Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարարին

Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրի հետ, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում էր Կանադայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Կանադայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, և կարևորեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում Կանադայի կողմից գործադրվող ջանքերը:

Նախարար Ալեքսանդրը նշեց, որ իր համար մեծ պատիվ է՝ ներկայացնելու Կանադայի կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, և ընդգծեց, որ Կանադայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի, այդ համատեքստում բարձր գնահատեցին Հայաստանի և Կանադայի խորհրդարաններում միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, որոնք լրացուցիչ լիցք են հաղորդում հայ-կանադական հարաբերություններին: Հանդիպմանը քննարկվեց երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը։ Անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանն ու Քրիս Ալեքսանդրը մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս