում ցեղասպանության հանցակազմի և դրա տարրերի իմացությունը կօժանդակի հետագայում քաղաքական և այլ հարցերով զբաղվող ակտիվ երիտասարդներին ճիշտ որակում տալ այս կամ այն արարքին։ Ցեղասպանության հանցակազմի հիմնահարցի և դրա շրջանակներում Հայոց ցեղասպանության փաստական հանգամանքների ու դրա նկատմամբ կիրառելի միջազգային իրավունքի իմացությունը թույլ կտա մեզ ավելի հասկանալի և ընկալելի դառնալ եվրոպական համայնքի, եվրոպական կառույցների համար»։

DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան նշեց, որ DEMYC-ը 50 տարվա ընթացքում բազմաթիվ ակցիաներ է անցկացրել, որոնք միտված են երիտասարդներին տեղեկացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի ուժի մասին։ Բնականաբար, DEMYC-ը չէր կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացներից։ «Ճիշտ է, որ մենք այս օրերին այստեղ լինենք, և մեզ հետևող միլիոնավոր երիտասարդների տեղեկացնենք այդ մասին։ Մենք հետևորդներ ունենք ամբողջ Եվրոպայում և Միջին Արևելքում, և սա նաև կոչ է, որպեսզի Թուրքիան ու ԱՄՆ-ն նույնպես ընդունեն Ցեղասպանության փաստը»,- նշեց եվրոպական կազմակերպության նախագահը։

«Երիտասարդ Լիկուդ»-ի (Young Likud) անդամ, Իսրայելը ներկայացնող Մորան Փելեգը տեղեկացված է Հայոց ցեղասպանությունից։ Ասում է, որ գիտի՝ շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը։ Մորան Փելեգը նշում է, որ ցեղասպանությունը սարսափելի երևույթ է և պետք է ամեն ինչ արվի այն կանխարգելելու համար։

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն

Տեսանյութեր

Լրահոս